«ՀՈ ՀԱ՞Վ ՉԷԻՔ, ԸՆԿԱՔ ԱՎՏՈՅԻ ՏԱԿ» «21 տարեկան եմ, «Հայբուսակ» ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի, արդեն հաշմանդամ։ 1999թ. սեպտեմբերի 28-ին Կիեւյան-Օրբելի խաչմերուկում, երեկոյան ժ. 21-ի սահմաններում ենթարկվել եմ ավտովրաերթի, հետեւանքը՝ հաշմանդամությունս է, գումարած, որ կորցրի 1998-99 ուստարիս՝ ընթացիկ բուժումների պատճառով։ Վրաերթ կատարող անխիղճ վարորդին հայտնաբերելու համար, ինչպես նաեւ քննչական օպերատիվ հետախուզական որոնողական աշխատանքները (Երեւանի ՆԳ քաղաքային վարչության ՃՏՀ-ի ավագ քննիչ Սամվել Մելտոնյան, պետ՝ Աշոտ Ղուկասյան) ակտիվացնելու նպատակով դիմեցի Հայաստանյաց վերին ատյաններին։ Պարզվեց՝ բոլորն անզոր են գտնելու վրաերթ կատարող մեքենայի վարորդին, քանի որ քննիչը իր վարույթում կատարվելիք գործողությունը կատարել էր եւ Պիղատոսի նման «ձեռքերը լվացել» ու հեռու կանգնել։ Այսինքն, իմ արյունն ու մի քանի գրոշներ գցել նժար՝ նժարի, իմ դժբախտության վրա կառուցելով իր քննչական կյանքի երջանկությունը»։ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, տուժող Արեգ Մարտիրոսյանի այս նամակը ստուգելու նպատակով կատարեցինք լրագրողական ուսումնասիրություններ։ Չարաբաստիկ «17» թիվը Արդյունքում պարզեցինք, որ վրաերթը իրոք կատարվել է 1999թ. սեպտեմբերի 28-ի ժ. 21-ի սահմաններում։ Վրաերթի են ենթարկվել Արեգ Մարտիրոսյանը եւ նրա նշանած Վահե Հակոբյանը։ Վերջինս մարմնական ծանր վնասվածքներ չի ստացել, իսկ Արեգ Մարտիրոսյանը, որպես տուժող, ստացել է մարմնական այնպիսի վնասվածքներ, որը պահանջում էր քրեական գործ հարուցել ՀՀ քրօրի 173 հոդվածի 1-ին մասով։ Քրգործը մինչդեռ հարուցվում է քրօրի 173 հոդվածի 2-րդ մասով, պատճառաբանելով, որ վրաերթ կատարող մեքենան, իր վարորդով հանդերձ, չի հայտնաբերվում։ Արեգ Մարտիրոսյանի եւ Վահե Հակոբյանի կարծիքով, վրաերթ կատարող վարորդին խնամքով թաքցրել են։ Մինչդեռ ՀՀ ՆԳ նախարարության Երեւանի ՆԳ պետավտոտեսչության պետի տեղակալ Մ. Օհանյանի 8/9Մ-13 գրությամբ կարծես կա որոշակի, ապացուցողական նշանակություն ունեցող մի տեղեկատվություն, այն է. «Ստացված տվյալներով վրաերթ կատարող ավտոմեքենան եղել է «ՎԱԶ-2106» մակնիշի, սպիտակ գույնի, «17» թվերով սկսվող՝ նոր պետհամարանիշի»։ «Միջոցառումները շարունակվում են, նմանատիպ ավտոմեքենաները մեր կողմից ստուգվում են, դրական արդյունքի դեպքում Ձեզ կհայտնվի լրացուցիչ»։ Ինչպես ասում են. այդ «17» թվակիր, ՎԱԶ-2106 մակնիշի, սպիտակ գույնի» ավտոմեքենայի պոչը չի գտնվել։ Քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանի գրությամբ էլ՝ «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ գործով ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները վրաերթ կատարող ավտոմեքենան ու նրա վարորդին հայտնաբերելու համար, որը դրական արդյունք չի տվել»։ Ավելի հետաքրքիր եւ ուշադրության արժանի թերեւս կարող է լինել այս կապակցությամբ (07.09. 2000թ.) ՀՀ գլխավոր դատախազության նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Ս. Մանուկյանի պատասխան գրությունը՝ ուղղված Երեւանի դատախազի ժ/պ Ա. Զախարյանին. «Ձեր քննարկմանն է ուղարկվում ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովից ստացված քաղ. Արեգ Մարտիրոսյանի դիմումը՝ իրեն եւ Վ. Հակոբյանին վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննիչի եւ մյուսների կողմից ցուցաբերած հովանավորչության հետեւանքով վրաերթի ենթարկած վարորդի առայսօր անպատիժ մնալու մասին»։ ՆԳ նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ. Հարությունյանը գործի ուսումնասիրությունից հետո հայտնում է տուժող Ա. Մարտիրոսյանին. «Ձեզ եւ քաղ. Վահե Հակոբյանին վրաերթի ենթարկելու դեպքի բացահայտման աշխատանքներն ակտիվացնելու նպատակով հանձնարարություն էր տրվել Արաբկիրի ՆԳ բաժնին, որի կատարումը վերցվել էր ՀՀ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության հսկողության տակ։ Միաժամանակ հայտնվում է, որ կատարված ծառայական քննության արդյունքներով Արաբկիրի ՆԳ բաժնի ՔՀԲ-ի օպերլիազոր Ա. Սարգսյանը եւ նախկին ավագ օպերլիազոր Տ. Գասպարյանը ենթարկվել են կարգապահական տույժի»։ Ի դեպ, նույնաբովանդակ պատասխան գրությունները բազմաթիվ են, անգամ ստորակետ ու վերջակետն է պահպանվել, բովանդակությունը, թե. «Ձեզ եւ քաղ. Վ. Հակոբյանին վրաերթի ենթարկելու դեպքի բացահայտման աշխատանքները ակտիվացնելու նպատակով…»։ Ու ստացվում է այսպես. թե ԱԺ-ն, թե ՆԳՆ-ն, թե ՀՀ գլխավոր դատախազությունը զբաղված են «դեպքի բացահայտման աշխատանքներն ակտիվացնելով», իսկ Արեգ Մարտիրոսյանը, որն անձամբ է զբաղվում իր իրավունքների պաշտպանությամբ… սպասում է։ Ի վերջո, «17» թիվը որոնելու արդյունքում դառնում է այլ թիվ. «Անհրաժեշտ է մեկ անգամ եւս ստուգել դիմումատուի փաստարկները, մասնավորապես, հայտնաբերել «17» եւ «467» թվերը պարունակող պետհամարանիշով՝ դիմումատուի կողմից նշված ավտոմեքենան եւ մասնագետի մասնակցությամբ զննել այն»։ Երեւանի դատախազի տեղակալի հանձնարարականը… տեղ է հասել ճիշտ այն ժամանակ, երբ ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն «քննիչի 29.12.99թ. որոշմամբ քրեական գործի նախաքննությունը կասեցվել է» պատասխանն էր ուղարկում տուժող երիտասարդներին։ Երեւանի դատախազն էլ (5.01.2000թ.) տեղեկացնում է, որ ՆԳՆ հաշվառման կենտրոնում գրանցված 263 ավտոմեքենաներից չի պարզվել, թե ո՞րն է վրաերթ կատարել։ Որովհետեւ 263 ավտոմեքենաներից մեր ձեռքի տակ գտնվող պաշտոնական պատասխաններից 15 ավտոմեքենաներ են «զննվել»։ «Քննչական օպերատիվ- հետախուզական միջոցառումները շարունակվում են»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ