Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր հայացք՝ «Մասնավոր հայացքին»

Նոյեմբեր 07,2000 00:00
kadr

Կաննի փառատոնի մրցանակակիր Ալեքսանդր Սոկուրովի «Մոլոխ» ֆիլմի ցուցադրությամբ, երեկ Կինոյի տանը բացվեց «Մասնավոր հայացք» կինոփառատոնը։

Այդ կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում «Մասնավոր հայացք» անկախ ֆիլմարտադրողների եւ փոքր բյուջեով ֆիլմերի առաջին միջազգային կինոփառատոնի տնօրեն Հովհաննես Գալստյանը նշեց, որ առաջինը լինելով՝ կինոփառատոնը կոմերցիոն բնույթ չի կրում։ «Պարզապես անկախ ֆիլմարտադրողների փոքր բյուջեով ֆիլմերը մենք դիտում ենք որպես Հայաստանի ճգնաժամային վիճակից՝ ելք։ Մենք կարծում ենք, որ մեր միջից պետք է ստեղծել-դաստիարակել անկախ ֆիլմարտադրողների, կրթել, քաջալերել, որպեսզի ինքը սկսի անկախ ֆիլմարտադրություն, եւ փոքր բյուջեով ֆիլմերի ստեղծմամբ մենք դուրս կգանք այս վիճակից»,- նշեց Հովհ. Գալստյանը։

Խոսելով Հայաստանի կինեմատոգրաֆիայում առկա խնդիրների մասին՝ պրն Գալստյանն այն տեսակետը հայտնեց, թե ներկայումս չկա հստակ հայեցակարգ՝ համաձայն որի պետությունը ֆինանսավորի այս կամ այն կինոստուդիան, ֆիլմը։ Նրա կարծիքով պետությունը պետք է օժանդակի անկախ ֆիլմարտադրողին, որովհետեւ մինչեւ այդ անկախ ֆիլմարտադրողը չլինի՝ այլ միջոցներ կինեմատոգրաֆ չեն հոսի։ Խոսելով փառատոնի անվանման մասին՝ Հովհաննես Գալստյանը նշեց, քանի որ գնալով կինոն դառնում է կոմերցալիզացված ու մակերեսային, ուստի իրենք քաջալերում են լավ կինոն, այլ խոսքով ասած՝ «Մասնավոր հայացք» կինոն։ Իսկ անդրադառնալով կինոփառատոնի էմբլեմին, որն իրենից ներկայացնում է մետաղադրամ՝ պրն Գալստյանը նշեց, որ անկախ ֆիլմարտադրողների՝ փոքր բյուջեով ֆիլմերը՝ գրոշային չեն։

«Դրանց նշանակությունը շատ մեծ է, ես ուզում եմ զուգահեռ տանել այն փաստի հետ, որ պատմության ընթացքում մեզ են հասնում միայն մետաղադրամները, իսկ թղթադրամները մանրվում են, ծախսվում… երբեւէ որեւէ մեկը մյուսին թղթադրամ հիշատակ չի թողնի, իսկ այ, մետաղադրամները խորհրդանշական նշանակություն ունեն»,- մեկնաբանեց Հովհաննես Գալստյանը։ Ուզում ենք հավատալ, որ «Մասնավոր հայացք» կինոփառատոնը իսկապես լավ ֆիլմեր կպարգեւի հայ կինոսիրողին, որը եւ ֆիլմերը կպահի իբրեւ հիշատակ։ Եթե հաշվի առնենք, որ փառատոնը բացվեց հայտնի կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Մոլոխ» ֆիլմով, կարծում ենք՝ փառատոնի կազմակերպիչների ցանկությունն իրականություն կդառնա։ Ի դեպ, ասուլիսին ներկա էր Ռուսաստանի (նաեւ Բուլղարիայի, Լատվիայի եւ Հայաստանի) կինոծրագրերի հեղինակ, կինոքննադատ Գալինա Անտաշեւսկայան։ Նա խոսելով փառատոնում ներկայացվելիք Ռուսաստանի կինոծրագրի մասին՝ նշեց, որ այն կազմված է գեղարվեստական, վավերագրական, մուլտիպլիկացիոն եւ տեսաֆիլմերից, որոնց միջոցով կփորձեն պատմել «մեր կյանքի մասին»։

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Սոկուրովին՝ տիկին Անտաշեւսկայայի խոսքերով՝ «դա երկար եւ հետաքրքիր պատմություն է»։ Նշենք միայն, որ «Մոլոխ» ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների եւ ստացել նույնքան մրցանակներ։ Երեւան գալուց առաջ Գ. Անտաշեւսկայան եւ Ալ. Սոկուրովն ընտրության առաջ են կանգնել՝ «Մոլոխի» մի օրինակը ուղարկվել է Սալոնիկի կինոփառատոնին, իսկ երկրորդ օրինակի համար երկմտել են՝ Երեւանի, թե Հնդկաստանի կինոփառատոնն ընտրել։ Հուրախություն հայ կինոսիրողի, ընտրությունն արվել է մեր օգտին։ «Մասնավոր հայացք-2000» կինոփառատոնը կտեւի մինչեւ նոյեմբերի 10-ը՝ Հայաստանի կինոծրագրով։ Այս փառատոնը հնարավոր է եղել իրականացնել շնորհիվ OSI Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի, Երեւանի քաղաքապետարանի, Պարադիզի, Նուշիկյան ասոցիացիայի, Կրեդիտ-Երեւան բանկի աջակցության։ Փառատոնի ընթացի մասին առավել մանրամասն՝ մեր հետագա հրապարակումներում։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930