Առաջնահերթը դպրոցն է … Այլապես դպրոցի խնդիրը վերածվելու է ազգային անվտանգության հարցի Վերջին ամիսներին Գեորգի Վանյանը հրապարակել է 2-3 հոդված՝ նվիրված կրթական համակարգի վիճակին, որտեղ ուղղակիորեն կապ էր դրվում դպրոցի եւ ազգային անվտանգության խնդրի միջեւ: – Դպրոցի անմխիթար վիճակի մասին շատ է խոսվել: Բայց պետության անվտանգության տեսանկյունից՝ թերեւս առաջին անգամ… – Անկեղծ ասած, չեմ կարծում, որ նախկինում այդ մասին չեն մտածել: Պարզապես, երբ համակարգի վիճակը հասնում է վտանգավոր սահմանի, հեռանկարը ավելի տեսանելի է դառնում: 8-10 տարի առաջ կարելի էր կանխորոշել այս օրը, հիմա հնարավոր է տեսնել, թե 10 տարի հետո ինչ է լինելու: Համակարգի խնդիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ դպրոցն իսկապես գտնվում է ծանրագույն վիճակում: Ավելի՝ քան մենք պատկերացնում ենք, ավելի՝ քան պիտի լիներ: – Դուք հոռետե՞ս եք: – Միանգամայն հակառակը: Ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է կարճ ժամանակում հասնել տեսանելի արդյունքի: – Իսկ չաշխատելո՞ւ: – Այդ դեպքում այլեւս դադարելու է գոյություն ունենալ զուտ դպրոցի խնդիրը՝ այն վերածվելու է ազգային անվտանգության խնդրի: Անընդհատ զարգացող գիտության պայմաններում շատ հեշտ է հետ մնալ միջազգային զարգացման տրամաբանությունից: 21-րդ դարի դպրոցականը այլեւս նոր որակ է ու, այդ փոփոխությանը, պատրաստ չլինելու դեպքում ամենամոտ ապագայում կանգնելու ենք ծանրագույն խնդրի առջեւ: Նոր տեխնոլոգիաների ու նոր միջանձնային հարաբերությունների պայմաններում անհրաժեշտ է, որ անառարկելի լավը, դրականը շատ արագ մտնի դպրոց: – Ո՞րն է դպրոցի հանդեպ պետության հիմնական բացթողումը: – Մեր երկրի տասնամյա զարգացման ընթացքում չհաջողվեց գտնել դպրոցի տեղը: Դպրոցը որպես հասարակական ինստիտուտ՝ չկայացավ: Վերամբարձ ձեւակերպումների վահանով պաշտպանված՝ մենք պետականության կայացման ճանապարհին տապալեցինք դպրոցի կայացումը: Չեմ բացառում օբյեկտիվ պատճառների առկայությունը, միեւնույն ժամանակ արձանագրում եմ. դպրոցն այն ինստիտուտն է, որով կարելի է ճիշտ պետություն կառուցել, դպրոցն այն ոլորտն է, որով կարելի է մեղմել սոցիալական լարվածությունը, դպրոցն այն օղակն է, որով կարելի է մեղմել արտագաղթի ալիքը, դպրոցով կարելի է երկրում ստեղծել իշխանություն-հասարակություն վստահության մթնոլորտը: Դպրոցում ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է այսուհետ խուսափել պատահական մարդկանց բազմահազարանոց միջոցառումներից, եւ ոչ թե հեռանկարում, այլ այսօր՝ 4-5 ամիս հետո: – Երբվանի՞ց սկսվեց դպրոցի ճգնաժամը: – Ճիշտ չէ ամեն ինչ բարդել վերջին տարիների վրա: Իմ կարծիքով, խորհրդային դպրոցը նույնպես վերջին 5-10 տարիների ընթացքում գտնվում էր խոր ճգնաժամի մեջ: Պարզապես Խորհրդային Միություն պետության կառուցվածքը՝ իր մեկուսացվածությամբ թույլ չէր տալիս տեսնել եւ արձանագրել իրականությունը: Հետխորհրդային շրջանի սոցիալական դժվարությունները ընդամենը արագացրին գործընթացը: – Այդ դեպքում կարո՞ղ ենք արձանագրել դպրոցի բազմամյա ճգնաժամի մի քանի առաջնային հետեւանքներ: – Նշենք ամենաակնառուն. քաղաքական էլիտայի ճգնաժամը, պատահական մարդկանց մուտքը Ազգային ժողով, պատեհապաշտությունը եւ անարժեք մեր այսօրը՝ տեսանելի տգիտության հետեւանք է: – Դուք գտնում եք, որ մեր հասարակությունն այսօր արժեքներ չունի՞: – Մեր հասարակությունը չունի իսկական արժեքներ, կեղծ՝ ինչքան ուզեք, եւ դրանք անընդհատ հորինվում են: Այսօր անընդհատ խոսվում է արտագաղթի մասին: Իրականում արտագաղթը կանգնեցնելու մեկ միջոց կա. նպատակաուղղված աշխատանք դպրոցում, ճիշտ արժեքների մատուցում, վաղվա քաղաքացիական հասարակության ձեւավորում: Դպրոցը շատ կարճ ժամանակում պարտավոր է տալ ուժեղ պետության սերունդ: ՄԵՐԻ ՍԱՐՅԱՆ