Նոյեմբերի 8-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի ներկայացուցիչների նիստում Հայաստանի եւ Ադրբեջանի՝ Եվրախորհրդին անդամակցության հարցը քննարկելիս Ադրբեջանին քննադատող ելույթ է ունեցել Հունաստանի ներկայացուցիչը։ Նա քննադատել է նաեւ Թուրքիային։ Նրան հակադարձող միակ ելույթն ունեցել է Եվրախորհրդում Վրաստանի դեսպան Լանա Հոհոբերիձեն, որը Հունաստանի դիվանագետին հարց է ուղղել. «Դուք այստեղ Հայաստանի՞ տեսակետն եք ներկայացնում»։ Տիկին Հոհոբերիձեն լռել է այն բանից հետո միայն, երբ Հունաստանի դեսպանը ճշտել է, որ ինքը ներկայացնում է Եվրամիությա՛ն տեսակետը։
ՐԱՖՖՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ՈՉՆՉԱՑՎԵ՞Լ Է
Երեկ Թբիլիսիից զանգահարեց վրացահայ հայտնի նկարիչ եւ հրապարակախոս Խաչատուր Գեւորգյանը եւ հայտնեց, որ օրերս Վրաստանի մայրաքաղաքում քանդվել է Րաֆֆու գերեզմանը, ինչպես նաեւ ոչնչացվել է 8 տապանաքար։ Լուրը ճշտելու համար «Առավոտը» զանգահարեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանատուն, որտեղ, սակայն, չկարողացան այդ լուրը հաստատել կամ հերքել։
Կարդացեք նաև
ՀԱՄՈՆ ՓՈՂԸ ՉԻ ՏՎԵԼ
Նախ Արկադի Վարդանյանի տիկինը՝ Ելենա Վարդանյանը, հետո էլ Աշոտ Մանուչարյանը հրապարակավ հայտարարեցին, թե Հմայակ Հովհաննիսյանը հեռուստացույց էր գողացել Մոսկվայում Արկադի Վարդանյանի վարձած բնակարանից։
Այդ մասին «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Հմայակ Հովհաննիսյանն այդ պնդումն «անհեթեթ» անվանեց։ Եվ հավելեց. «Եթե ի դեմս Արկադի Վարդանյանի ոմանք նորահայտ Զիմզիմովի են պատկերացնում՝ իրենց գործն է, բայց նրանք ոչ մի իրավունք չունեն հայ մտավորականներին ներկայացնելու որպես նորահայտ պեպոների»։ Հմայակ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ Արկադի Վարդանյանի հետ իր փոխհարաբերությունները 4 ամիս են միայն տեւել եւ այդ ընթացքում ինքը համոզվել է, թե նա ինչ անձնավորություն է։ «Վահան Էմինը նրա զոհն է»,- պրն Հովհաննիսյանն իր այս պնդումն այսպես հիմնավորեց, թե Արկադի Վարդանյանը խոստացել էր ֆինանսավորել Էմինի խմբագրած «Արմյանսկի վեստնիկը», բայց այնքան էր տարել-բերել, որ դեռ 50-ը չլրացած խմբագիրը՝ Վահան Տերյանի թոռը վախճանվել էր ինֆարկտից։