Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 07,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ Ո՞ՒՄ ԳԼԽԻՆ ԵՆ ԱՄՊԵՐ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ Կամ հարկը չի հավաքվում Իսկի զարմանալի էլ չէ, ավելին, շա՜տ էլ սպասելի է, որ ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի կարծիքները նույն կառույցի շատ կոնկրետ աշխատանքի վերաբերյալ տարբերվում են 180 աստիճանով։ Ասենք, ներկայիս վարչապետի լիազորությունների սահմանն ինչքա՞ն է, որ ինչ կարծիք էլ ունենա։ Իր իսկ գլխավորած կառավարության ուժային կառույցների վրա նա որեւէ իրավասություն չունի. հանրապետության տնտեսական իրավիճակին չի տիրապետում։ Իր համար խելոք ամեն օր գնում է աշխատանքի, ինչ ասում են՝ հնազանդ կատարում է։ Մի անգամ որոշեց ինքնուրույն քայլ կատարել՝ շնորհակալություն հայտնել ու անձամբ ժամացույցներ նվիրել պետական եկամուտների նախարարին ու այլ աշխատակիցների՝ հարկահավաքության բարձր ցուցանիշների հասնելու համար, այն էլ՝ խնդրեմ։ Օրերս Ազգային հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խոսելով 2000թ. պետբյուջեի ծանր վիճակի մասին, նշեց. «Կա, իհարկե, նաեւ սուբյեկտիվ գործոն. այսօր կառավարությունը չի դրսեւորում համապատասխան քաղաքական կամք հարկահավաքման գործում։ Ես դժգոհ եմ այդ գործընթացից եւ կարող եմ ասել, որ համապատասխան քայլեր այդ ուղղությամբ ձեռնարկվելու են»։ Սովորաբար մեր նախագահը «խոսքը քամուն չի տալիս», եթե հայտարարեց՝ «քայլեր ձեռնարկվելու են», ուրեմն կարվի։ Այլ հարց է, թե ինչ քայլեր։ Նախ սկսենք այնտեղից, թե այդ ինչպես պատահեց, որ ՀՀ վարչապետի գնահատմամբ, հարկահավաքության համար պատասխանատու կառույցը լավ, նույնիսկ շատ լավ է աշխատում (այնքան լավ, որ վարչապետն անձամբ գնաց պետեկամուտների նախարարի դուռը՝ շնորհակալություն հայտնելու), իսկ ՀՀ նախագահը դժգոհ է նույն այդ կառույցի աշխատանքից։ Ավելին՝ նախագահի դժգոհությունը հասնում է մինչեւ կառավարություն։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Պողոսյանը Անդրանիկ Մարգարյանի «մարդն» է ու մեզ հասած տեղեկությունների համաձայն էլ՝ նախագահի համակրանքին առանձնապես չի արժանանում։ Ուստի, վարչապետն ու պետեկամուտների նախարարը պետք է փորձեին փոխադարձաբար ռեւերանսներ անել ու ձեւացնել, թե պետական բյուջե մեծ մուտքեր են արվում։ Այնինչ, նախագահը մի հայտարարությամբ երկուսին էլ «խփեց» ու կրկնեց. «Կրկնում եմ, այդ առումով ուղղակի պահանջվելու է քաղաքական կամքի դրսեւորում։ Հայաստանում ոչ մեկը չպետք է հարկային դաշտից դուրս մնա։ Ցավոք սրտի, այդ պրոբլեմն այսօր դեռ կա, եւ պետք է եւս մեկ անգամ նշեմ, որ դա այսօր մեր կառավարության ամենից թույլ կողմն է»։ Դառնալով նախագահի նշած «համապատասխան քայլեր ձեռնարկելուն», ասենք, որ, մեր երկրում ձեւավորված ավանդույթի համաձայն, քայլերը լինելու են ոչ թե օրենքների գերակայության, հավասար իրավական դաշտի ստեղծման ուղղությամբ, այլ հերթական բարձրաստիճան պաշտոնյային մեկ ուրիշով փոխարինելով։ Իսկ եթե հաշվի առնենք վարչապետներ փոխելու մեր նախագահի հոբբին, ապա կարելի է կանխատեսել, որ այս անգամ «համապատասխան քայլեր ձեռնարկելիս» պաշտոնին հրաժեշտ կտա ոչ միայն պետեկամուտների նախարարը, այլեւ վարչապետը։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ Հ. Գ. Մինչ մեր հրապարակումը կտպագրվեր, մեր կանխատեսումները իրականություն դարձան՝ մասամբ: ԿԳՆ-Ի ԿՐԻԱՅԻ ՔԱՅԼՔԸ Թեպետ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը վաղուց էր աչքալուսանք տվել, որ վերականգնվում է հեռակա ուսուցման համակարգը, սակայն այս դեպքում էլ չկարողացան նախապատրաստական աշխատանքները ժամանակին ավարտել։ Հեռակա ուսուցման ընդունելություն անցկացնելու իրավունք ստացած բուհերը նոյեմբերի 1-ից պատրաստվում էին սկսել դիմումների ընդունումը, սակայն ստիպված էին հետաձգել, քանի որ արդարադատության նախարարությունը չէր հաստատել հեռակա ուսուցման ընդունելության կարգը։ Փաստորեն ԿԳՆ-ն քննություններից հաշված օրեր առաջ է միայն քննությունների օրինականացումն ապահովում։ Մինչդեռ բուհերը բավականին շահագրգռված են, որ հեռակա համակարգում թափուր տեղեր չունենան, քանի որ այդ համակարգը վճարովի է եւ հավելյալ եկամուտի երազելի աղբյուր է։ Եվ զարմանալի չէ, որ բուհերը նույնիսկ գովազդային արշավ են անցկացնում՝ դիմորդներին տեղյակ պահելով հեռակա ուսուցման հնարավորության մասին։ Դիմորդներին ժամանակին տեղեկացնելու անհրաժեշտությունը ԿԳՆ-ին, հավանաբար, չի մտահոգում, քանի որ նա հավատարիմ է մնում անհրաժեշտ նորությունները հասարակությանը վերջին պահին միայն մատուցելու ավանդույթին։ Սեփ. լր. ԱԺ-ՈՒՄ ՉԵՆ ԽՐԱՏՎՈՒՄ Երբ այս շաբաթվա եռօրյայի օրակարգն էր ձեւավորվում եւ կանոնակարգի խախտումներ վկայող պատգամավորին Տիգրան Թորոսյանը «Ճանապարհ ցույց տվեց», թե՝ դիմեք սահմանադրական դատարան, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը կիսահեգնական վրա բերեց. «Մի անգամ դիմեցիք՝ ի՞նչ խեր ստացաք»։ Իհարկե, ամոթ է, որ ԱԺ-ում խախտում են իրենց իսկ կանոնակարգը, պարզապես նրանց պատճառով, ես՝ որ «Պետություն եւ իրավունք» առարկա եմ դասավանդում Երեւանի թիվ 117 միջն. դպրոցում, անհարմար եմ զգում իմ աշակերտների առջեւ։ Իմ աշակերտները մասնակցել են հոկտեմբերի 23-ին կայացած ՍԴ-ի նիստին, եւ այդ ամբողջ ընթացքում նրանց համար տարօրինակ էր, թե պատգամավորներն ինչպե՞ս կարող էին հանդուրժել իրենց նախագահի կողմից կանոնակարգի այդչափ խախտումներով անցկացնել ԱԺ նիստը, հետո էլ ապավինել ՍԴ-ի որոշմանը։ Ու հիմա էլ, փառք մեր ազգի ընտրյալներին, օրակարգ ձեւավորելիս մի հարցի առիթով տարաձայնություններին Տիգրան Թորոսյանը կարող է հեգնել, իսկ Արմեն Խաչատրյանը հանգիստ կարող է ասել. «Մի անգամ դիմեցիք՝ ի՞նչ խեր ստացաք»։ Վերջինս սրանով միացավ նաեւ քաղաքական որոշ գործիչների այն թյուր կարծիքին, թե ՍԴ-ն պաշտպանեց Արմեն Խաչատրյանին։ Եթե անգամ ուրիշները կարող էին դա ասել, ապա Ա. Խաչատրյանն իրավունք չուներ ՍԴ-ի կողմից պաշտպանվածի դերում հանդես գալ։ ՍԴ-ի այդ նիստից հետո «Պետություն եւ իրավունք» առարկայի մեր մի դասը նվիրեցինք ՍԴ-ի նիստից մեր ստացած տպավորություններին։ Դա տեսական գիտելիքների եւ գործնական տպավորության հիանալի համադրում էր, եւ աշակերտների խորին ափսոսանքը նկատվեց, որ այսօր մենք ունենք այսպիսի կազմով Ազգային ժողով։ Եվ ես հրաշալի հասկանում եմ, թե ինչո՞ւ աշակերտների մոտ բազում հարցականներ առաջացան։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում «Հայլուրի» թղթակցի տված հարցին Արմեն Խաչատրյանի այն պատասխանը, թե՝ հուզված պահին կանոնակարգի խախտումներ լինում են։ Ստացվում է, որ այդ վիճակով նաեւ պատերազմ հայտարարելու որոշո՞ւմ էլ կարելի է կայացնել։ Եվ, ընդհանրապես, կարելի՞ է հանդուրժել, որ իրավական երկիր դառնալու ճանապարհին իրավախախտումների ենք հանդիպում հենց այնտեղ, որտեղ ժողովրդին ու երկրին շահավետ օրենքներ պիտի ընդունեն։ Ափսոսանքով ՝ ՍՎԵՏԼԱՆԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՀՈՒՇԱՄԱՏՅԱՆ՝ Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ՄԱՍԻՆ Պատմությունն ինքն է գտնում իր հերոսին։ Եվ եթե նկատենք, որ պատմությունը ստեղծում են մարդիկ, ապա թերթելով «Կարեն Դեմիրճյան» հուշամատյանը, կարող ենք ասել, որ պատմությունն այս դեպքում գտել7 է իր հերոսին։ Գրքում Դեմիրճյանին ճանաչողների ու գնահատողների խոսքն է, որոնցից յուրաքանչյուրը տալիս է Դեմիրճյան-քաղաքագետի, Դեմիրճյան-գործչի, Դեմիրճյան-քաղաքացու, Մարդու ուրույն կերպարը։ «Ի դեմս Կարեն Դեմիրճյանի՝ մեզ բոլորիս համար եւ, եթե կուզեք, ողջ աշխարհի համար գտնված էր մեզ շատ անհրաժեշտ ամենաօպտիմալ այն տարբերակը, որ այսօրվա մեջ իր այլընտրանքը մեզանում չունի, որ բացառիկ նվեր էր այսօրվա մեր շաղված-շփոթված երթին, եւ միայն թշնամու աչքը կնկատեր, որ հարկ է այդ անհատին վերացնել՝ Երթը դարձյալ խուճապի, շփոթի, անվստահության ու տագնապների ալեկոծումների հանձնելով». ՀԳՄ նախագահ Հրանտ Մաթեւոսյանն է, որը նաեւ հիշատակի իր խոսքում գրել էր. «Նրա սոսկական ներկայությամբ իսկ՝ մենք մեզ հավաքում էինք, մենք վերագտնում էինք մեզ-մեզ՝ երեկվա մեծ ու բարի հայրենիքի որդիներիս՝ լայնախոհ, անվեհեր, պարկեշտ, գորովով ու միամիտ սիրով առլեցուն աշխարհի, միմյանց ու ինքներս մեր հանդեպ»։ Էդվարդ Միրզոյան, Հովհաննես Չեքիջյան, Նիկոլայ Նիկողոսյան, Նիկոլայ Ռիժկով, Անատոլի Ալեքսանդրով, Սերգեյ Համբարձումյան, Սոս Սարգսյան, որի խոսքն ավարտվում է. «Էսպիսի մարդկանց կորուստը ազգային աղետ է դառնում երկրաշարժի նման, նույնքան ողբերգական հետեւանքներով…»։ Գրքում տեղ են գտել նաեւ նամակներ, հեռագրեր՝ հասցեագրված Կ. Դեմիրճյանին, վերջինիս մտքերը, լուսանկարները, որոնցից շատերը տպագրվում են առաջին անգամ։ Ռ. Մ. ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՋԱԶԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ Հոկտեմբերի 27-ին Թուրքմենստանը նշում էր իր անկախության օրը։ Այս տարի Հայաստանում եւս նշվեց այդ օրը, սակայն հասկանալի պատճառներով՝ նոյեմբերի 1-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։ Կատարումներով հանդես եկավ «Աշգաբադ-Նիսսա» ջազ-ֆոլկ անսամբլը։ Ի դեպ, թուրքմենականից թարգմանված «նիսսա» նշանակում է՝ մի վայր, որտեղ պեղվել է պարթեւական թագավորությունը։ Երաժիշտների կատարումների առաջին մասում ընդգրկված էին ստեղծագործություններ սաքսոֆոնի, դաշնամուրի, հարվածային գործիքների եւ բաս-կիթառի համար։ Չնայած մեզ համար մի փոքր խորթ է հնչում թուրքմենական ջազ հասկացությունը, բայց երաժշտությունը լսելի էր հավանաբար նաեւ այն պատճառով, որ Թուրքմենստանից ժամանած որոշ երաժիշտների արմատները հայկական էին։ Համերգի երկրորդ մասում հարվածային գործիքները, սինթեզատորը, ջութակն ու դուդուկը ստիպում էին մոռանալ, որ նվագողները թուրքմեններ են։ Թուրքմենական մշակմամբ կատարեցին նաեւ «Շալախոն»։ Ընթացքում հնչեցին ինչպես հանդարտ երաժշտություն՝ «Գարունը անապատում», այնպես էլ ոգեւորող, աշխույժ կատարումներ՝ «Շների կռիվը», որի բացատրությունը տվեց թուրքմեն դաշնակահարուհին։ Բանն այն է, որ թուրքմենները «Ալաբայ» կոչվող ցեղական շներ են աճեցնում։ Իսկ ինչո՞ւ հենց ջազային համերգ՝ անկախության օրվա առթիվ։ Համերգի կազմակերպիչ հանրահայտ ջազմեն Լեւոն Մալխասյանը պարզաբանեց, որ «Աշգաբադ-Նիսսան», միեւնույն է, պետք է համերգ ունենար եւ փաստորեն մեկը մյուսին շատ հաջող համընկավ։ Է. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել