Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 14,2000 00:00

ՓՈԽՎԵՑ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ Շաբաթ օրը Լեւոն Բարխուդարյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։ Նրա փոխարեն նախարար նշանակվեց՝ Վարդան Խաչատրյանը՝ ժամանակից շուտ վայր դնելով պատգամավորական մանդատը եւ փաստորեն առայժմ թափուր թողնելով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահի աթոռը։ Երեկ մեզ հետ հեռախոսային զրույցի ժամանակ արդեն էքսնախարար Լեւոն Բարխուդարյանն ասաց, որ առկա բյուջետային պարտքերը, բնականաբար, լարվածություն են ստեղծում, սակայն տրվել է այն, ինչ ստացվել է։ Լեւոն Բարխուդարյանի խոսքերով. «ստացել ենք քիչ, տվել ենք քիչ»։ Մեր հարցին՝ անձերի փոփոխությամբ հարցերը լուծելի՞ են դառնում, Լեւոն Բարխուդարյանը պատասխանեց, թե անձերի փոփոխությամբ հարցը չի լուծվում, բայց փոփոխությունը թարմություն է մտցնում։ Ըստ պրն Բարխուդարյանի, ցանկացած նախարար մի քանի ամսվա «վստահության պաշար» ունի։ Իսկ մինչ այժմ կատարած աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի դեկտեմբերին լուծել աշխատավարձերի եւ կենսաթոշակների մասով պարտքերի հարցը, որը կթեթեւացնի առկա լարվածությունը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նորընծա նախարար Վարդան Խաչատրյանին ներկայացնելիս, երեկ առավոտյան վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց, թե նոր նախարարը տեղյակ է ոլորտին, ունի աշխատանքային փորձ։ Վարչապետը նաեւ նշեց, որ Լեւոն Բարխուդարյանը ստեղծել է այն նախադրյալները, որ մինչեւ տարվա վերջ բոլոր պարտքերը կվերադարձվեն։ Իր հերթին Վարդան Խաչատրյանը խոստացավ, թե «հեղափոխություն չի լինի» եւ, որ ինքը շարունակելու է նախորդի աշխատանքը։ Սա ֆինանսների ոլորտի համեմատաբար թա րմ տեղեկությունն է, իսկ հինն այն էր, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում առավել շատ հիշատակվում էր նաեւ Արմեն Դարբինյանի անունը։ Այս բանը տեղի չունեցավ։ Չի բացառվում, որ պրն Դարբինյանի համար այլ աթոռ է նախատեսված։ Այսպիսով, եթե նույնիսկ նախագահն ու վարչապետը դեռ հինգշաբթի պնդում էին, թե կառավարությունում նոր փոփոխություններ չեն լինի, դա դեռ վերջը չէ։ Հիշեցնենք, թե ինչ ասաց նախագահ Քոչարյանը հինգշաբթի (նոյեմբերի 10-ին), կառավարության հերթական նիստից հետո. «Ուժային բլոկում որեւէ նման մտադրություն չկա (խոսքը կադրային փոփոխությունների մասին է- Մ.Ե.), եւ այսօր ես հատուկ դժգոհելու առիթ չունեմ։ Ընդհանրապես կառավարությունում լուրջ փոփոխություններ երեւի մոտակա ժամանակներում չեն լինելու»։ Տնտեսական բլոկի մասին նախագահն ասել էր, որ ինքը չի կարող գոհ լինել. «Կան ուշացումներ, պարտքեր աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների գծով։ Իհարկե դժգոհ եմ, բայց կփորձենք այնպես անել, որ մինչեւ տարվա վերջ իրավիճակում լուրջ փոփոխություններ լինեն, կփորձենք։ Չհաջողվի՝ հետո կմտածենք»։ Այս խոսքերից երկու օր անց արդեն պարզ դարձավ, որ նախագահը «մտածեց», քանի որ փոխվեց «փող բաժանող» նախարարության ղեկավարը։ Հավանաբար, կլինեն նոր փոփոխություններ։ Համենայնդեպս, մինչեւ երեկվա ժամը 22։00-ի տվյալներով, որեւէ այլ նախարար աշխատանքից հեռանալու դիմում չէր ներկայացրել։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել