ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՇՔԵՐԹ՝ «ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՅԱՑՔՈՒՄ» Արդեն երեք օր է, ինչ Կինոյի տանը ընթանում է «Մասնավոր հայացք» անկախ ֆիլմարտադրողների եւ փոքր բյուջեով ֆիլմերի առաջին միջազգային կինոփառատոնը։ Արդեն 3 օր է, ինչ հայ կինոսիրողը հնարավորություն է ստացել վայելելու իսկական բարձրարվեստ կինոն։ Այս ընթացքում իրենց կինոծրագրերն են ցուցադրել Ուկրաինան, Ռուսաստանը, Ղրղըզստանը, Լատվիան։ «Կլոր սեղանների» շուրջ կազմակերպված քննարկումների ընթացքում՝ խոսվել է կինեմատոգրաֆի ներկա վիճակի ու դրանից դուրս գալու ելքերի մասին։ Մենք էլ, իրավունք ունենալով սեփական մասնավոր հայացք՝ այս հրապարակման ընթացքում կանգ կառնենք միայն Ռուսաստանի ծրագրի եւ «Կլոր սեղանների» վրա։ «Մոլոխը» սովորական մարդկային հայացքով Ռուսաստանի կինոծրագիրը կազմելիս կինոքննադատ Գալինա Անտաշեւսկայան՝ Սանկտ Պետերբուրգից, ներառել էր կինոյի բոլոր ժանրերը՝ խաղարկային, վավերագրական, մուլտիպլիկացիոն, տեսաֆիլմեր։ «Ծրագիրը կազմելիս ես ընդգրկել եմ 5 անկախ կինոստուդիաների (անկախ ֆինանսներից) ֆիլմեր։ Հավաքել եմ ֆիլմեր, որոնք մի կողմից՝ համաշխարհային, ժամանակակից, կամ թեկուզ ռուսական կինեմատոգրաֆում երեւույթ են։ Բոլոր այն ֆիլմերը, որոնք ես ընդգրկել եմ, անկախ կինոստուդիաների արտադրանք են եւ ստեղծվել են առավելապես ռեժիսորի էներգիայի շնորհիվ։ Դրանք ռեժիսորական ֆիլմեր են»,172 նշեց Գալինա Անտաշեւսկայան։ Իհարկե, ռեժիսորական հայացքի տեսանկյունից հետաքրքիր էր ողջ ծրագիրը, սակայն կարծում ենք, որ Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունն ու հատկապես «Մոլոխ» ֆիլմը՝ կինոփառատոնի, եթե չասենք՝ նվաճումներից մեկն էր, ապա հաստատ հաջողությունն էր։ Էկրանին մոլոխն է՝ առասպելական հրեշը։ Ֆիլմը ժամանակի նկատմամբ մեր զգացողության, մեր ընկալումների ու հավատի մասին է, որը ներկայացվում է մարդկությանը հայտնի հրեշ Ադոլֆ Հիտլերի եւ Եվա Բրաունի սիրո պատմության միջոցով։ Ովքեր են նրանք՝ ոչնչությո՞ւն, թե՞ տղամարդ, սիրահա՞ր, թե՞ կին։ Հիտլերը մարդկության պատմության մեջ մնացել է հրեշի, բարբարոսի ու մարդասպանի կերպարով։ Իսկ Ալեքսանդր Սոկուրովը այդ նույն հրեշին ներկայացնում է իբրեւ սովորական մարդ իր թուլություններով, մարդ, որ սիրում ու սիրահարվում է, մարդ, որին, անկախ ամեն ինչից՝ սիրում ու անգամ սիրուց խելագարվում են։ Հետաքրքիր է, որ ֆիլմի ողջ ընթացքում երբեւէ չեն հնչում Հիտլեր կամ Բրաուն ազգանունները, նրանք ներկայացված են պարզ, սովորական մարդկային, ընկերական շրջապատում, որտեղ մեկը մյուսին, պարզապես, անունով է դիմում։ Ֆիլմը, թերեւս հետաքրքիր է նաեւ նրանով, որ անկախ այն հանգամանքից, որ դեպքերը կատարվում են Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում, այդուհանդերձ հանդիսատեսին մղում է խորհելու այսօրվա, մեր ժամանակի մասին։ Ալեքսանդր Սոկուրովը, իր մասնավոր հայացքի շնորհիվ, աշխարհին ներկայացնում է մեկ այլ Հիտլեր ու առաջարկում մտորել անցյալի ու ներկայի մասին նոր հայացքով։ Սոկուրովի ֆիլմերի հետահայաց ցուցադրության ընթացքում ներկայացվեց 7 ֆիլմ, կամ, ինչպես Գալինա Անտաշեւսկայան կներկայացներ՝ 7 մասնավոր հայացք՝ աշխարհահռչակ մարդկանց եւ երեւույթների մասին։ Ընդհանրապես, ռուսական կինոծրագրին հավասար հետաքրքիր էր հենց Գալինա Անտաշեւսկայայի խոսքն այդ ֆիլմերի, ռեժիսորների մոտեցումների մասին։ Յուրաքանչյուր ֆիլմի եւ ռեժիսորի մասին խոսելիս, նա ավարտում էր «ինչ է սա. ֆիլմ մեր մասին, մեր կյանքի մասին», կամ «սա մասնավոր հայացք է մեր կյանքի, մեր զգացողությունների ու ընկալումների մասին» խոսքերով։ Ելքի փնտրտուք «Մասնավոր հայացք» կինոփառատոնը թերեւս, անհրաժեշտ եւ հետաքրքիր է նրանով, որ Հայաստանում են հավաքվել անկախ կինոյի տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Երկրներ, որոնք ներկայացնում են հետխորհրդային շրջանը, երկրներ, որոնց կինոարտադրության խնդիրները շատ172շատ ասպեկտներով համընկնում են։ Ժամանակ առ ժամանակ խոսակցություններ, բանավեճեր են ծավալվում հայ կինոյի՝ պետության կողմից ֆինանսավորման շուրջ, սակայն մինչ օրս չի գտնվել այդ ելքը։ Թեպետեւ, այս քննարկումներից հետո այն եզրակացությանը հանգեցինք, որ առանձնապես դժվար չէ գտնել այդ ելքը, կամ նոր հեծանիվ հորինել։ Խորհրդային շրջանից մեր հետ ձերբազատված նույն Լատվիան, Ուկրաինան, Ռուսաստանը, կամ հենց Բուլղարիան գտել են այդ ելքը՝ հաշվի առնելով արդեն աշխարհում գոյություն ունեցող փորձը։ Ինչո՞ւ մեր պետությունը չի կարող հետեւել այդ փորձին։ Լատվիայում, օրինակ ստեղծված են անկախ պրոդյուսերական կենտրոններ, իսկ Բուլղարիայում՝ ազգային կենտրոն. պետությունը ֆինանսավորում է ոչ թե կոնկրետ կինոստուդիայի, ինչպես մեզ մոտ, այլ ֆիլմարտադրությունը։ Ընդ որում, այդ երկրներում պետությունից ստացված գումարները բաշխվում են մրցույթի միջոցով. նախ կայանում է սցենարի մրցույթը, ապա՝ ռեժիսորի, իսկ դրանից հետո արդեն, այսպես ասած, բյուջետային մրցույթը։ Կինոքննադատներից, պրոդյուսերներից, ռեժիսորներից, ֆինանսիստներից բաղկացած հանձնաժողովն է որոշում ում հատկացնել պետության գումարները՝ ազգային ֆիլմ արտադրելու համար։ Հայտնի է, որ ազգային ֆիլմը, էլիտար ֆիլմը չի կարող առեւտրային որակներ ու նպատակներ հետապնդել, այն պետք է ֆինանսավորվի պետության կողմից։ Սակայն, կրկնում ենք, ֆինանսավորվի ոչ թե առանձին կինոստուդիա, այլ ազգային կինոարտադրությունը։ Լատվիայի անկախ պրոդյուսերական կենտրոնի փոխտնօրեն Լայմա Ֆրեյմանը, մեղմ ասած, զարմացած էր, որ մեր պետությունը դեռեւս չի գտել գումարները բաշխելու մեխանիզմը ու մինչ օրս այն տրամադրում է մի կինոստուդիայի, որը դրանով հոգում է կինոստուդիայի պահպանման ծախսերը։ «Ես կարծում եմ՝ ճիշտ չէ կինոարտադրության համար գումար ուզել պետությունից։ Ֆիլմարտադրությունը եւ ստեղծագործական ցանկացած գործ, պետք է իրականացվի, գումարներ ձեռք բերվի գործընկերային փոխհարաբերությունների մակարդակով։ Մեր ստուդիան արդեն 3 տարի է գործում է եւ մենք ոչ մի կոպեկ չենք ստացել պետական ֆինանսավորումից։ Բայց ինձ մտահոգում է, թե ինչպես են անխնա ծախսվում պետական փողերը»,172 նշեց «Մասնավոր հայացք» կինոստուդիայի տնօրեն Հովհաննես Գալստյանը։ Ի դեպ, այս վիճակից դուրս գալու ելքերից մեկն էլ պարոն Գալստյանը տեսնում է անկախ կինոստուդիաների կայացման մեջ։ Նա այն կարծիքին է, թե որեւէ անկախ ստուդիա չի ֆինանսավորի այն ֆիլմերը, որոնք վերջին տարիների ընթացքում ֆինանսավորել է պետությունը։ Վերը նշված հարցերից բացի, Հայաստանի կինոքննադատների եւ կինոլրագրողների միության նախագահ Սուսաննա Հարությունյանին մտահոգում էր այն, որ Հայաստանը դեռեւս չունի անգամ կինովարձույթ։ Պետք է նախ ոչ ազգային, կոմերցիոն ֆիլմերով ձեւավորվի այդ կինովարձույթը, հետո դրանից ստացված գումարների որոշակի տոկոս տրվի ազգային կինոյին, ինչպես, ի դեպ, արվում է շատ երկրներում։ Կինոարտադրության խնդիրների շուրջ խոսակցությունն այդպես էլ չավարտվեց, ինչպես եւ մեր հրապարակումները «Մասնավոր հայացքի» շուրջ։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ