Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 08,2000 00:00

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՎՐԱ ՄԱՏ ԵՆ ԹԱՓ ՏԱԼԻՍ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի եւ Հայ փաստաբանների միջազգային միության երեկվա մամուլի ասուլիսին հրավիրվել էին ՆԳ նախարարության, վճռաբեկ դատարանի, արդարադատության նախարարության, Սահմանադրական դատարանի, նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի ներկայացուցիչներ, որոնցից միայն ՍԴ-ն «լայեղ» արեց մասնակցել։ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ հրավիրել էր պետական-իրավական կառույցների ներկայացուցիչներին, «որպեսզի հասարակության մեջ բաց չմնային այն հարցերը, թե այդ հարցերն օրինական են եղել, թե անօրինական»։ Ասուլիսի հիմնական թեման Արկադի Վարդանյանի հայտնի հանրահավաքն էր՝ «իրավական» հետեւանքներով, ձերբակալություններով հանդերձ։ Վերջին դեպքում խոսքը փաստաբան Կարո Կարապետյանին եւ մասնավորապես լրատվամիջոցներին վերաբերեց։ Գնահատելով Կարո Կարապետյանին ձերբակալելու փաստը, Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Ջանոյանն անդրադարձավ փաստաբանի պաշտպանվածության, նրա մասնագիտական գործունեության իրականացման ազատության, վարչական արդարադատության խնդիրներին։ Նա ասաց, որ հոկտեմբերի 30-ի երեկոյան Փաստաբանների միջազգային միության անդամ Կարո Կարապետյանը բերման է ենթարկվել Արաբկիրի ՆԳ բաժին։ «Նա ձերբակալվել է վարչական կարգով, մինչեւ դատարանի դատավորի առջեւ կանգնելը»։ Հետեւությունը մեկն էր. «իրավապահ մարմինների կողմից թույլ են տրվել օրենքի էական խախտումներ»։ Էական խախտումների մեջ նշվեց «Փաստաբանական գործունեության մասին» գործող օրենքի 21 հոդվածի ոտնահարումը, ուր, փաստորեն, սահմանված է փաստաբանի իրավական պաշտպանության մասին։ Ավելորդ չէ մեջբերել մի քանի հատված այդ հոդվածից. «Փաստաբանին ձերբակալելիս՝ ձերբակալումն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղյակ է պահում համապատասխան փաստաբանների միությանը» կամ «Արգելվում է այն ապացույցների օգտագործումը, որոնք ձեռք են բերվել փաստաբանի անձնական խուզարկության կամ նրա բնակարանի խուզարկության արդյունքում եւ որոնք պարունակում են փաստաբանական գաղտնիք»։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Օրենքի այդ պահանջն ակնհայտորեն խախտվել է, արհամարհված «Փաստաբանների միությունն էլ, Ձեզ նման, զրույցներից, հեռախոսազանգերից իմանալով փաստի մասին, փորձել է պաշտոնապես ճշտել. ՆԳ բաժին ուղարկելով Փաստաբանների միջազգային միության ղեկավար կազմից՝ փոխնախագահին եւ անդամներին», տեղեկացրեց պրն Ջանոյանը։ Սակայն դրանից հետո էլ «տարրական ինֆորմացիա» չեն տվել, չեն տեղեկացրել՝ Կարո Կարապետյանին ի՞նչ հանգամանքներում են տարել Արաբկիրի ՆԳ բաժին, ի՞նչ հիմքերով եւ ո՞ր գործի կապակցությամբ։ Կ. Կարապետյանը մինչեւ օրս չի լուծել իր պաշտպանության խնդիրը, միության անդամներին չի թույլատրվել տեսակցել նրա հետ։ Տ. Ջանոյանը տեղեկացրեց նաեւ, որ Կ. Կարապետյանը ձերբակալված է ոչ վարչական հիմքերով, այլ տեղափոխել են Ազգային անվտանգության մեկուսարան։ Ձերբակալությունն իրականացող մարմինը տեղյակ չի պահել միությանը. «Պաշտոնական գրություն, տեղեկություն, հաղորդում չենք ստացել»,- ասաց նա։ Տ. Ջանոյանն անդրադարձավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր Ռ. Ներսիսյան) կատարվածին, իր տարակուսանքը հայտնելով. «Ինչո՞ւ ոչ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում» լսվեց այդ գործը։ Նա ասաց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը բացառապես կարգավորում է դատարաններին ենթակայության խնդիրը»։ Արաբկիրի ՆԳ բաժինը (ուշադրություն դարձրեք) միջնորդությամբ մտել է Կենտրոնի դատարան՝ վարչական տույժի կամ կալանքի հետ կապված հարցերով։ Հրապարակելով հոկտեմբերի 31-ին դատավոր Ռ. Ներսիսյանի կայացրած որոշումը (տեղեկացանք. «Կ. Կարապետյանը մասնակցելով «XXI դար միջազգային անկախ ասոցիացիայի» կողմից կազմակերպված 2000 թ. հոկտեմբերի 30-ին թույլատրված հանրահավաքին՝ խախտել է դրա անցկացման կարգը»)՝ Տ. Ջանոյանը հարցրեց. «Ի՞նչ է նշանակում՝ երթին մասնակցելու համար վարչական տույժ» եւ ապա՝ «բերեք այդ հոդվածը։ Այդպիսի հոդված գոյություն չունի»։ Նորից ըմբոշխնենք որոշման «նկարագրական մասը». պարզվել է, որ փաստաբանը չի կազմակերպել ու անցկացրել, այլ կազմակերպել է իր կողմից մատնանշած մարմինը եւ «ֆիքսել է նրան որպես մասնակից։ Ենթարկել է վարչական կալանքի 7 օր, այն դեպքում, երբ նման ձեւակերպում չկա»։ Փաստաբանների միության նախագահը՝ գնահատելով կատարվածը, գտավ, որ «հապճեպորեն, առանց իրական հանգամանքների մեջ խորանալու, առանց վարչական օրենսգրքի կանոնները պահպանելու, հապճեպ անձին քարշ են տվել հնազանդ դատարան եւ նրան ենթարկել վարչական կալանքի, որպեսզի թիկունքում նախապատրաստեն քրեաիրավական պատասխանատվության հարցը»։ Ակնհայտ է, որ այս ամենը ուղղված է փաստաբանական ինստիտուտի դեմ։ Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Կարո Կարապետյանը մասնակցել է հանրահավաքին, որպես քաղաքացի եւ որպես փաստաբան եւ ոչ իր վստահորդի պաշտպան։ Նա խորհուրդ տվեց. «Իշխանությունները պետք է հստակ տարանջատեն՝ ո՞ւմ են ձերբակալել»։ Նա ընթերցեց ՆԳ լրատվական ծառայության հաղորդագրությունը, ըստ որի «Ձերբակալվել է ոմն… եւ նրա փաստաբան Կ. Կարապետյանը»։ Այսօրվա դրությամբ Կ. Կարապետյանը դեռ իր պաշտպանը չունի, ինչպես եւ չեն ունեցել այն 22 վարչական տույժի ենթարկվածները… անգամ դատարանում, երբ լսվել է իրենց հարցը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել