Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 10,2000 00:00

ՓՈՐՁՈՒՄ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ ՀՀ գյուղնախարարն օգտվելով իր հարազատ բուհի՝ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված հանդիսության պատրվակից, որոշեց տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսն անցկացնել հանդիսության ընդմիջմանը։ Ու թեեւ նախատեսված ժամից ասուլիսը բավականաչափ ուշացավ, բայց լրագրողները, կրկին անգամ ապացուցելով իրենց՝ «անհամբերատար» հասարակական զանգված լինելու իրողությունը, մեկ առ մեկ ունկնդրեցին բոլոր երկար-բարակ շնորհավորանքները՝ ուղղված ՀԳԱ-ին, մինչեւ կհայտարարվեր երկար սպասված ընդմիջումը։ Չնայած գյուղատնտեսական տարին դեռ չի ավարտվել եւ ձմռանը երաշտի ազդեցությունը շատ ավելի զգալի կլինի՝ հատկապես անասնապահության ոլորտում, սակայն 2000 թվականը՝ պրն նախարարի գնահատմամբ՝ «հակասական» էր։ Եթե ջրովի հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքները բավարարից էլ բարձր արդյունք են տվել, ապա երաշտից տուժած անջրդի հողատարածքներում իրավիճակը բավականին բարդ է. «Փորձում ենք մեղմել երաշտի ավերիչ հետեւանքները»։ Զավեն Գեւորգյանն ասաց, որ երաշտի հետեւանքները վերացնելուն ուղղված միջոցառումներին մասնակցում են մի շարք դոնոր երկրներ, միջազգային եւ բարեգործական կազմակերպություններ։ Արդեն իսկ ԱՄՆ-ից ստացվել եւ ցանվել է 2000 տ սերմացու, իսկ մինչ երաշտը խոստացված 60000 տ հացահատիկի նվիրատվությունն արագացվել է։ Եվս մի շարք պետությունների կառավարություններ հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ օգնություն ցույց տալու ուղղությամբ։ ՄԱԿ-ի՝ աղքատության վերացմանն ուղղված ծրագրերից մեկով նախատեսվում է մոտ 6-7 ամիս (դեկտեմբերից սկսած) բավականին լուրջ քանակով (սննդամթերքի տեսքով) օգնության հատկացում։ ՀԲ-ն եւս իր լուման է ներդնելու երաշտից տուժած բնակավայրերին հատկացվող օգնության մեջ։ Իսկ այդ «լուման» բավականին ծանրակշիռ է՝ չորս մլն 350 000 դոլար։ Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է Հայաստանին տրամադրել 6000տ ալյուր, ՌԴ-ն՝ 5-6000 տ սերմացու, Բելառուսի կառավարությունը՝ 3-4000 տ կարտոֆիլի սերմացու։ Այս բոլոր օգնությունները համակարգելու, կրկնությունները բացառելու նկատառումներով՝ կառավարական հանձնաժողովը տանում է լուրջ աշխատանքներ, որպեսզի չստացվի այնպես, որ հարյուր հազարավոր տոննա ցորեն կուտակվի, փոխարենը անասնակերի կամ կարտոֆիլի սերմացուի պակաս զգացվի։ Պրն Գեւորգյանը որպես օրինակ բերեց Հունաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների առաջարկած ցորենը նույն արժողությամբ անասնակերով փոխարինելու իրենց խնդրանքը։ Կառավարական հանձնաժողովն արդեն երեք նիստ է գումարել այդ հարցերը համակարգելու նպատակով։ Ամբողջական պատկերը՝ որքա՞ն սերմացու է պետք, որքա՞ն աշնանացան, որքա՞ն գարնանացան, որքա՞ն վառելիք, արդեն իսկ ուրվագծվել է։ Նիստերին հրավիրվել են եւ աշխատանքներին մասնակցել Հայաստանին օգնելու ցանկություն արտահայտած դոնոր-երկրների ներկայացուցիչները։ Երբ պարոն Գեւորգյանին խնդրեցինք իր կանխատեսումները ներկայացնել՝ ընդհանուր հաշվարկով որքա՞ն օգնություն է սպասվում, նա կատակեց, որ վախենում է կոնկրետ թիվ ասել, քանի որ՝ «ձեզ (լրագրողներիս- Մ.Բ.) թիվ ասողը կրակն է ընկնում»։ Բայց հետո, երեւի զգալով, որ եթե թիվ չասի, ավելի մեծ կրակը կընկնի, պրն Գեւորգյանը ենթադրեց, որ տարբեր աղբյուրներից ստացված օգնությունների ընդհանուր գումարը կարող է 15-20 միլիոն դոլար կազմել։ Կարտոֆիլի գնի աճ շուկաներում, ըստ գյուղնախարարի, չի բացառվում, սակայն, ելնելով այն փաստից, որ գյուղացիներին արդեն խոստացել են բավականաչափ սերմացու տրամադրել, նա հույս հայտնեց, որ ստացված բերքից սերմացուի համար այս տարի գյուղացին քիչ կպահի եւ շատ մասը վաճառքի կհանի։ Կարտոֆիլի թանկացման օբյեկտիվ պատճառ, այնուամենայնիվ, կա, երաշտի պատճառով սպասվելիք բերքի 25-30%-ի կորուստ է գրանցվել, մոտավորապես 100-120 հազար տ պակաս բերք է ստացվել։ Ի դեպ, պրն նախարարը կարծում էր, որ եթե երաշտը չլիներ, Հայաստանում մեծ բում էր լինելու գյուղատնտեսության բնագավառում. «Ցավոք, երաշտը խանգարեց, բայց տեղի ունեցավ մի այլ բան. այս տարի գրեթե ողջ բերքն իրացվեց՝ ե՛ւ լոլիկի, ե՛ւ խաղողի։ Ճիշտ է «Պեռնո Ռիկարը» 9000 տ պակաս խաղող մթերեց, բայց մենք մնացած գործարանների միջոցով 10000 տ խաղող ավելի մթերեցինք։ Արդյունքում՝ անցյալ տարվա մթերածից 1000 տ ավելի խաղող ենք մթերել։ Սա լուրջ հաջողություն է։ Ըստ որում, նոր գործարաններ են շարք մտել»։ Իսկ ինչ վերաբերում է ծիրանի եւ լոլիկի մթերմանը, արդյունքներն ավելի խոսուն են. «Ծիրանի եւ լոլիկի մթերումը կատարվել է այնքան, որքան բերել են, մինչեւ վերջին օրը գործարաններն ընդունել են։ Լուրջ տեղաշարժեր կան»։ Բնականաբար, գյուղատնտեսության ոլորտի ամենալուրջ խնդիրը մնում է ոռոգման համակարգի բարելավման հարցը. «Արարատյան հարթավայրում ջրի հետ կապված պրոբլեմ գրեթե չունեցանք, բայց դա մեզ վրա շատ ծանր նստեց։ Կարող էինք վարձավճարները չմուծելու համար ջուրն անջատել, բայց նման բան մեզ թույլ չտվեցինք, որովհետեւ, հակառակ դեպքում, բերքն ամբողջությամբ կփչանար։ Բայց հիմա շատ պարտքեր են կուտակվել»։ ՀԲ-ն ՀՀ ոռոգման համակարգերի բարելավման նպատակով իրացնում է երկու ծրագիր։ Առաջինը չնայած ծրագրված էր նոյեմբերին ավարտել, բայց ապրիլ-մայիսին նոր կավարտվի։ Դրան կփոխարինի երկրորդ ծրագիրը, որը կարժենա մոտավորապես 70 մլն դոլար։ Դրանից բացի, կա ջրամբարների ամրապնդմանն ուղղված հատուկ ծրագիր, որը կարժենա 32-35 մլն դոլար։ Այսպիսով, ջրաշինարարական աշխատանքների համար առաջիկայում նախատեսվում է տրամադրել ընդհանուր հաշվով 100 մլն դոլար, որն ըստ Զ. Գեւորգյանի. «Բավականին լուրջ գումար է մեր երկրի քայքայված ոռոգման համակարգը խելքի բերելու համար»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել