Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 10,2000 00:00

Ձայն բազմաց՝ ձայն Աստծո Լրագրողները «թշնամուց բարեկամ»,«բարեկամից թշնամի» են վաստակում Հանգամանքների բերումով մամուլում այլեւս հանդես չեկող մի լրագրող վերջերս դժգոհեց, թե երբեմն լրագրողները որեւէ ահազանգի հիման վրա հոդված են հրապարակում (տվյալ դեպքում՝ արձանագրում են ինչ-որ մեկի բողոքը մեկ ուրիշի դեմ), սակայն հանկարծ պարզվում է, որ լրագրողը ակամա դարձել է «գործիք»՝ հարաբերություններ ճշտելու հարցում։ Հակամարտող կողմերը, ի վերջո, ընդհանուր հայտարարի են գալիս եւ որոշում ողջ մեղքը բարդել լրագրողի վրա. «Փաստորեն, լրագրողը մնում է ամենահիմար վիճակում»,- ամփոփեց զրուցակիցս։ Պետք է նկատել, որ երբեմն էլ լրագրողներին որեւէ հիմնախնդիր ներկայացնողներին թվում է, թե լրագրողը պատրաստ է արձանագրել բողոքը ոչ թե բողոքողի շահերից ելնելով, այլ՝ իր, ինչի մի ապացույցն էլ այն է, որ կարող են հայտարարել, թե «Տեսնո՞ւմ եք, ինչ լավ նյութ եմ տալիս ձեզ»։ Նշենք, որ լրագրողի խնդիրը ոչ թե անպայման «լավ նյութ» գտնելն է, որ «մի բան գրեն», այլ՝ հիմնախնդիրը վերհանելը եւ դրա լուծման հնարավոր ուղիները ցույց տալը։ Համենայնդեպս, մեր իրականության մեջ այսօր այնքան հիմնախնդիրներ կան, որ թեմաներ փնտրելու կարիք չկա։ Մարդիկ պարբերաբար բախվում են բազում հիմնախնդիրների, որոնց լուծումը միշտ չէ, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ է կապված, այլ ընդամենը՝ ցանկություն, եւ նրանք, ովքեր խոչընդոտում են այդ հիմնախնդիրների լուծումը ինչ-ինչ շահերից ելնելով, «սվիններով» են ընդունում այն հրապարակումները, որոնք վերաբերում են իրենց պատճառով առաջացող անցանկալի իրավիճակներին։ Ահա հենց այս մարդիկ էլ փորձում են վարկաբեկել լրագրողներին եւ խեղաթյուրել նրանց գործունեության նպատակը, թե իբր «բան ու գործ չունեն՝ խոսելու բան են ման գալիս»։ Երբեմն դժգոհություններ են հնչում, թե մամուլը հիմա դեր չունի, մամուլի հետ հաշվի չեն նստում՝ նախկին, մինչերկրաշարժյան տարիների նման։ Այս կարգի դժգոհությունների հեղինակների կարծիքով, «հաշվի նստելը» միայն այն է, որ հոդվածը քննարկվի կուսակցական ակտիվի ժողովում։ Նշենք, որ նախկին տարիներին երբեմն քննադատական հոդվածները պարզապես «սարքվել» են՝ հատուկ ցուցումով, ինչ-որ մեկին «գցելու» համար եւ նախապես մշակված սցենարով էլ հոդվածին հաջորդել են ակտիվ քննարկումներն ու միաձայն որոշումները, իսկ իսկական քննադատությունը հաճախ «խեղդվել» է։ Լավագույն դեպքում՝ դրանք իրենց արտացոլումն են գտել հիմնականում գեղարվեստական գրականության մեջ։ Թերթենք այսօրվա հանրապետական թերթերը եւ կտեսնենք, որ դրանցում զգալի են հոդվածների արձագանքները, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան՝ մարդկանց վզին փաթաթվող որեւէ միանձնյա հերքում կամ հաստատում, թեպետ այդ ոճի արձագանքներ էլ են լինում։ Ամեն դեպքում սա եւս մի ապացույց է, որ մամուլի հետ հաշվի են նստում եւ, ամենակարեւորը, մամուլը ապահովում է բազմակարծությունը։ Այլ հարց է, թե մամուլի որ միջոցը որքանով է ապահովում դա։ …Եթե մամուլն այսօր որեւէ արժեք չներկայացներ, ապա լրագրողներն այդքան թշնամիներ (նաեւ՝ այդքան բարեկամներ) չէին ունենա։ Պետք է նշել, որ անաչառ լրատվության արդյունքում երբեմն լրագրողները «բարեկամից» «թշնամի» են «վաստակում», «թշնամուց»՝ «բարեկամ»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել