Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 09,2000 00:00

ՈՒՍԱՆՈՂ ԳՑՈՑԻ ԿԱՄ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱ Այս բնորոշումները շատ մեղմ են՝ բնութագրելու այն վիճակը, որի մեջ հայտնվել են հավատարմագրման հեռանկարով հուսավառ մասնավոր բուհերը։ «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է այն հնարքներին, որոնցով մասնավոր բուհերը ապահովում են ուսանողների անհրաժեշտ թվաքանակ։ Հնարավորինս շատ ուսանողներ ձեռք գցելու ջանքերը ոչ միայն փող աշխատելու ազնիվ նպատակն են հետապնդում, այլեւ հավատարմագրման համար պարտադիր պայման է։ Քիչ ուսանող ունեցող բուհերը ստիպված են լուծարվել կամ միավորվել այլ բուհերի հետ, ինչը նախանձելի հեռանկար չէ։ Հավանաբար ուսանող կորցնելու բուհերի փորձն այնքան տառապագին է, որ ընդունվելիս ուսանողի եւ բուհի միջեւ կնքվող պայմանագրում հատուկ պայմաններ են նախատեսում նրանց համար, ովքեր բուհը լքելու մտադրություն կունենան։ Ամենատարածված պայմանն այն է, որ հեռացող ուսանողից պայմանագրով պահանջվում է վճարել նաեւ հաջորդ տարվա ուսման վարձը։ Այսինքն, ուսանողը ստիպված է վճարել նաեւ այն տարվա համար, որն այդ բուհում չի անցկացնում։ Հակառակ դեպքում բուհը հրաժարվում է ուսանողին վերադարձնել նրա փաստաթղթերը եւ տալ ակադեմիական տեղեկանք, առանց որի նա այլ բուհ տեղափոխվել չի կարող։ Դատելով խմբագրության ստացած ահազանգերից՝ այս հնարքին առավել համառորեն դիմում է Ավանդական բժշկության ինստիտուտը։ Ուսանողներին ոչ մի կերպ չի հաջողվում հեշտ ու խաղաղ «հրաժեշտ տալ» այս բուհին։ Առանց հաջորդ տարվա վարձի՝ փաստաթղթերը չտալու հարցում ռեկտորն անզիջում է։ Եվ կարելի է ասել, որ այս մեթոդը բավականին արդյունավետ է, քանի որ ուսանողների մի մասը, հոգնած անարդյունք քաշքշուկներից, վերադառնում է «հարազատ» բուհ։ Ավելի համառները ստիպված են լինում դիմում գրել իրենց նախընտրած բուհի ռեկտորին՝ իրենց, առանց անհրաժեշտ փաստաթղթերի, բուհ ընդունելու խնդրանքով։ Ավանդական բժշկության ինստիտուտից մեկ այլ մասնավոր բուհ՝ Հայկական բժշկական ինստիտուտ տեղափոխված ուսանողները պատմում են, որ բուհից դուրս գալու համար ստիպված էին լինում դիմել տարբեր խորամանկությունների։ Ռեկտորի խանդը չարթնացնելու համար ոմանք բուհից հեռանալու պատճառ նշում էին ոչ թե այլ բուհ տեղափոխվելը, այլ հանրապետությունից հեռանալը։ Գովազդից կամ հակագովազդից խուսափելու նպատակով չենք նշի այն պատճառները, որոնք ստիպել են ուսանողներին մի բուհը նախընտրել մյուսից։ Մեզ ավելի շատ հետաքրքրում են բուհից բուհ տեղափոխությունների մեխանիզմի մանրամասները։ Ուսանողները համոզված էին, որ իրենց հետ անարդարացի են վարվում, որ Ավանդական բժշկության ինստիտուտի պահանջները օրինական չեն եւ այլն՝ թեեւ իրենք ստորագրել են պայմանագիր, որով հաստատագրված են այդ պահանջները։ Որոշեցինք մեր ձեռքի տակ եղած այդ պայմանագիրը վերլուծել իրավաբանի օգնությամբ եւ դիմեցինք Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբանական խորհրդատվական կենտրոն՝ պարզելու համար, թե, ի վերջո, որքանով են պահանջներն օրինական։ Ուսանողները պնդում էին, որ իրենց հետ կնքված պայմանագրերը օրինական չեն, քանի որ իրենք դա ստորագրել են տասնվեց-տասնյոթ տարեկանում, իսկ անչափահասի ստորագրությունն իրավական ուժ չունի։ Ըստ իրավաբանի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ընդ որում՝ ե՛ւ հին, ե՛ւ նոր տարբերակների, համաձայն, 14-18 տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել միայն իրենց օրինական ներկայացուցիչների (ծնողների, որդեգիրների կամ հոգաբարձուի) գրավոր համաձայնությամբ։ Առանց համաձայնության կարող են կնքել միայն այնպիսի գործարքներ, որոնք վերաբերում են «աշխատավարձը, կրթաթոշակը եւ այլ եկամուտներ տնօրինելուն եւ օրենքով պահպանվող հեղինակային իրավունքները պահպանելուն»։ Ակնհայտ է, որ բուհի հետ կնքվելիք պայմանագիրը այդ դեպքերից չէ, եւ ծնողների գրավոր համաձայնությունը պարտադիր էր, սակայն մեր զրուցակից ուսանողների ծնողները նման համաձայնություն չեն գրել եւ խիստ կասկածում ենք, որ մյուս անչափահաս ուսանողների համար Ավանդական բժշկության ինստիտուտը եւ ընդհանրապես մյուս բոլոր բուհերը նման համաձայնություն ունենան։ Ի դեպ, «վավեր է նաեւ հետագայում տրված համաձայնությունը», այնպես որ, բուհերին գլխի գցենք, որ կարող են այդ բացթողումը հիմա շտկել։ Ինչ վերաբերում է պայմանագրի այն կետին, ըստ որի. «գործերը այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու դեպքում փաստաթղթերը կվերադարձվեն միայն հաջորդ ուստարվա վարձը մուծելուց հետո», ապա չի կարելի ասել, որ այն հակաօրինական է։ Պարզապես, իրավաբանի գնահատմամբ. «կոռեկտ ձեւակերպում չէ՝ չմատուցած ծառայության համար վարձավճար պահանջել»։ Այս հարցը կարելի էր լուծել այլ տարբերակով, ասենք՝ ինչ-որ գումարի չափով տուգանք սահմանել պայմանագիրը ընդհատող կողմի համար։ Կամ՝ փաստացի կատարված ծախսերը փոխհատուցելու պահանջ դնել՝ թեեւ պարզ չէ, ինչ ծախսեր պիտի փոխհատուցի ուսանողը, եթե սովորած տարվա համար վարձ վճարել է, իսկ չսովորածի համար բուհն ի՞նչ ծախս պիտի անի։ Ինչեւէ, թեեւ պայմանագրով նախատեսված չէ, բայց ուսանողների հավաստմամբ իրենց չէին թողնում մասնակցել տարեվերջյան քննություններին՝ մինչեւ չէին վճարում հաջորդ տարվա ուսման վարձի կեսը։ Իրավաբանի մոտ տարակուսանք առաջացրեց պայմանագրի այն կետը, որում ասվում է. «Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, եթե հաջորդ ուսումնական տարիների համար նոր պայմանագրի կնքման անհրաժեշտություն չի առաջանում, սույն պայմանագիրը ուժը չի կորցնում եւ համարվում է երկարաձգված»։ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ ցանկացած գրավոր պայմանագիր կարող է փոփոխվել միայն գրավոր ձեւով եւ օրինական համարվել այն ստորագրողների կողմից վավերացնելուց հետո։ Այսինքն՝ պայմանագիրը երկարաձգելը եւս պիտի գրավոր լինի։ Ավանդական բժշկության ինստիտուտն իր հայտարարություններում նշում է, թե իր ծրագրերը համապատասխանում են համաշխարհային չափորոշիչներին (!)։ Գուցե պայմանագիրն է՞լ այդ չափորոշիչների հիման վրա է գրված։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հ. Գ. Խմբագրությանը բողոքներով դիմում են նաեւ «Րավվի» արդեն լուծարված համալսարանի ուսանողները։ Համալսարանի երեք համահիմնադիրները երեխաներին ստիպում են ուսումը շարունակել այն մասնավոր բուհում, որտեղ իրենք են տեղափոխվել աշխատանքի, այլապես հրաժարվում են վերադարձնել փաստաթղթերը։ Ծնողները բողոքում էին, որ իրենց զավակներին ստիպում են ուսումը շարունակել «Գրիգոր Զոհրապ» համալսարանում, իսկ իրենք չեն ուզում։ Ծնողներն ուզում էին իրենք ընտրել այն բուհը, որտեղ կսովորի իրենց երեխան եւ ոչ թե ենթարկվել բուհերի ներքին «առեւտուրին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել