Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 14,2000 00:00

ԽՈՒԶԱՐԿՎԵՑ ԱՐԿԱԴԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՏՈՒՆԸ Հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքից եւ երթից հետո «21-րդ դար միջազգային անկախ ասոցիացիայի» նախագահ Արկադի Վարդանյանը ձերբակալվել եւ հասարակական կարգը խախտելու համար վարչական կալանքի էր ենթարկվել 10-օրյա ժամկետով։ Ժամկետը լրանալուց հետո նրան տեղափոխել էին ազգային անվտանգության մեկուսարան։ Միայն երեկ հայտնի դարձավ, որ Ա.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 65 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով։ Երեկ երեկոյան գրեթե միաժամանակ իրավապահ մարմինները խուզարկություն էին սկսել ե՛ւ ասոցիացիայի գրասենյակում, ե՛ւ Ա.Վարդանյանի տանը։ Գրասենյակում կատարված խուզարկությունից հետո, որն, ըստ պարոն Վարդանյանի փաստաբան Սամվել Ջաղինյանի, տեղի էր ունեցել օրենքի շրջանակներում, ի վերջո, առգրավվել էր հանրահավաքի նախօրեին տարածված կոչի մի տրցակ, եւ ընդամենը։ Իսկ ասոցիացիայի նախագահի տանը տեղի ունեցած խուզարկությունը տեւեց ավելի քան 4 ժամ։ Այստեղ ժամանած լրագրողներին, իհարկե, թույլ չտվեցին ներկա լինել խուզարկությանը։ Իրավապահներից մեկը վկայակոչեց «ՀՀ օրենքը», բայց, թե կոնկրետ ո՞րը նկատի ուներ, թերեւս չէր հիշում։ Իհարկե, նախաքննական մարմնի դեմ այս իմաստով առարկություններ չունենք, քանի որ Քր.դատ.օր.-ի համաձայն, խուզարկություն կատարող անձն ինքն է որոշում այս պրոցեսի մասնակիցների շրջանակը։ Տվյալ դեպքում Ա.Վարդանյանի տանը կատարված խուզարկության ժամանակ, ըստ Ելենա Վարդանյանի, որեւէ օրինախախտում տեղի չի ունեցել։ Ու քանի որ Ա.Վարդանյանը մեղադրվում է պետական եւ հասարակական կարգը բռնությամբ տապալելու հրապարակային կոչ անելու մեջ, բնական է, որ իրավապահները, սովորության համաձայն, պետք է փնտրեին զենք, զինամթերք, թմրանյութեր, կոչեր եւ այլն։ Ինչպես տիկին Վարդանյանը տեղեկացրեց, վերջիններս, ի վերջո, ձեռնունայն հեռացել էին։ Մեր զրույցի ժամանակ վերջինս հայտարարեց, թե իր ամուսնուն առաջադրված մեղադրանքն անհիմն է։ Իշխանությունների համար այս մեղադրանքն առաջադրելու հիմք էին հանդիսացել Ա.Վարդանյանի ելույթները հանրապետության մարզերում տեղի ունեցած հանրահավաքներում եւ հասարակայնության հետ հանդիպումներում, ուր նա հիմնավորում եւ պահանջում էր նախագահ Քոչարյանի հրաժարականն ու կարծիք էր հայտնում, թե նրա մնալն այս պաշտոնում աղետալի հետեւանքներ կունենա հանրապետության համար։ Հիշենք, որ նման պահանջներ առաջադրելն ինքնին դեռ չի նշանակում բռնությամբ տապալել պետական եւ հասարակական կարգը։ Նմանաբովանդակ ելույթներ նույն Ազատության հրապարակում ունեցել են նաեւ այլ քաղաքական գործիչներ, նման տեսակետներ բազմիցս հայտնվել են նաեւ մամուլի էջերում։ Որքան հիշում ենք, անգամ «02» հաղորդաշարով եթեր սփռած Ա.Վարդանյանի ելույթներում ոչ մի խոսք չկար նախագահի դեմ բռնություն կիրառելու մասին։ Պարզապես իշխանություններին հարմար է Ա.Վարդանյանի ելույթների տողատակում հասկանալ այն, ինչի համար կարելի է նրան մեկուսացնել։ Ինչեւէ, երեկ դատարանի որոշմամբ Ա.Վարդանյանի նկատմամբ իբրեւ խափանման միջոց ընտրվել էր կալանքը։ Ըստ գործող օրենքի, այդ ժամկետը կլրանա միայն շուրջ երկու ամիս անց։ Թե ինչպիսի՞ն կլինեն իշխանությունների եւ նախաքննական մարմնի հետագա քայլերն այս ուղղությամբ, դժվար է կանխատեսել։ Առայժմ հայտնի է միայն, որ ռուս մտավորականների մի խումբ հայտարարությամբ դիմել է ՀՀ նախագահին՝ Ա.Վարդանյանի հանդեպ ավելի մեղմ վերաբերվելու համար։ Իհարկե, դժվար թե այս հայտարարությունը նույնքան հրապարակայնության արժանանա, որքան ժամանակին 27-ի գործով նախկին մեղադրյալ Ալեքսան Հարությունյանի վերաբերյալ արված Սպիվակովի հայտարարությունն էր։ Ինչեւէ, Ա.Վարդանյանն այսօր օգտվում է երկու փաստաբանների ծառայությունից՝ Ռուբեն Ռշտունի եւ Սամվել Ջաղինյան։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել