«Ճիտին պարտքը»՝ տան վաճառքի արդյունք Մի քանի տարի առաջ «կրակի գին» ունեցող տներն այժմ, հատկապես Հայաստանի մարզերում, վաճառվում են բավականին էժան՝ «ջրի գնով», շատ հաճախ՝ ինքնաթիռի մի քանի տոմսի գնին համարժեք գումարով, որպեսզի տունը վաճառելուց հետո ընտանիքով մեկնեն հանրապետությունից։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ բնակարանի առքուվաճառքում շահում է գնորդը։ Սակայն, շատ դեպքերում վերջինիս համար առաջին ուրախությունը վերածվում է ողբերգության, երբ հայտնի է դառնում նախկին տանտերերի՝ կոմունալ եւ կենցաղային ծառայությունների դիմաց ունեցած ահռելի պարտքերը։ Աբովյան քաղաքի «Մասիս» համատիրության նախագահ Յուրի Մակարյանը պատմեց, որ վերջերս նման իրավիճակում է հայտնվել երկրաշարժի հետեւանքով որբացած, Կոտայքի «SOS» մանկական գյուղում մեծացած մի երիտասարդ։ Բանակից զորացրվելուց հետո նա, հովանավորի օգնությամբ, 2,5 հազար դոլարով Աբովյանում բնակարան է գնում, որից հետո նախկին տանտերն ընտանիքով մեկնում է Ռուսաստան։ Մի քանի ամսից հայտնի է դառնում վերջինիս «ժառանգություն» թողած պարտքերը. 13.674 դրամ համատիրության, 2400 դրամ աղբահանության, 36.900 դրամ ջրամատակարարման եւ 182.000 էլեկտրաէներգիայի համար, որոնք, ըստ բնակարանների առքուվաճառքի պայմանագրի, ամբողջովին անցնում են նոր գնորդին։ Նախկինում բնակարանի առքուվաճառքի պարտադիր պայման էր մեկնման թերթիկը, որտեղ ստորագրում էին էլցանցի, հեռախոսակայանի, կոմունալ բաժնի աշխատողները՝ հավաստելով, որ տուն վաճառողի կողմից փակված են իրենց ոլորտի պարտքերը։ Դրանից հետո միայն մարդն իրավունք ուներ վաճառել տունը։ 1966-ից վերոհիշյալ թերթիկները դուրս մղվեցին անշարժ գույքի վաճառքի պրոցեսից՝ առիթ դառնալով հետագա թյուրիմացությունների։ Ստացվում է, որ տունը վաճառելու որոշումն ընդունելով, մարդիկ ամիսներ եւ նույնիսկ տարիներ ոչ մի ծառայության վարձ չեն վճարում՝ հանգիստ լինելով, որ տան վաճառքից հետո գումարները կմուծի գնորդը։ Ուստի, քանի դեռ պետականորեն չի վերականգնվել մեկնման թերթիկի հետ կապված կարգը, բնակարանների գնորդներին առաջարկում ենք սեփական նախաձեռնությամբ խուսափել խաբեությունից՝ տունը գնելուց առաջ տանտիրոջից անպայման պահանջել կոմունալ եւ կենցաղային սպասարկումների դիմաց արված մուծումների կտրոնները։ ԼԻԱՆՆԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ