Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 10,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ Ոգեւորված Ֆրանսիայի Սենատի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից՝ երեկ երախտապարտ հայերի մի մեծ խումբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դարպասներից ներս էր նետել հարյուրավոր ծաղկեփնջեր եւ փուչիկներ։ Ըստ լուրերի, մեկն անգամ մատաղ էր արել դարպասի դիմաց: Ենթադրում ենք, որ Սենատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ այսուհետ հայերը հայրենիքից կնախընտրեն արտագաղթել ոչ թե Ամերիկա, այլ Ֆրանսիա։ ԴԻՄԵՔ ՍԵՌԱԿԱՆ ՌԵՖՈՐՄՆԵՐԻ ԼԻԳԱՅԻՆ «Շամպայն չե՞ք բերել»,- Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հրավերը տոնելու հույսով հետաքրքրվեց լրագրողներից մեկը։ Թյուրիմացաբար իր հարցն ուղղեց Ռուսաստան-Բելառուսին Հայաստանի միանալու հսկայական պաշտպան Աղասի Արշակյանին եւ նա մուննաթ եկավ. «Դո՛ւք պիտի մաղարիչ անեք, որ անդամակցել եք բոլոր կարգի փոքրամասնություններին»։ Քիչ անց նաեւ ափսոսանք հայտնեց. «Ավելի լավ է՝ Հայաստանը նշանված մնար Եվրախորհրդի հետ, քան ամուսնանար։ Ա՛յ, Ռուսաստանի հետ ամուսնանալը բոլորովին այլ դիրք է ենթադրում»։ «Ո՞ր դիրքը»,- հարցը լսելով, պրն Արշակյանը թունդ կարմրեց եւ պատասխանեց. «Հակառակը»։ ՀԻԱՑՄՈՒՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՈԳԵՇՆՉՎԱԾՈՒԹՅՈՒՆ «Մենք հիացմունքով չենք վերաբերվում կառավարությունից դուրս եկող այդ փաստաթղթերին»,- ասաց ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը 2001-ի բյուջեի մասին։ Սերգո Երիցյանն այն անվանեց «ծակ բյուջե»։ Իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արա Կետիկյանն էլ բացահայտեց, որ վարչապետը վաղուց էր դժգոհ պետեկամուտների նախարարի աշխատանքից եւ այդ հարցը մի քանի անգամ քննարկվել էր ՀՀԿ խորհրդում։ Մինչդեռ «Կայունության» ղեկավար Վարդան Այվազյանը զգուշացրեց. «Ես ոգեշնչված չեմ կառավարությունների այս հաջորդական փոփոխություններով»։ ԳԵՂԱՄՅԱՆԻԱԴԱ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանը երեկ դարձյալ ներկայացրեց իրենց ղեկավարի անցած ուղին՝ կենտկոմի քարտուղար, հաջողակ բիզնեսմեն եւ այլն, հիմնավորելու համար իր այս պնդումը. «Հանրապետության նախագահի կողմից շռայլություն է Գեղամյանին չօգտագործելը։ Թափած հո չե՞ն նրա նման անհատները»։ Լրագրողուհիներից մեկին անմիջապես հետաքրքրեց, թե ինչպե՞ս պիտի Ռոբերտ Քոչարյանն օգտագործի Արտաշես Գեղամյանին։ Հավելենք՝ արդյոք վերջինս իրոք ցանկանո՞ւմ է օգտագործվել։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել