Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 09,2000 00:00

ԻՍԿ ԱԹՈՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԿ ԷԻՆ Երեկ, ԱԺ կիսադատարկ դահլիճում քննարկեց եւ առաջին ընթերցմամբ ընդունեց երկու տնտեսական օրենքներ, ինչն էլ պատգամավորների կողմից «արդյունավետ աշխատանք» որակվեց։ Օրենքներից մեկին, որ վերաբերում էր ՓՄՁ-ին պետական օժանդակություն տրամադրելուն, «Առավոտն» արդեն անդրադարձել էր եւ կարծիք հայտնել, որ 92 մլրդ ճեղքվածք ունեցող բյուջեն որեւէ օգնություն չի կարող տրամադրել ՓՄՁ-ին, եւ մենք ականատեսն ենք լինելու կատարյալ ֆիասկոյի։ Այնուամենայնիվ, պատգամավորները, գուցեեւ ազնիվ մղումներից ելնելով, ընդունեցին օրենքը, եւ այս դեպքում անիմաստ է դառնում ցանկացա՛ծ դատողություն։ Մյուս օրենքն իսկապես չափազանց կարեւոր նշանակություն ունի, թեեւ, պատգամավորներից շատերի կարծիքով՝ այս եռօրյա մտցնելու պատճառը նախագահի ապարատից տարածվող լոբբինգն է։ Բանն այն է, որ երբ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մշակման ձեռնարկությունները հումք են ձեռք բերում եւ վճարում ԱԱՀ, նրանց շրջանառու միջոցներից ամեն անգամ մոտ 1 մլն դոլար «քնում է» բավական երկար ժամանակահատվածով։ Ուստի, փոփոխելով «ԱԱՀ-ի մասին» օրենքը, կառավարությունը առաջարկում է այս ձեռնարկություններին ազատել ԱԱՀ-ից։ Բուռն բանավեճ ծավալվեց առ այն, թե արդյո՞ք ԱԺ-ն կրկին գնում է առանձին ճյուղի արտոնություն տալու ճանապարհով, ինչին ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Սա առաջին հայացքից է արտոնություն թվում։ Իրականում, բացի 5-6 մլն դրամից, մենք ոչինչ չենք կորցնում, բայց հնարավորություն ենք տալիս, որպեսզի մեր արտահանման բալանսում 49% կազմող այս ճյուղը զարգանա, արտադրանքն էժանանա 16-17%-ով, ինչի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանում, հնարավոր է, որ էժան եւ մեծածախ շուկա դառնա»։ Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ առաջարկեց ակնագործությունը չզատել ոսկերչությունից ընդհանրապես, նկատի ունենալ նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որոնք էլ գուցե թափանիվ հանդիսանան եւ իրենց ետեւից տանեն տնտեսության մյուս ճյուղերը։ ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել