«ՌՈԶԵՆ ԼԵՎ»՝ ԼԱՎՆ Է, ՖԻՆՆԱԿԱՆ Ֆիննական «Հայմամուլը» կոչվում է «Ռաուտոկիրի»: Դա մասնավոր կազմակերպություն է, որն իր ոլորտում մենաշնորհ ունի: Կրպակները նույնպես մասնավոր են եւ թերթեր ու ամսագրեր են վաճառում, որովհետեւ դա նրանց ձեռնտու է: Խմբագրությունները գործ ունեն միայն «Ռաուտոկիրիի» հետ, ոչ թե մի քանի հարյուր կրպակների, ինչպես առաջարկում են որոշ վրեժխնդիր նախարարներ, որոնք սեփականաշնորհման անհեթեթ սխեմաներ առաջարկելով՝ «մուռ են հանում» իրենց չսիրած թերթերից: Ի դեպ, խմբագրությունների գործը շատ ավելի բարդ է Էստոնիայում, որտեղ կա հինգ «Հայմամուլ»: Էլ չասենք Մոսկվայի մասին, որտեղ ամեն մի շրջանում կա մի քանի տարածման գործակալություն: Դրան ավելացնեմ, որ թերթերի հիմնական եկամուտը ստացվում է ոչ թե կրպակային վաճառքից, այլ գովազդից եւ բաժանորդագրությունից: Օրինակ, «Պայատսեստու» թերթը, որը 3,5 հազար տպաքանակով լույս է տեսնում 97 հազար բնակչություն ունեցող Լահտիում, 700 հազար մարկ ստանում է գովազդից (մեկ դոլարը մոտավորապես 7 մարկ է), 500 հազար՝ բաժանորդագրությունից եւ 400 հազար տալիս է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որին, ի շարս այլ խորհրդարանական կուսակցությունների, սնում է պետությունը: Հելսինկիում մեզ (Իրինա Պետրոսյան՝ «Պրոմեդիա», Ռուբեն Սաթյան՝ «Նովոյե վրեմյա», Կարեն Զաքարյան՝ «Գոլոս Արմենիի», Էդվարդ Նաղդալյան՝ «Դելովոյ Էքսպրես» եւ ես) ընդունեց ռուսալեզու «Նովիե ռուբեժի» ամսագրից Նիկոլայ Մեյներտը՝ ռուս մտավորական, այդ բառի դասական եւ բարձր իմաստով: Նրա հրատարակիչն է Վերոնիկա Պենանենը՝ ֆիննի հետ ամուսնացած մի ռուս կին Պետերբուրգից, որը Արեւմուտքում գտնվելու տասը տարիների ընթացքում իր քրտինքով, փաստորեն, «զրոյից» կարողացավ բարգավաճ բիզնես ստեղծել: Երկու հիշատակած պարբերականների հետ համեմատած, «Հելսինկի սանոմատ» օրաթերթը անոմալ երեւույթ է: Դա միակ համազգային օրաթերթն է եւ հինգ միլիոնանոց երկրում լույս է տեսնում 1,2 մլն տպաքանակով: Թե ինչպես է Ֆինլանդիայի ամենահարուստ մարդու կողմից հրատարակվող թերթը ազատվել բոլոր մրցակիցներից, չեն կարող բացատրել նույնիսկ շքեղ, XXI դարի ապակե 9 հարկանի պալատներում աշխատող «Հելսինկի սանոմատի» լրագրողները: Իրենցը, հավանաբար, ուրիշ է: Բայց, ընդհանրապես, ֆինների հաջողության գրավականը. ա) նրանց ֆենոմենալ աշխատասիրությունն ու օրինապահությունն է եւ բ) այն, որ «սառը պատերազմի» ժամանակ նրանք լավ հարաբերություններ ունեին Սովետների հետ՝ գրեթե մենակ մնալով սպառման հսկայական շուկայում: Հիշո՞ւմ եք, ինչով էր անմոռանալի ընկեր Սաախովը առնում իր հարսնացուին: Ֆիններն ասում են՝ «Մոտիկ հարեւանների հետ, ինչպիսիք էլ նրանք լինեն, պետք է լավ հարաբերություններ պահպանել»: Բայց այդ թեմայի շուրջ կարելի է մտորել նաեւ Երեւանում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հելսինկի