Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 08,2000 00:00

27-Ի ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ «Հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ Կարեն Դեմիրճյանի դեմ, իրոք, ցուցմունք կա, բայց դա ոչ թե Նաիրի Հունանյանն է տվել, այլ Կարեն Հունանյանը՝ դեռ 1999 թ. դեկտեմբերի 31-ին»,- արձագանքելով «Առավոտի» մի հրապարակմանն՝ ասաց 27-ի գործին քաջատեղյակ մեկը։ Իսկ մեղադրյալ Կարեն Հունանյանի հիշյալ ցուցմունքը (այն տեղ է գտել 27-ի գործի 18-րդ հատորում), ըստ մեր աղբյուրի, Նաիրի Հունանյանն է հղացել դեռ 99-ի դեկտեմբերի 26-ին։ Այդ օրը նա հանդիպել է միանգամից մի քանի հոգու հետ՝ 27-ի գործի նախաքննությունը ղեկավարող զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի, Ալեքսան Հարությունյանի եւ Կարեն Հունանյանի հետ։ Ընդ որում ե՛ւ Ալ.Հարությունյանի, ե՛ւ Կարեն Հունանյանի հետ Նաիրի Հունանյանի զրույցները ձայնագրվել են։ Հենց Կարեն Հունանյանի հետ հանդիպման ժամանակ էլ Նաիրի Հունանյանը եղբորը խորհուրդ է տվել՝ ցուցմունք տալ, թե իբր Վազգեն Սարգսյանի սպանության պատվիրատուն Կարեն Դեմիրճյանն է եւ, որ վերջինս 27-ին ԱԺ դահլիճ մտնելուց առաջ Ն.Բադալյանի ներկայությամբ ԱԺ նախկին փոխխոսնակ Ռուբեն Միրոյանին հանգստացրել է, թե Վազգենին սպանելուց հետո իր «տղերքը կմտնեն» եւ կոչնչացնեն հնգյակին։ Ընդ որում, ինֆորմացիայի աղբյուր է նշվել Նաիրի Բադալյանը, որն իբր ներկա է եղել Դեմիրճյան-Միրոյան խոսակցությանը։ Կ.Հունանյանն այդ վարկածն անհեթեթ եւ անհնարին է համարել։ Նաիրի Հունանյանը պնդել է, ասելով, թե Ռոբերտի տարբերակը «զապաս» թող մնա, դու հիմա Կ.Դեմիրճյանի մասին ասա։ Արդեն դեկտեմբերի 31-ին Կարեն Հունանյանը քննիչ է պահանջել եւ շարադրել իր ցուցմունքը՝ նշելով, որ այս տարբերակն իրեն հուշել է եղբայրը՝ Նաիրին, բայց ինքը դա լուրջ չի համարում, իսկ Նաիրի Բադալյանը դրա հետ ամենեւին կապ չունի։ Եվ միայն 2000-ի հունվարի 3-ին Նաիրի Հունանյանը հարցաքննության ժամանակ խոստովանել է, թե ո՛չ ԱԺ նախկին խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ո՛չ Ն.Բադալյանը ընդհանրապես կապ չունեն ահաբեկչության հետ եւ, որ ինքն այդ ասել է ստիպված, որովհետեւ խառնված ու ցայտնոտի մեջ է եղել։ Թե ինչո՞ւ էր Նաիրի Հունանյանը նման վարկած հղացել եւ ինչո՞ւ էր հետո ստիպված եղել արդարանալ՝ կարող է տարակարծիք մեկնաբանություններ ունենալ։ Սրանցից մեկը, թերեւս, այն է, որ Նաիրի Հունանյանը պարզապես այս տարբերակը մոգոնել է ժամանակ շահելու համար, այնպես՝ ինչպես մյուս այն դեպքերում, երբ հիշատակում էր, ասենք, Վանո Սիրադեղյանին, Սամվել Բաբայանին եւ մյուսներին։ Մյուս տարբերակն այն է, որ այս ցուցմունքը Նաիրիին պարզապես օգնելու համար հուշել են։ Ու քանի որ որեւէ մեկը Հայաստանում չի հավատում, թե 27-ը հղացել եւ իրագործել են միայն այս հինգը, հիշյալ տարբերակը կարող էր տալ առկա հարցադրումների պատասխանը՝ ո՞վ է կանգնած Նաիրի Հունանյանի խմբի թիկունքում, եւ ինչո՞ւ էր պետք սպանել Կ.Դեմիրճյանին եւ փոխխոսնակներին, որոնք, չէին հասցրել «ծծել ժողովրդի արյունը»։ Բացի այս, սա նման կլիներ մինչ այդ կատարված այն սպանություններին, որոնց առնչությամբ քրգործերը կարճվել են՝ սպանության պատվիրատուի սպանված կամ ինքնասպան լինելու պատճառաբանությամբ։ Տեխնոլոգիան որքան պարզունակ, նույնքան ծանոթ է։ Առավել եւս, որ հոկտեմբերի 27-ից հետո անգամ մամուլում տեղեկություններ եղան, թե երկրի ղեկավարության կողմից Նաիրի Հունանյանի խմբին հենց դահլիճում ոչնչացնելու հրահանգ էր տրվել ռուսական «Ալֆա» ջոկատին։ Ինչեւէ, հայտնի է, որ իր այս վարկածի առնչությամբ հարցաքննության ժամանակ Ն.Հունանյանը նշել է, թե վերոնշյալի մասին ինքն ասել է նախ՝ Գ. Ջհանգիրյանին, հետո միայն՝ Կարենին։ Ճիշտ է, Ն.Հունանյանի հարցաքննությունը, կարծես, վերջ է դրել այս անհեթեթ ցուցմունքին, բայց այս ամենի մեջ մեկ այլ ուշագրավ հանգամանք կա։ Բանն այն է, որ Նաիրի Հունանյանը մեկուսարանում լինելով չէր կարող տեղյակ լինել այն փաստին, որ նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը 27-ին ԱԺ չարաբաստիկ նիստից մի քանի րոպե առաջ, իրոք, զրուցել է Կարեն Դեմիրճյանի հետ եւ այդ մասին նշել իր ցուցմունքում։ Այդ մասին նրան կարող էին ասել այն մեծ ու փոքր պաշտոնյաները, որոնք տիրապետում էին բոլոր ցուցմունքներին եւ շփվում Ն.Հունանյանի հետ։ Ուրեմն ո՞վ եւ ի՞նչ նպատակով է Նաիրի Հունանյանին տեղյակ պահել այս փաստի մասին եւ, ի վերջո, ո՞վ էր հուշել, որ հնարավոր է այս հանգամանքը նոր վարկածի առանցք դարձնել։ Հետաքրքիր է նաեւ մեկ այլ հանգամանք. Նաիրի Հունանյանը հիանալի հասկացել է, որ դեկտեմբերի 26-ի իր բոլոր զրույցները ձայնագրվում են եւ այդ առնչությամբ, ըստ մեր աղբյուրների, նույնիսկ մոտավորապես այսպես է արտահայտվել՝ ես հասկացա, որ մեզ ձայնագրում են եւ ես ընդունեցի խաղի կանոնները։ Ո՞վ էր խաղի կանոններ թելադրում՝ միայն ենթադրել կարելի է։ Հասկանալի է միայն, որ այն, ինչ Ն.Հունանյանն ասել է Ալեքսան Հարությունյանին եւ Կարեն Հունանյանին՝ դեկտեմբերի 26-ին, նախատեսված է եղել կամ նախաքննական մարմնին որոշակիորեն ուղղորդելու համար, կամ վերջիններիս հասկացնելու, որ պատվերը փոխանցված է հասցեատիրոջը։ Կարեն Հունանյանի հիշյալ ցուցմունքի մասին այլեւս հարցադրումներ չեն եղել։ Սակայն այսօր ամենատարբեր աղբյուրներ մտահոգություն են հայտնում, թե մտայնություն կա Կ.Հունանյանի այս ցուցմունքը վերակենդանացնել, եւ, թե այն ինչպե՞ս կմատուցվի գործի դատաքննության ժամանակ, հայտնի կլինի միայն դատավարության ընթացքում։ Ըստ ամենայնի, դա կախված կլինի նախեւառաջ ներքաղաքական իրավիճակից։ Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, թե մեղադրող կողմն ի՞նչ հրահանգ կստանա վերեւներից եւ մեղադրականում ո՞ր փաստերը կշեշտադրվեն։ Առայժմ, ըստ հավաստի տեղեկությունների, հիշյալ հարցում որոշակիություն չկա։ Բայց, որ Կ.Հունանյանի հիշյալ ցուցմունքը դժվար թե դատաքննության առանցք դառնա, հուշում են մեր այն տեղեկությունները, թե 27-ի գործը դատարան է մտնելու ոչ առանց կազմակերպիչների։ Որոշ աղբյուրներ վստահեցնում են, թե անակնկալ չի լինի, եթե դատավարության ժամանակ 27-ի կազմակերպման մեջ մեղադրվեն Նաիրի եւ Կարեն Հունանյանները։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել