Հետխորհրդային մարդու գիտակցության մեջ Ֆինլանդիան դրոշմվել է որպես երկիր, որտեղ հակաալկոհոլային խստագույն օրենքներն են գործում (սուխոյ զակոն): Պարզվում է՝ դա մոլորություն է: Այդ երկրում պարզապես մենաշնորհ է տիրում ալկոհոլային խմիչքների առեւտրի ոլորտում, որի հետեւանքով խմիչքի գները բավականին բարձր են՝ այն վաճառվում է հատուկ ժամերի ու հատուկ տեղերում: Դրանով, ի դեպ, Ֆինլանդիան պակաս ազատ եւ պակաս ազատ շուկայական երկիր չէ: Եվ ահա մենք՝ հայաստանցի լրագրողներս, զգուշացված լինելով ալկոհոլային խստությունների մասին, մեզ հետ վերցրել էինք ընդամենը մեկական կոնյակ (ինչը, համաձայնեք, հայերի համար գրեթե ֆանտաստիկա է): Բայց անցնելով սահմանային կետը եւ ստանալով համապատասխան կնիքը, մենք ֆինն իրավապահների համար որեւէ հետաքրքրություն չներկայացրինք:
«Տամոժնի» ասածը այստեղ (համենայնդեպս՝ առերեւույթ) գոյություն չունի: Ոչ միայն ոչ ոք չքրքրեց մեր ճամպրուկները, ոչ միայն «ռենտգենի տակ չգցեց» մեր ձեռքի բեռը, այլեւ չմոտեցավ մեզ: Ավելին՝ մենք որեւէ դռան մոտ չտեսանք համազգեստով որեւէ մարդ: Կամ մեր դեմքերն էին չափից դուրս ազնիվ, կամ էլ (որին ավելի եմ հակված հավատալու) կան, այնուամենայնիվ, վերահսկողության ձեւեր, որոնք, սակայն, ուղեւորին, քաղաքացուն, մարդուն ոչ մի նեղություն չեն տալիս: Բայց իրականում մենք Ֆինլանդիա ենք եկել, իհարկե, ոչ թե այդ երկրի մաքսային օրենքները ուսումնասիրելու:
Շրջագայությունը հովանավորող USAID կազմակերպության միջոցով մենք նպատակ ունենք ծանոթանալու Ֆինլանդիայի եւ Էստոնիայի թերթային բիզնեսի (մասնավորապես՝ տարածման) հետ: Բայց դրա մասին՝ առաջիկա համարներից մեկում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հելսինկի