Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 09,2000 00:00

ԹԵՎԱԿՈԽԵՑ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼ Ստամբուլում շարունակվող շախմատի համաշխարհային 34-րդ օլիմպիադան թեւակոխել է վճռորոշ փուլ, եւ այսօր յուրաքանչյուր միավորը էապես կարող է ազդել մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորության վրա։ 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը սկզբից եւեթ հանդիպեց առաջատարի դերը ստանձնած Գերմանիայի ուժեղ թիմին, որի առաջատարը շախմատային աշխարհում քաջ հայտնի Արթուր Յուսուպովն է։ Առաջին խաղատախտակի առջեւ նրա մրցակիցը Ռաֆայել Վահանյանն էր։ Ավաղ, մեր առաջատարը այս անգամ չցուցադրեց իրեն բնորոշ խաղը եւ կարճ դիմադրությունից հետո իրեն պարտված ճանաչեց։ Ցավալի միավոր կորցրեց նաեւ մեր մյուս փորձառու գրոսմայստերը՝ Սմբատ Լպուտյանը, որը զիջեց Դաուտովին։ Արտաշես Մինասյան-Լուտց պարտիայում, թեեւ մրցակիցները բավականին ջանք ու եռանդ կորցրին՝ մեկը մյուսի դիմադրությունը կոտրելու համար, սակայն դա ոչ մի արդյունք չտվեց եւ հակառակորդները համաձայնեցին բաժանել միավորը։ Առանձնահատուկ գովասանքի է արժանի Աշոտ Անաստասյանը։ Հայ շախմատիստը այստեղ՝ Ստամբուլում, պարզապես հիացնում է իր խաղով։ Բավական է ասել, որ նա առայսօր տասը հնարավորից վաստակել է 9 միավոր։ Նրա հերթական զոհը 10-րդ տուրում դարձավ Լութերը։ Ի վերջո, մեր թիմը տանուլ տվեց 1,5։2,5 ընդհանուր հաշվով։ Մյուս պարտիաներում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Ուկրաինա-Բուլղարիա՝ 2,5։1,5, Ռուսաստան-Ռումինիա՝ 4։0, Հունգարիա-ԱՄՆ՝ 2։2, Իսրայել-Դանիա՝ 2։2։ «Չոր» հաշվով ռումինացիների նկատմամբ առավելության հասնելով՝ ռուսներն այս մրցաշարում, թերեւս, առաջին անգամ միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։ Նրանք վաստակել են 28,0 միավոր։ Գերմանացիները հետ են մնում ընդամենը կես քայլով եւ առայժմ հանգրվանել են 2-րդ հորիզոնականում։ Ուկրաինայի թիմը 27,0 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ Հայաստանը ներկայումս 4-րդն է (26,5 միավոր)։ Երեկ կայացած 11-րդ տուրում մեր տղաներն ուժերը չափում էին Հունգարիայի, Ռուսաստանը՝ Ուկրաինայի, Գերմանիան՝ Բուլղարիայի հետ։ Տասներորդ տուրն անհաջող էր նաեւ մեր շախմատիստուհիների համար։ Նրանք 1,0։2,0 հաշվով պարտվեցին չեխուհիներին։ Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին, համապատասխանաբար, Մազակովայի եւ Պտաշնիկովայի հետ, իսկ Նելլի Աղինյանը տանուլ տվեց Սիկորովային։ Ուկրաինան զիջեց անվիճելի առաջատար Չինաստանին՝ 1։2, վրացուհիները առավելության հասան ռումինուհիների նկատմամբ՝ 2։1, Ռուսաստանն ու Նիդեռլանդիան խաղաղ դաշն կնքեցին՝ 1,5։1,5, իսկ Հարավսլավիան 2։1 հաշվով հանդիպումը շահեց Հունգարիայից։ 10 տուրից հետո առաջատարներն են. 1. Չինաստան՝ 23,0 միավոր, 2. Վրաստան՝ 22,5, 3-4. Ռուսաստան՝ 20,0, 3-4. Նիդեռլանդներ՝ 20,0… 10-13. Հայաստան՝ 18,0 միավոր։ Երեկ միմյանց հետ հանդիպեցին Բուլղարիա-Հայաստան, Չինաստան-Չեխիա, Վրաստան- Ուկրաինա, Հարավսլավիա-Ռուսաստան զույգերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել