«Հայրենիք» դաշինքը միտինգի թույլտվության համար դիմել է քաղաքապետարան ու, թեեւ երթի մտադրություն չունի, ձեռի հետ նաեւ երթի թույլտվություն է խնդրել՝ խրատված Արկադի Վարդանյանի հետ կատարվածից։
Խորհուրդ կտանք քաղաքական ուժերին, որ այսուհետ ցույցին զուգահեռ միանգամից նստացույցի, հացադուլի, խարակիրիի եւ քաղաքական պայքարի այլ ձեւերի համար էլ թույլտվություն խնդրեն։
ՊԻՈՆԵՐԻ ԿԱՆՉԸ ԱՆԱՐՁԱԳԱՆՔ ՄՆԱՑ
Կարդացեք նաև
Երեկ կոմունիստ Նորիկ Պետրոսյանը կառավարությանը հարց ուղղեց. «Աստվա՞ծ պատժեց, թե՞ շուկայական հարաբերություններն իրենց երախն առան նախկին «Պիոներ կանչ», իսկ այժմ «Կանչ» թերթը, որ 6 ամիս է, չի հրատարակվում»։ Վարչապետը սրամիտ գտնվեց՝ այս հարցին պատասխանել հանձնարարելով տարածքային կառավարման եւ քաղաքաշինության հարցերի նախարար Լեոնիդ Հակոբյանին։ Բայց հենց նա ամբիոնից որոտաձայն ասաց. «Պարո՜ն Պետրոսյան», Նորիկ Պետրոսյանը տեղից հայտարարեց. «Ես նախապես համաձայնում եմ պատասխանին»։ Լեոնիդ Հակոբյանն էլ ասաց. «Շնորհակալություն», ու նստեց տեղը՝ առանց պարզաբանելու Աստծո պատժի եւ մնացած հարցերը։ «Սա կոչվում է լիիրավ փոխըմբռնում ԱԺ-ի եւ կառավարության միջեւ»,- գոհունակությամբ արձանագրեց Արմեն Խաչատրյանը։
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
ԼՂՀ Գերագույն դատարանում ընթացող «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությունը դարձյալ ընդմիջվել է՝ կապված Սասուն Աղաջանյանի հետ։ Դատարանը վերջապես բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը. այն է՝ ստեղծել հանձնաժողով եւ հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարությանը կատարելու համալիր դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննություն։
Երեկ մենք տեղեկացանք, որ Արցախ են մեկնելու այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներն ու մասնավորապես, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։