Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հայտարարել է, թե մտադիր է քաղաքականություն վերադառնալ։ Իհարկե, վերջինիս պարագայում ավելի ճիշտ կլինի ասել մուտք գործել քաղաքականություն, քանի որ այն, ինչով մինչ պաշտոնանկությունը զբաղվել է Արամ Սարգսյանը, դժվար է լուրջ քաղաքականություն անվանել։ Դատելով իշխանամետ մամուլի հրապարակումներից, Արամ Սարգսյանի այս հայտարարությունը իշխանությունների համար վտանգ է ներկայացնում։
ՀՐԱՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ներկայացուցիչների մակարդակով կայացած նիստը հրավեր է ուղղել Հայաստանին՝ այդ կառույցին անդամակցելու համար։ Նույնպիսի հրավեր է արվել նաեւ Ադրբեջանին, սակայն մի նախապայմանով, որ մինչեւ 2001 թվականի հունվարի 17-ը այդ պետությունը զեկույց ներկայացնի ԵԽ-ին՝ խորհրդարանական ընտրություններում տեղ գտած խախտումները վերացրած լինելու մասին։
Կարդացեք նաև
ՄԻԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
Ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ անդամակցել են Եվրախորհրդին։ Սա բարեբախտություն էր, քանզի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախապես հոռետեսություն էր արտահայտել, թե Հայաստանը կարող է Ադրբեջանից առանձին անդամակցել Եվրախորհրդին։ Սրա հավանականությունը նա գնահատել էր «համարյա թե զրո»։ Վարդան Օսկանյանը նշել էր. «Ես այնքան էլ լավատես չեմ՝ ելնելով տարբեր անդամ երկրների հետ այսօր մեր վարած խորհրդակցություններից, բանակցություններից։ Նրանք ուղղակի վճռական են, որ երկու երկրների (գոնե այս եկող, մոտ օրերի ընթացքում) անդամակցությունը լինի համատեղ»։
ԱԶԱՏՎԵՑ
Փաստաբան Կարո Կարապետյանը երեկ ազատ է արձակվել ԱԱՆ մեկուսարանից։ Ըստ «Առավոտի» տեղեկությունների, արդեն իսկ կարճվել է ՔՕ 65-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից պետական եւ հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչերի մեղադրանքով նրա դեմ հարուցված գործը։