Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՈՂԱԿԱԹ-2000»

Նոյեմբեր 07,2000 00:00
film

Մայր Աթոռ սբ. Էջմիածնի «Շողակաթ» ստուդիայի փառատոն-մրցույթն ավարտվեց։ Վեհափառ հայրապետի հանդիսապետությամբ եւ ներկայությամբ պետական այրերի եւ ներկայացուցիչների՝ հայտարարվեցին մրցույթի արդյունքները։

Ժյուրիի կազմում էին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Արարատյան թեմի առաջնորդ Հայրապետական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը, օպերատոր Ալբերտ Յավուրյանը, ռեժիսոր Մեսրոպ Մովսիսյանը եւ ճարտարապետ Միքայել Մկրտչյանը։ Հայտարարված էր 3 մրցանակ՝ լավագույն հեռուստահոլովակի, հեռուստահաղորդման եւ հեռուստաֆիլմի համար, ինչպես նաեւ՝ լավագույն ռեժիսորի, հեղինակի, օպերատորի երեք նոմինացիաներ։ Ներկայացվել էր 32 նյութ, 12 ֆիլմ, 15 հոլովակ, 5 հաղորդում, ամբողջությամբ՝ 8,37 ժամ տեւողությամբ նյութ։ Հաղթող ճանաչվեց «Ներսը» հեռուստահոլովակը (հեղինակ՝ Տիգրան Պասկեւիչյան, ռեժիսոր՝ Արա Շիրինյան), լավագույն հեռուստահաղորդման համար պարգեւատրվեց «Վարդաձորի խաչքարը» (հեղինակությամբ՝ Էդիկ Բաղդասարյանի, ռեժիսոր՝ Արա Շիրինյան, օպերատորներ՝ Տիգրան Գեւորգյան եւ Բենիկ Կարախանյան)։

Լավագույն հեռուստաֆիլմի համար մրցանակ չտրվեց, բայց խրախուսական մրցանակ ստացավ Սաթիկ Սեյրանյանի «Ծարաված մարդը» (օպերատոր՝ Վարդան Աբելյան) ֆիլմը, որը պատմում է մի հրաշագործ աղբյուրի եւ քարայրի մասին, ուր, ըստ ավանդության, ամփոփված են Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքները։ Լավագույն հեղինակի մրցանակը ստացավ Տիգրան Պասկեւիչյանը, լավագույն ռեժիսոր ճանաչվեց Արա Շիրինյանը, իսկ լավագույն օպերատորի մրցանակը շահեցին Տիգրան Գեւորգյանն ու Բենիկ Կարախանյանը՝ «Վարդաձորի խաչքարի» համար։

«Շողակաթ-2000» հոգեւոր թեմաներով հեռուստափառատոնի մասին զրույց վարեցինք ժյուրիի անդամ Միքայել Մկրտչյանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ.

– Ցավոք, համարյա բոլոր մասնակիցները չէին տարբերակել հեռուստաֆիլմը հեռուստահաղորդումից։ Երբեմն մի քիչ ստանդարտից դուրս հեռուստահաղորդումը ներկայացված էր որպես ֆիլմ։ Ֆիլմ, որպես ամփոփ ստեղծագործություն՝ գեղարվեստական կերպի եւ ասելիքի ամբողջականությամբ՝ չկար։ Մի երկու ֆիլմ, որ հավակնում էին, ունեին ասելիքի պրոբլեմներ։ Փառատոնի թեման խիստ տարբերվում էր սովորական փառատոներից։ Այսինքն, ասելիքի գերակայության հարցը կար, որովհետեւ հրավիրողն ուներ իր որոշակի պահանջը։ Եվ այն մարդիկ, ովքեր մասնակցում են, պիտի հաշվի նստեն այդ պահանջների հետ։

Կային ֆիլմեր, որոնք ասելիքի տեսակետից բոլորովին խնդիրներ չունեին, բայց շատ թույլ էին լուծված գեղարվեստական առումով, որն անիմաստ էր դարձնում քննարկումը։ Կային նաեւ զավեշտի հասնող նյութեր։ Եվ այս ամենը գալիս էր նրանից, որ «Շողակաթ» ստուդիան տեխնիկական պայմանները բավարարող բոլոր նյութերն ընդունել էր։ Ընտրություն չէր կատարել, որից դժվարացել էր ժյուրիի գործը. կատեգորիաները, թե որ նոմինացիաներով են, ներկայացրել էին հեղինակները եւ ոչ ստուդիան։ Կար մի ֆիլմ, որը, ժյուրիի միաձայն կարծիքով, խրախուսականի արժանացավ։ Չլինելով ֆիլմ՝ ամենամոտն էր կանգնած ֆիլմ հասկացությանը։ Երկար աշխատանքի դեպքում կունենար շահելու հնարավորություն։

Խոսքը Սաթիկ Սեյրանյանի «Ծարաված մարդը» ֆիլմի մասին է։ Ինչ վերաբերում է ժյուրիի քննարկումներին, նախորոք կարելի էր կարծել, թե բավականին տարակարծություններ կլինեն, բայց, ցավոք, նյութերն այնքան հարթ էին, որ գործը դրան չհասավ։ Դրանց 80%-ը միջին եւ միջինից ցածր որակի էին, մնացյալի մեջ էլ մրցակցություն չէր առաջանում։ Ես նորից եմ կրկնում, ցավոք. ցանկալի կլիներ հավասարների մեջ մրցակցությունը։

Հեռուստահոլովակներում կային երկու նյութ՝ Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ երաժշտական տեսահոլովակը եւ Տիգրան Պասկեւիչյանի «Ներսը» հոլովակը, որն էլ շահեց։ Քանի դեռ ժյուրին չէր տեսել Պասկեւիչյանի «Ներսը», ուշադրությունը մյուս տեսահոլովակի վրա էր։ Բայց երբ տեսանք «Ներսը», որը ասելիքի առումով ավելի մոտ էր կանգնած հայտարարված շրջանակին՝ ընտրեցինք այն։ Հաղորդում ասպարեզում իրավիճակն ավելի լավ էր, որովհետեւ կային մի քանի ավելի լավ նյութեր։ Ընտրվեցին երկուսը՝ «Ուշիի պեղումները» եւ «Վարդաձորի խաչքարը», որն էլ հաղթեց։ Բավականին հետաքրքիր հեռուստահաղորդում է (հեղինակ՝ Էդիկ Բաղդասարյան, ռեժիսոր՝ Արա Շիրինյան)։ Այս տեսակի հեռուստահաղորդումներ պետք է շատ ունենանք՝ նրանց մեջ բավական հոգեւոր գեղեցիկ լիցքեր կան, ինչո՞ւ չէ, նաեւ՝ մեղմ, քարոզչական ոճ, գրավիչ է նաեւ գեղարվեստական լուծումներով։ Ուրիշ մի կարեւոր խնդրի մասին կուզեի խոսել. երբ դեռ ժյուրին չէր սկսել իր աշխատանքը, արդեն լսում էինք, որ «բնականաբար, ամեն ինչ արդեն որոշված է, հայտնի է, թե ովքեր են հաղթելու» եւ այլն, եւ այլն։ Եթե կհավատան ընթերցողները, կարող եմ վստահաբար ասել՝ որեւէ նման բան չի եղել։ Սա այն դեպքն է, որ կարելի է հրավիրել ամենաբարձր մակարդակի հանձնաժողով՝ քննելու նյութերը։ Սա այն դեպքն է, ուր միանշանակ սուբյեկտիվության տեղ չկար։ Ավելին, այն նյութերը, որոնք որակ ունեն ասելիքի եւ գեղարվեստական առումով, մանավանդ, որ դիմացը 1700-ամյակն է՝ ողջունվում են «Շողակաթ» ստուդիայի կողմից։

Մայր Աթոռը կողջունի որեւէ ծրագիր, իդեա, որն իր բովանդակությամբ եւ որակով համապատասխանում է պահանջվածին, եւ կգտնի հովանավորություն։ Չեղավ որեւէ փորձ ուղղելու, ուղղորդելու, ամեն ինչ հանձնված էր ժյուրիի դատին։ Շատերը չէին մասնակցել ելնելով ավանդական ստերեոտիպից, որ մրցանակները նախօրոք բաժանված են, ժյուրին կանխակալ է եւ այլն։ Կան մարդիկ, որոնք իրենց մասնակցությամբ կարող էին հետաքրքիր դարձնել մրցույթը եւ ժյուրիի գործը բարդացնել ընտրության հարցում։ Կրկնվող անունները լուրջ են մոտեցել խնդրին, աշխատել են, չեն թերացել, կա պրոֆեսիոնալիզմ, կա լրջություն։ Ցանկալի կլիներ, որ մյուս փառատոներին միջակ որակը լիներ այս տարվա լավագույնների մակարդակին։

«Շողակաթ» փառատոնը հայտարարվեց որպես ամենամյա։ Եկող տարի այն կլինի հոբելյանական փառատոն 1700-ամյակի կապակցությամբ։ Մրցանակակիրներն իրենց պարգեւների մեծ մասը նվիրեցին «Հայաստան» հիմնադրամի «Ազատամարտիկների ֆոնդին» եւ հույս հայտնեցին, որ հայ հարուստները շուտով սկսվող «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին մասնակցելով՝ կաջակցեն Արցախի «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության նվիրահավաքին։

ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930