Ոգեւորված Ֆրանսիայի Սենատի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից՝ երեկ երախտապարտ հայերի մի մեծ խումբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դարպասներից ներս էր նետել հարյուրավոր ծաղկեփնջեր եւ փուչիկներ։ Ըստ լուրերի, մեկն անգամ մատաղ էր արել դարպասի դիմաց: Ենթադրում ենք, որ Սենատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման առթիվ այսուհետ հայերը հայրենիքից կնախընտրեն արտագաղթել ոչ թե Ամերիկա, այլ Ֆրանսիա։
ԴԻՄԵՔ ՍԵՌԱԿԱՆ ՌԵՖՈՐՄՆԵՐԻ ԼԻԳԱՅԻՆ
«Շամպայն չե՞ք բերել»,- Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հրավերը տոնելու հույսով հետաքրքրվեց լրագրողներից մեկը։ Թյուրիմացաբար իր հարցն ուղղեց Ռուսաստան-Բելառուսին Հայաստանի միանալու հսկայական պաշտպան Աղասի Արշակյանին եւ նա մուննաթ եկավ. «Դո՛ւք պիտի մաղարիչ անեք, որ անդամակցել եք բոլոր կարգի փոքրամասնություններին»։ Քիչ անց նաեւ ափսոսանք հայտնեց. «Ավելի լավ է՝ Հայաստանը նշանված մնար Եվրախորհրդի հետ, քան ամուսնանար։ Ա՛յ, Ռուսաստանի հետ ամուսնանալը բոլորովին այլ դիրք է ենթադրում»։ «Ո՞ր դիրքը»,- հարցը լսելով, պրն Արշակյանը թունդ կարմրեց եւ պատասխանեց. «Հակառակը»։
Կարդացեք նաև
ՀԻԱՑՄՈՒՆՔԻՑ ՄԻՆՉԵՎ ՈԳԵՇՆՉՎԱԾՈՒԹՅՈՒՆ
«Մենք հիացմունքով չենք վերաբերվում կառավարությունից դուրս եկող այդ փաստաթղթերին»,- ասաց ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը 2001-ի բյուջեի մասին։ Սերգո Երիցյանն այն անվանեց «ծակ բյուջե»։ Իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Արա Կետիկյանն էլ բացահայտեց, որ վարչապետը վաղուց էր դժգոհ պետեկամուտների նախարարի աշխատանքից եւ այդ հարցը մի քանի անգամ քննարկվել էր ՀՀԿ խորհրդում։ Մինչդեռ «Կայունության» ղեկավար Վարդան Այվազյանը զգուշացրեց. «Ես ոգեշնչված չեմ կառավարությունների այս հաջորդական փոփոխություններով»։
ԳԵՂԱՄՅԱՆԻԱԴԱ
«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Նապոլեոն Ազիզյանը երեկ դարձյալ ներկայացրեց իրենց ղեկավարի անցած ուղին՝ կենտկոմի քարտուղար, հաջողակ բիզնեսմեն եւ այլն, հիմնավորելու համար իր այս պնդումը. «Հանրապետության նախագահի կողմից շռայլություն է Գեղամյանին չօգտագործելը։ Թափած հո չե՞ն նրա նման անհատները»։ Լրագրողուհիներից մեկին անմիջապես հետաքրքրեց, թե ինչպե՞ս պիտի Ռոբերտ Քոչարյանն օգտագործի Արտաշես Գեղամյանին։ Հավելենք՝ արդյոք վերջինս իրոք ցանկանո՞ւմ է օգտագործվել։
ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶՆԵՐ
Հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ հակառակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այն հավաստիացումների, թե առաջիկայում կառավարության կազմում նոր փոփոխություններ չեն լինի, կադրային փոփոխությունները շարունակում են մնալ օրակարգում։ Նույն աղբյուրների պնդմամբ, մոտ օրերս ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանին այս պաշտոնում կփոխարինի նախագահ Քոչարյանի սիրելի եւ երբեմնի արհեստավարժ վարչապետ Արմեն Դարբինյանը։ Եթե հաշվի առնենք, որ կուլիսային խոսակցություններ կան նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հնարավոր պաշտոնանկության մասին, ապա, թերեւս, չի բացառվում, որ ՀՀ հաջորդ վարչապետ վերստին նշանակվի հենց Արմեն Դարբինյանը։ Ե՛վ պետական եկամուտների, ե՛ւ ֆինանսների նախարարների պաշտոնանկությունների միակ նպատակը բյուջեի տապալումը վերջիններիս վրա բարդելն է։
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՑԵ՞ՆԶ
Քաղաքաշինության եւ տարածքային կառավարման հարցերը համակարգող նախարար ընկեր Լեոնիդ Հակոբյանը հետաքրքիր «բարդույթ» ունի։ Հենց որ լրագրողները մոտենում են որեւէ հարց տալու, Լեոնիդ Սամսոնիչը խորհուրդ է տալիս. «Ավելի երիտասարդ նախարարներին դիմեք»։ Ստացվում է՝ «ճառ ասե՞մ, թե զանգ կախեմ»-ի պես մի բան։ Բայց դե, կախած զանգն էլ չի երեւում։
ԳԱՅԼԱՈՐՍ
Կառավարության նիստի վերջում Ռոբերտ Քոչարյանը շնորհավորելով պետեկամուտների նորանշանակ նախարար Անդրանիկ Մանուկյանին, պատվիրել է սկսել «գայլերից» եւ վերացնել «կռիշա» հասկացությունը։ Մյուս նախարարներին էլ հանձնարարել է աջակցել Անդրանիկ Մանուկյանին։
«ԱՆԻԾՎԱԾ ԳՈՐԾ»
«Առավոտի» հարցին՝ դժվա՞ր է, թե՞ հեշտ՝ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Դա անիծված գործ է»։ Հավանաբար, պարոն Մարգարյանը ճիշտ է։ Վարչապետի աթոռին կարծես թե թուղթուգիր է արված՝ ոչ ոք չի կարողանում երկար ժամանակ նստած մնալ այդ աթոռին։
Սեփ. լր.