Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 14,2000 00:00

Ձայների հաշվառումը շարունակվում է Իսկ հայերը փորձում են կողմնորոշվել՝ Գո՞ր, թե՞ Բուշ Երեկ, Երեւանի ժամանակով ուշ երեկոյան, Մայամիի դատարանը պետք է քննարկեր Ջորջ «Դաբլյու» Բուշի դիմումը, որում հանրապետականների թիմը պահանջում է կանգնեցնել այդ նահանգում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների «ձեռքի» հաշվառումը: Գլխավոր փաստարկներն են. դա խորացնում է սահմանադրական ճգնաժամը, ստեղծում է խառնաշփոթ եւ, բացի այդ, հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը, քանի որ բոլոր քաղաքացիները (մասնավորապես, տարբեր նահանգներում) պետք է օգտվեն հավասար իրավունքներից, իսկ քվեաթերթիկները «ձեռքով» հաշվում են միայն Մայամիում: Դեմոկրատների հակափաստարկն էլ այն է, որ նման հաշվառումը նախատեսված է Սահմանադրությամբ եւ Մայամիի օրենսդրությամբ, իսկ դրա քննարկումը, ընդհանրապես, ֆեդերալ դատարանների իրավասության մեջ է: Եթե հաշվառումը, այնուամենայնիվ, շարունակվի, ապա այն կտեւի եւս 3-4 օր: Մինչ Մայամիի դատավորները մեկ առ մեկ զննում են քվեաթերթիկները, փորձելով հասկանալ, թե հատկապես ինչ են դրանցով ուզեցել ասել ընտրողները, հայերը փորձում են կռահել, թե ով է մեզ համար ավելի «ձեռնտու» Բո՞ւշը, թե՞ Գորը: Իհարկե, աշխարհում կան հայեր, որոնք գնել են այս կամ այն խոշոր ընկերության արժեթղթերը: Նրանց համար ընտրությունը միանշանակ է. եթե նրանք ներդրումներ են կատարել նավթային, ծխախոտային կամ դեղորայքային բիզնեսի մեջ, ապա այդ հայերը պետք երկրպագեն Բուշին: Իսկ եթե մեր հայրենակիցներն ունեն արժեթղթեր բարձր տեխնոլոգիաների բնագավառում, ապա, նրանք պիտի որ փափագեն, որ հաղթի Գորը: Բայց, ցավոք, հայաստանցիներիցս շատ քչերն են առնչվում այդ ամենի հետ, եւ Բուշ-Գոր հակադրությունը կարող ենք դիտել միայն երկու տեսանկյունից. ա/ օգնություն Հայաստանին եւ բ/ Հայ Դատ: Առաջին խնդրում Գորը, կարծես թե, գերադասելի է՝ դեմոկրատները, որպես կանոն, ավելի «ալտրուիստական» են, ավելի են ուղղված դեպի արտաքին աշխարհ, քան հանրապետականները, եւ Բուշն էլ բազմիցս հայտարարել է ԱՊՀ երկրներին օգնությունը կրճատելու ծրագրերի մասին: Երկրորդ խնդրում թույլ կտամ ինձ ենթադրել, որ «հայկական բանաձեւը» 2001-ին, միեւնույն է, կընդունվի Կոնգրեսի կողմից՝ անկախ նրանից, թե ով կլինի նախագահը: Երկու խնդրում էլ զերծ մնալով մեկնաբանությունից (լավ է դա, թե վատ), ձայնի իրավունքը տրամադրենք հայաստանցիներին: Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել