Քրիստոնեության 1700-ամյակի առիթով շաբաթ օրը Հայաստան ներկրվեց եւս մի մասունք՝ Գրիգոր Լուսավորչի ոտքը։ Այն բերելու համար բավական մեծաթիվ եւ պատկառելի կազմով պատվիրակություն էր մեկնել Վատիկան՝ կաթողիկոսի անմիջական գլխավորությամբ։
Ըստ ոչ պաշտոնական, սակայն հավատ ներշնչող մի աղբյուրի՝ ոտքի դիմաց Հռոմի պապին է հանձնվել շատ թանկարժեք փոխհատուցում։ Իսկ թե ոտքը հաստա՞տ Գրիգոր Լուսավորչինն է, թե՞ կաթոլիկ մի այլ սրբինը, դժվար է ասել։ Դժվար է ասել ոչ թե նրա համար, որ փորձում ենք միշտ վատը տեսնել, այլ թեկուզ դարասկզբին գնդակահարված Նիկոլայ ցարի եւ նրա ընտանիքի անդամների ոսկորների ուսումնասիրությունների արդյունքների։ Եթե հիշում եք, երկարատեւ եւ մանրակրկիտ փորձաքննությունն անգամ չկարողացավ ճիշտ եզրակացության գալ եւ ռուսական եկեղեցուն համոզել, որ դրանք հենց ցարի եւ նրա ընտանիքի անդամների ոսկորներն են։ Իսկ մեզ՝ դյուրահավատ հայերիս, հեշտ է համոզել, կամ անգամ համոզել էլ պետք չէ, ինքներս մեզ ենք պատրաստ խաբել՝ հավատալով, որ երրորդ դարում ծնված եւ մահկանացուն կնքած Գրիգոր Լուսավորչի ոտքը հենց այն էր, ինչ արցունքն աչքերին գրկած բերեց Իտալիայից մեր կաթողիկոսը եւ որը (ոտքը – Լ. Ա.) օդանավակայանում խոնարհված հայացքներով ընդունեցին ՀՀ նախագահը, վարչապետը։ Էլ չենք խոսում ԱԺ նախագահի մասին։
Գուցե թե այնքան էլ էական չէ՝ ում ոտքն էր այդպես գրկել կաթողիկոսը, կարեւորն այն է, որ Հայաստանում մնալու, չարտագաղթելու եւս մեկ հիմնավոր գրավական կա՝ ի թիվս զորավար Անդրանիկի, Դրոյի, Սոսե մայրիկի, ապագա այլ վերաթաղվողների եւ տարբեր այլ սրբերի ներկրված եւ ներկրվելիք մարմնի տարբեր մասերի։ Եթե ինչ-որ մեկը կարող է մեզ մեղադրել սրբապղծության մեջ, թող հիմնավորի, թե ո՞ւմ էր խանգարում, եթե Գրիգոր Լուսավորչի ոտքը հանգրվաներ Աստծո կողմից սահմանված տեղում, եւ ի՞նչ կփոխվի հայ ժողովրդի կյանքում՝ այդ մասունքը Էջմիածնի անհամար այլ գանձերի կողքին դնելուց հետո։
Քրիստոնեական հեզությամբ՝
Կարդացեք նաև
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ