Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 08,2000 00:00

ՀԻԱՆԱԼԻ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ Ստամբուլում շարունակվում է շախմատի համաշխարհային 34-րդ օլիմպիադան, որում խաղացվող պարտիաները տուրից տուր դառնում են ավելի հետաքրքիր ու դիտարժան։ Ուրախալի է, որ դրանում իրենց մեծ ավանդն ունեն մեր տղամարդկանց ու կանանց հավաքականները, որոնք տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակների վերին հորիզոնականներում։ Տղամարդկանց պայքարում 7-րդ տուրում Հայաստանն ուժերը չափեց Դանիայի հետ եւ հաղթեց 3։1 հաշվով։ Մեր թիմից Սմբատ Լպուտյանը եւ Արտաշես Մինասյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Աշոտ Անաստասյանն ու Կարեն Ասրյանը պարտության մատնեցին համապատասխանաբար Հանսենին եւ Պեդերսենին։ Շաբաթ օրը մեր տղաների հերթական մրցակիցը Շվեյցարիայի թիմն էր։ Այս անգամ էլ հայ գրոսմայստերները վստահ հանդես եկան ու պայքարը շահեցին 2,5։1,5 հաշվով։ Վահանյանը, Լպուտյանը եւ Մինասյանը խաղաղ դաշն կնքեցին մրցակիցների հետ, ընդ որում, Վահանյանը խաղում էր հանրահռչակ Վիկտոր Կորչնոյի հետ, իսկ Անաստասյանը թիմին բերեց հաղթական մեկ միավորը։ 9-րդ տուրում մեր տղաների ճնշմանը չդիմացան նաեւ իսպանացիները, որոնց առաջատարը հանրահայտ Շիրովն էր։ Նա, որ վերջին շրջանում հաստատուն տեղ է զբաղեցնում աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների շարքում, իրեն պարտված ճանաչեց Վահանյանի հետ պարտիայում։ Մրցակիցների հանդեպ իրենց առավելությունն ապացուցեցին նաեւ Լպուտյանն ու Անաստասյանը, իսկ երիտասարդ Ասրյանը թիմի հաշվարկին բերեց կես միավոր։ Այսպիսով, վաստակելով եւս 3,5 միավոր եւ Իսպանիային տալով ընդամենը 0,5 միավոր, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 25,0 միավորով հավասարվեց Գերմանիային եւ նրա հետ միասին բաժանում է 1-2-րդ տեղերը։ Մրցաշարային աղյուսակում նրանց հաջորդում են Ուկրաինան (24,5 միավոր), Ռուսաստանը (24,0), Բուլղարիան (24,0), Հունգարիան (23,5), Ռումինիան (23,5), Իսրայելը (22,5) եւ ԱՄՆ-ը (22,5)։ Ստամբուլում ուղղակի հիացնում են մեր աղջիկները, որոնք տուրից տուր բարելավում են իրենց խաղամակարդակը՝ տանելով մի շարք կարեւոր հաղթանակներ։ Մասնավորապես, 7-րդ տուրում հայուհիները 2։1 հաշվով առավելության հասան Հարավսլավիայի կանանց նկատմամբ։ Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Մարիկի եւ Պրուդնիկովայի հետ, իսկ ահա Գոհար Հլղաթյանը, որ խաղում է երրորդ խաղատախտակի վրա, հարկադրեց անձնատուր լինել Չելուշկինային։ Ութերորդ փուլում մեր աղջիկների եռյակը «ջարդուփշուր» արեց անգլուհիներին՝ մրցամարտը շահելով 3։0 հաշվով։ Հենց այս հաղթանակից հետո էլ մեր կանանց հավաքականը մի քանի աստիճան վեր ցատկեց ու մրցաշարային աղյուսակում հայտնվեց 4-րդ տեղում։ Այս տուրում դաժան փորձություն էր սպասվում մեր աղջիկներին։ Ինչպես եւ սպասվում էր, նրանք տանուլ տվեցին Վրաստանի անչափ ուժեղ թիմին, սակայն պայքարեցին ուժերի ներածի չափով։ Դանիելյանը հավասար պայքար մղեց Իոսելիանիի հետ եւ պարտիան ի վերջո ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Ափսոս միայն, որ Մկրտչյանն ու Հլղաթյանը տանուլ տվեցին։ Պայքարն ավարտվեց 0,5։2,5 ընդհանուր հաշվով։ 10-րդ տուրից առաջ մեր աղջիկները 17,0 միավորով Հարավսլավիայի, Հունգարիայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի հետ միասին բաժանում են 6-10-րդ տեղերը։ Իսկ առաջատարներն են Չինաստանը՝ 21,0 միավոր, Վրաստանը՝ 20,5, Ռուսաստանը՝ 18,5, Նիդեռլանդները՝ 18,5, Ուկրաինան՝ 18։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել