Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 10,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ՄԻ ՀՈԴՎԱԾԻ ԵՐԿՈՒ ՀԵՐՔՈՒՄ Ի պատասխան «Առավոտ» թերթի՝ թիվ 199 01.11. 2000թ. 6-րդ էջում տպագրված «Հայաստանում ամոթ է ամաչելը» հոդվածի. Տեղեկացնում եմ ձեզ, որ հոդվածում նշված «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ի հին եւ նոր ղեկավարության հասցեին արված մեղադրանքներն անհիմն են, քանի որ արդեն երրորդ անգամ մեր կողմից պատասխանվել է Մ. Խեչոյանին՝ վերջին 382-01-ՍԳ 06.05.2000թ. նամակով, իր կողմից բարձրացրած հարցի կապակցությամբ։ «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ն «Արզնի» մասնաճյուղին տրամադրել է մետաղյա արկղեր եւ «Նաիրի» այգեգործական ընկերության ու մասնաճյուղի համատեղ ուժերով կարգավորվել է Ա/Ը 0.4ԿՎ ցանցը, արկղավորվել են հաշվիչները եւ Ա/Ը անդամները ձեւակերպվել են առանձին բաժանորդներ 2000թ. հունվար ամսից։ Իսկ 2000թ. հոկտեմբերին «Նաիրի» Ա/Ը էլտնտեսությունը ամբողջությամբ ընդունվել է «ԿԷՑ» ՓԲԸ հաշվեկշիռ՝ համապատասխան հաշվապահական ձեւակերպումներով եւ փաստաթղթերի մեկական օրինակը հանձնվել է «Նաիրի» Ա/Ը-ին։ Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ գլխավոր տնօրեն Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Նաիրի» այգեգործական ընկերության կոլեկտիվը իր վրդովմունքն է հայտնում ս/թ հոկտեմբերի 8-ին «Առավոտ» թերթում տպագրված «Նաիրի» այգեգործական ընկերության կոլեկտիվի անդամ Մելիք Խեչոյանի հոդվածի առիթով։ Հոդվածում արծարծված հարցերը մեծամասամբ չեն համապատասխանում իրականությանը։ Հոդվածի հեղինակը մասնագետ չէ, կտրված է կոլեկտիվից, չի մասնակցում ընկերությունում կազմակերպված միջոցառումներին, անտեղյակ է կատարված աշխատանքներին, դրանով իսկ գտնում ենք, որ նա իր հոդվածով անվանարկել է «Նաիրի» Ա/Ը եւ «Արզնի» էլցանց ձեռնարկությանը։ «Արզնի» էլցանց ձեռնարկությունը տարիներ շարունակ սպասարկել է «Նաիրի» Ա/Ը-ն եւ ոչ մի անգամ բողոքներ չեն եղել՝ կապված ընկերության էլեկտրամատակարարման հետ։ Նույնիսկ «Արզնի» էլցանցի ղեկավարությունը շատ հարցերում ընդառաջ է գնացել մեր կոլեկտիվին։ «Նաիրի» Ա/Ը-ն սպասարկող տրանսֆորմատորային ենթակայանը եւ էլտնտեսությունը համարվում են ընկերության սեփականությունը եւ նրա նորոգման ու սպասարկման հետ կապված բոլոր աշխատանքները կատարվում են Ա/Ը վարչության որոշման համաձայն, ընկերության ուժերով եւ միջոցներով։ Նամակը ստորագրել է «Նաիրի» ընկերության 51 աշխատակից Հետաքրքիր է, սակայն, թե ինչպես երկու տարբեր կազմակերպությունների նամակները միաժամանակ հայտնվեցին խմբագրությունում։ ՔԱՆԻ՞ ՀԱՏ Է ԼԻՆՈՒՄ «ՃԻՇՏԸ» «Չկայացած» բնակարանների մասին Օրերս Վանաձորի տեղական հեռուստատեսությամբ եթեր տրվեց երկրաշարժից հետո ամրացված Աղայան 83 եւ 87 շենքերի բնակիչների բողոքը այն առիթով, որ իրենք չունեն նորմալ կենսապայմաններ ապահովող տարրական հարմարություններ (օրինակ՝ էներգասնուցման համակարգ, կոյուղագիծ), չհաշված ներքին հարդարման աշխատանքների հետ կապված այլ թերություններ, որոնք բնակիչները ստիպված էին «ջրի երես հանել» այն ժամանակ, երբ իրենց «երկու ոտքը մի կոշիկը դրած» ստիպել են ազատել տնակները եւ ձմռան շեմին տեղափոխվել այդ «չկայացած» բնակարանները։ Բնակիչների դժգոհություններն անհետեւանք չմնացին։ Ռեպորտաժից 2 օր անց «դեպքի վայր» ժամանեցին բողոքների հետ առնչվող մի քանի ծառայությունների ղեկավարներ եւ սկսեցին համոզիչ բացատրել հեռուստադիտողին, որ «խնդիր չկա», կոյուղագիծը կմիացվի, ջուրը կստանան, էներգիայի մատակարարումը կապված է համապատասխան պայմանագիր կնքելու հետ (իսկ էներգասնուցման համակարգի բացակայությո՞ւնը՝ էլեկտրական հաղորդակցման լարերի «խնամքով» սվաղումը), մանրատախտակը պետպատվերի շրջանակներում չի նախատեսվել, եւ շինարարները «դեռ մի բան էլ ավելի են կատարել»։ Հարց է ծագում, բա ո՞ւր մնաց բնակիչների բողոքը, կիսամութ, ծեփահան, անդուռ սենյակները։ Նշենք՝ ցուցադրված թերություններն այն աստիճանի էին, որ հեռուստատեսային ռեպորտաժի հեղինակը վրդովմունքով հարց էր տվել, թե՝ արդյո՞ք միջազգային կազմակերպություները պետք է վերահսկեն, որ շինարարական աշխատանքները նորմալ կատարվեն։ … Ակամա մտաբերեցինք մի զրույց՝ հասարակական տրանսպորտից. «Ճիշտը մի հատ ա լինում։ Էսօր Հայաստանում մի քանի «ճիշտ» կա՝ դրա համար էլ էս օրին ենք»։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր ՅՈՒՐԱՑՎԵԼ ԵՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԻՐԵՐԸ Ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում, ու էլի ասում են, որ կույր են արդարադատությունն ու ճակատագիրը։ Գեորգի Դաշյանի համար վերջին երկուսը նույնացել են… Դաշյանը խորհրդային տարիներին երկար ժամանակ աշխատել է հանրապետական գլխավոր դատախազությունում եւ վարել տարբեր պաշտոններ։ Ներկայումս զբաղվում է մասնավոր իրավաբանական գործունեությամբ։ Կարող եմ վստահությամբ ասել՝ գերազանց գիտե ՀՀ օրենսդրությունը եւ, այնուամենայնիվ… 1995-ին առեւանգվել է անհայտ անձանց կողմից։ Թե ի՞նչ է կրել այն 3 օրերին, երբ պահվել է նրանց մոտ, առանձին պատմություն է։ Պահանջել են 200 հազար դոլար։ Չուներ։ Մեղք էլ չուներ։ Ազատ են արձակել։ Բայց հանրապետական դատախազությունում, ուր դիմել են տուժողի հարազատները, գործը քննության չի ենթարկվել։ Առեւանգողների ինքնությունը ցայսօր պարզ չէ, եւ քայլեր էլ չեն ձեռնարկել պարզելու համար։ Ինչեւէ, անցել է հինգ տարի։ Իսկ դատախազությունը չի ուզում լքել այնքան խնամքով հյուսած բույնը։ 1999-ի մայիսին Գեորգի Դաշյանի որդին՝ Հայկազը, ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 12-ամյա մի աղջնակի, որը տեղում մահացել է։ Խուճապահար վարորդը փախուստի է դիմել, բայց բռնվել է ՆԳ աշխատակիցների կողմից։ Նախնական կալանքի վայրում կասկածյալից առգրավվել են մի քանի հազար դոլարի արժողությամբ թանկարժեք իրեր։ Առգրավումը կատարվել է, սակայն արձանագրություն, չգիտես ինչու, «մոռացել են» կազմել։ Չեն հիշել նաեւ իրերը տիրոջը վերադարձնելու մասին։ Թեեւ քննիչ Բալոյանը երդվում է, որ իրերը վերադարձվել է ըստ պատկանելվույն, բայց նույնքան համոզիչ են հնչում եւ տիրոջ հավաստիացումները՝ չեմ ստացել։ Իսկ իրավաբանությունը քնարերգություն չէ՛, գեղեցիկ խոսքերին եւ «անկեղծ երդումներին» չի՛ հավատալու իրավաբանը, այլ՝ մերկ փաստերին։ Իրավաբանությունը ապացույցներ է պահանջում, իսկ ապացույցը հետեւյալն է. կասկածյալ Հայկազ Գեորգիի Դաշյանից քր. հետախուզության հայտնի օպերլիազոր Ա. Հովհաննիսյանի կողմից առգրավվել են «Ռոլեքս» մակնիշի ժամացույց, ոսկե մատանի, 13 ադամանդե քարերով կուլոն եւ ոսկե շղթա ու հանձնվել է ավագ քննիչ Ռ. Բալոյանին։ Ու ոչ մի փաստ չկա, որ իրերը հանձնվել են տիրոջը։ Այս պարագաներում արդարացի չէ՞ արդյոք Գեորգի Դաշյանի պահանջը իր՝ ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանելու վերաբերյալ։ «Եթե մենք՝ իրավաբաններս, առավել միմյանց իմանալուց եւ ճանաչելուց հետո չենք կարող պաշտպանել մեր ոտնահարված իրավունքները եւ վերականգնել այդպիսիք, ապա իրավական ի՞նչ պաշտպանվածություն ունի բնակչության մյուս մասը, ի՞նչ խոսք կարող է լինել օրինականության մասին»,- ասում է Գ. Դաշյանը։ ԹԵՐԵԶԱ ԱՍԱՏՐՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԺԳՈՀ Է ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում Ալեքսանդր Աթանեսյանի նկարահանած ռուսական «24 ժամ» ֆիլմի պրեմիերան էր։ Չնայած ֆիլմի վերնագիրն էր «24 ժամ», սակայն այն տեւեց ընդամենը 83 րոպե։ Ժամանակակից քրեական սյուժեով այս ֆիլմը մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Գործողությունը տեղի է ունենում Մոսկվայում, ֆիլմի գլխավոր հերոս «պրոֆեսիոնալ քիլլերը» պատվեր է ստանում՝ սպանել ռուսական մաֆիայի պարագլուխներից մեկին, որից հետո էլ սկսվում են մարդասպանի պրոբլեմները։ Բոլորը ցանկանում են վրեժխնդիր լինել նրանից, այդ թվում նաեւ՝ սպանության պատվիրատուն, որը փորձում է ազատվել ավելորդ վկայից։ Ի վերջո, արյունալի վենդետան ավարտվում է նրանով, որ քիլլերի մեքենան պայթեցնում են եւ կարծելով, թե նա մահացել է, բոլորը հանդարտվում են, իսկ իրականում գլխավոր հերոսը ողջ եւ առողջ է մնում։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մաքսիմ Սուխանովը, Անդրեյ Պանինը, Սերգեյ Նովիկովը։ Ֆիլմի անդրանիկ ցուցադրմանը Մոսկվայից ժամանել էին բեմադրիչ-օպերատոր, մեր հայրենակից Ալեքսանդր Աթանեսյանը (որը նաեւ նկարահանվել է ֆիլմում) եւ գլխավոր պրոդյուսեր Իգոր Տոլստունովը։ Ֆիլմի դիտումից առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մոսկվայից ժամանած հյուրերը լրագրողներին հանգամանալից ներկայացրին ռուսական կինոարտադրության ներկայիս վիճակը։ Պարզվում է, որ իրենք նույնպես գոհ չեն ռուսական կինոարտադրությունից, քանզի, ինչպես նշեց պրն Աթանեսյանը. «Ներկայումս Ռուսաստանում գերակշռում են ամերիկյան ֆիլմերը»։ Դրանց տարեկան եկամուտը կազմում է 1-2 միլիոն դոլար, իսկ տեղական ֆիլմերի միջին եկամուտը 400 հազար դոլար է։ Մոսկվայում տարեկան նկարահանվում է 70 ֆիլմ, որոնց 60%-ը մասնավոր ֆիլմեր են։ Անցյալ տարվա տվյալներով ընդամենը 39 ֆիլմ է իր տրամաբանական ավարտին հասցվել, ինչն էլ «բնականաբար շատ քիչ է 15 միլիոն բնակիչ ունեցող երկրի համար»։ Պրն Աթանեսյանի խոսքերով, «ռուս հանդիսատեսը հայրենական արտադրության ֆիլմերը նախընտրում է դիտել տանը՝ հեռուստացույցի առջեւ, դրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ, վիճակագրության համաձայն, տեղական ֆիլմերի հեռուստատեսային ռեյտինգն ավելի բարձր է, քան կինոթատրոններում ցուցադրվողներինը»։ Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք ռուս հանդիսատեսը ծանոթ է հայ կինոյին, պրն Աթանեսյանը պատասխանեց. «Ցավոք՝ ոչ, քանզի Հայաստանում կինոարտադրությունը դանդաղ քայլերով է առաջ գնում»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել