Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 08,2000 00:00

ՄԵՐ ՀԱՐՑԸ ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ Նոյեմբերի 7-ին ներկայացուցիչների մակարդակով հրավիրված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Երեւանի ժամանակով մինչեւ 21։00-ն դեռ որոշում չէր կայացրել Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի վերջնական եւ լիարժեք անդամակցության վերաբերյալ։ Նոյեմբերի 7-ին ներկայացուցիչների մակարդակով հրավիրված Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Երեւանի ժամանակով մինչեւ 21։00-ն դեռ որոշում չէր կայացրել Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդի վերջնական եւ լիարժեք անդամակցության վերաբերյալ։ Իսկ քննարկումները սկսվել էին վաղ առավոտից, որոնց ընթացքում առաջին հերթին լսվել էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչների զեկույցը՝ Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ։ ԵԽ ԽՎ-ից միջազգային դիտորդական առաքելության կազմում ընդգրկված են եղել շվեյցարացի Անդրեաս Գրոսը եւ հունգարացի Անդրաշ Բարսոնին։ Իսկ Եվրոպառլամենտի ներկայացուցիչ որպես, Ադրբեջան էր մեկնել ԵԽ նախկին գլխավոր քարտուղար շվեդ Դանիել Տարշիսը։ Նախարարների պատվիրակներին ներկայացնելով իրենց դիրքորոշումը, Ադրբեջան մեկնած ԵԽ ներկայացուցիչներն ասել են, թե բազմաթիվ խախտումներ են արձանագրվել ընտրություններում, թեպետ այս ընտրություններում, նախորդների համեմատ, առաջընթաց նկատելի է եղել։ Այդուամենայնիվ, նշվել է, թե որոշ ընտրատեղամասերից նույնիսկ միջազգային դիտորդներին են դուրս վռնդել։ Այս ամենը դիտորդների կողմից մեկնաբանվել է իբրեւ դեմոկրատական երեւույթ ու դրսեւորում չյուրացրած լինելու հետեւանք մի երկրում՝ տվյալ դեպքում Ադրբեջանում, ուր չկան ժողովրդավարական ավանդույթներ։ Հետկեսօրին, զեկուցողներին լսելուց հետո, նախարարների պատվիրակները շարունակեցին հարցի քննարկումը։ Նկատենք սակայն, որ մինչ այդ, մեկ առանձին հանդիպում են ունեցել Եվրոպայի լիդեր երկրների՝ Եվրամիության անդամ երկրների Ստրասբուրգում հավատարմագրված դեսպանները, որոնց շրջանակում այդ նիստից հետո դեռ միասնական տեսակետ չկար Ադրբեջանի ընդունելության հարցում։ Ու թեպետ, ինչպես հայտնի է, Հայաստանի անդամակցության առումով չկա առանձնակի պրոբլեմ, սակայն Ադրբեջանի պատճառով Հայաստանը եւս կարող է խնդիրների առջեւ կանգնել, քանի որ ԱՄՆ-ը եւ ԵԱՀԿ-ն հանդես են գալիս երկու երկրներին Եվրոպայի խորհուրդ միաժամանակ ընդունելու օգտին։ Այդուհանդերձ նշենք, որ Ադրբեջանի նկատմամբ վերապահ դիրքորոշումներ են արտահայտել Հոլանդիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի եւ մասնակիորեն նաեւ Գերմանիայի պատվիրակները։ Այնուհետեւ հետեւել է հանդիպումը Եվրոմիության անդամության թեկնածու երկրների պատվիրակների հետ, որոնք 13-ն են։ Ուշադրություն է դարձվել նաեւ Ռուսաստանի տեսակետին: ՌԴ-ն կողմ է Հայաստանի եւ Ադրբեջանի անդամակցությանը։ Ամփոփենք՝ ըստ էության, անդրկուլիսյան պայմանավորվածությունները դեռ ձեռքբերված չեն։ Դրա ազդանշանը կարելի է համարել եւ այն, որ նախարարների պատվիրակները Երեւանի ժամանակով 21.00-ին ընդհատել են քննարկումները (իսկ նիստը ընթանում էր փակ աշխատակարգով, ուր ներկա չէին ոչ Հայաստանի եւ ոչ էլ Ադրբեջանի ներկայացուցիչները), որոնք շարունակել են նոյեմբերի 8-ի առավոտյան։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ, Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել