Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՎԵ՛Ք ՄԵԶ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ

Նոյեմբեր 07,2000 00:00
yerevan

1995թ. ընդունված Սահմանադրությամբ Երեւան քաղաքին տրվեց մարզի կարգավիճակ եւ մինչ այդ գործող Քաղաքային խորհուրդը, որն ընտրովի մարմին էր, դադարեց գոյություն ունենալ։ Այսպիսով, ահա արդեն հինգ տարի, Երեւանի կառավարումն իրականացնում է քաղաքապետարանը՝ գլխավորությամբ քաղաքապետի, որին նշանակում է ՀՀ նախագահը։ Արդեն իսկ պարզ է (լավ է՝ ուշ, քան՝ երբեք), որ մայրաքաղաքի կառավարման ներկայիս համակարգը չի արդարացնում իրեն։ Ստացվում է տարօրինակ, հակասական իրավիճակ, երբ նշանակովի քաղաքապետը գլխավորում է ժողովրդի քվեով ընտրված թաղապետերին, սեփական բյուջե չունեցող քաղաքապետարանը կարիքի դեպքում դիմում է տեղական բյուջե ունեցող համայնքներին, ու այսպես շարունակ։ Ժամանակին Երեւանի քաղաքային խորհուրդը պատրաստել էր «Երեւանի մասին օրենքի» նախագիծը, որն այդպես էլ մնաց թղթի վրա, երբ Սահմանադրությունն արեց իր «սեւ գործը»։

Երեւանի ներկայիս քաղաքապետը մի առիթով խոստովանեց, որ իր համար մայրաքաղաքի կառավարման նախկին համակարգն ավելի նախընտրելի էր։ Նա քաղաքի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների լուծումների ուշացումը կապում է Երեւանի կարգավիճակի եւ կառավարման համակարգի անկատարության հետ. «Իհարկե, մենք դեմ ենք հեղափոխական լուծումներին, նորը դեռ չստեղծած՝ հինը քանդելու մոտեցումներին, ավելի լավ է՝ թողնենք էվոլյուցիոն զարգացման ընթացքին։ Նախկին Երքաղխորհրդի գործկոմի եւ քաղաքային խորհրդի մոդելը, ինձ համար գոնե, ավելի ընդունելի էր, քան ներկա քաղաքապետարանի կարգավիճակը։ Երեւանի քաղաքապետարանը չի հանդիսանում նախկին քաղխորհրդի գործկոմի իրավահաջորդը, որովհետեւ կառավարման լրիվ նոր մոդել է ձեւավորվել։ Երեւանը մարզ չէ՛։ Երեւանը միասնական քաղաք է, որտեղ կան բազմաթիվ համաքաղաքային նշանակության խնդիրներ, որոնք յուրահատուկ չեն մարզերին»։ Որպես այդպիսիք, պարոն Բազեյանը տեսնում է ստորգետնյա անցումների, ջրային ավազանների, շատրվանների, արտաքին լուսավորության ցանցի, այգիների, համաքաղաքային նշանակության ճանապարհների հետ կապված խնդիրները, որոնց լուծումների համար անհրաժեշտ են միջոցներ։ «Երեւանի քաղաքապետարանը սեփականության իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում, չունի միասնական կառավարման համակարգ, ընտրովի մարմին, եւ այս պարագայում չի կարող լուծել հասարակությանը հուզող խնդիրներ։ Ակնկալում ենք, որ առաջիկա սահմանադրական բարեփոխումների ընթացքում անպայման պիտի այս հարցի լուծումը տրվի, Երեւանը պիտի ունենա ընտրովի մարմին, որը կվերահսկի գործադիրի գործունեությունը, կտնօրինի Երեւանի սեփականությունը, կհաստատի Երեւանի բյուջեն, կպլանավորի մուտքերն եւ ծախսերը»։

Սեփական բյուջե ունենալու կարեւորությունն ապացուցելու նպատակով (թեեւ այդ ճշմարտությունն ապացուցման կարիք չի էլ զգում), քաղաքապետը բերեց մի շարք ահազդու օրինակներ. ջրհեղեղի կամ որեւէ այլ փորձանքի դեպքում քաղաքապետարանն ընդամենը կարող է դիմել համայնքներին, խնդրել, որ միջոցներ հատկացվեն։ Իսկ այստեղ առաջ է գալիս մի ուրիշ, էլի շատ լուրջ պրոբլեմ. «Համայնքների վիճակն էլ շատ բարդ է։ Համայնքների սեփական եկամուտներն ու մուտքերը կազմում են իրենց բյուջեի ընդամենը 20-25%-ը, մնացածը դոտացիաների ձեւով տրվում է պետբյուջեից»։ Իսկ պետբյուջեի վրա, ինչպես արդեն բազմիցս առիթ ենք ունեցել համոզվելու, հույս դնելն անիմաստ է։ Երեւանի համայնքները 2000թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ստանում են դեռեւս 1999թ. պետական դոտացիաները եւ եկամտահարկի 15%-ը։ Մոտ 1 մլրդ դրամի չափ գումար դեռեւս չեն էլ ստացել՝ 99թ. նախատեսված գումարից։ 2000թ. համար դեռեւս ոչինչ հատկացված չէ։ Ու քանի որ նախատեսված գումարները կամ այդպես էլ տեղ չեն հասնում, կամ հասնում են մեծ ուշացումով, շատ պլանավորած աշխատանքներ կիսատ են մնում։

Նախորդ տարի Երեւանում համաքաղաքային նշանակության փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման համար պետբյուջեով նախատեսված էր 800 մլն դրամ, որից 415 մլն-ի չափով տարվա առաջին կեսին ծախսվել է՝ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, օգոստոսին, բյուջեի փոփոխության հետեւանքով, մնացած 400 մլն-ը կրճատվել է, իսկ այս տարի Երեւանի փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման համար որեւէ լումա նախատեսված չէ։ Մասնակի ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են «Երեւան» հիմնադրամից եւ համայնքների բյուջեներից հատկացված միջոցներով։ Բայց հասարակությունն ավելի լայնածավալ աշխատանքներ է պահանջում։ Նույն վիճակն է նաեւ շինարարության բնագավառում։ Կապիտալ շինարարության համար պետբյուջեով ոչինչ նախատեսված չէ։

Անցած տարի որոշակի միջոցներ էին նախատեսված տարիներ շարունակ անավարտ մնացած բնակելի շենքերը ավարտին հասցնելու համար։ Այդ շենքերի ապագա բնակիչներն արդեն 10-12 տարի սպասում են իրենց քանդված տների փոխարեն խոստացված բնակարաններին։ Բայց բյուջեի կրճատումների ընթացքում այդ շենքերի ֆինանսավորումը եւս կրճատվեց, իսկ այս տարի միայն երկու բնակելի շենք ավարտին հասցնելու եւ Դավիթաշենի կամուրջն առաջին փուլով հանձնելու համար սեփականաշնորհվող օբյեկտներից ստացված միջոցներից նախատեսվել է գումար հատկացնել։

Սեփական բյուջեի բացակայության պատճառով ոչ շահութաբեր «Երքաղլույս», «Ջրային կառույցներ» ձեռնարկությունները, որոնք իրականացնում են մայրաքաղաքի արտաքին լուսավորության եւ շատրվանների ու ջրավազանների շահագործումը, տարիների ընթացքում պարտքեր են կուտակել էներգետիկներին եւ այսօր երբեմն-երբեմն անջատումներ են տեղի ունենում. «Սա է իրավիճակը, անհնար է պետության այս վատագույն սոցիալ-տնտեսական իրավիճակում տեսնել զարգացած եւ բարգավաճ մայրաքաղաք»։ Այսքան տպավորիչ օրինակները չլինեին էլ, ակնհայտ է, որ ժամանակն է փոխելու Երեւանի կառավարման համակարգը։ Չնայած սեփական բյուջե եւ ընտրովի վերահսկիչ մարմին ունենալը ընդամենը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են բարգավաճ քաղաք ունենալու համար։

Երեւանը գեղեցիկ եւ մաքուր տեսնելու համար պետք է նաեւ համայնքների, քաղաքապետարանի բոլոր կառույցների լավ, շատ լավ աշխատանքը ու նաեւ սովորական, շարքային քաղաքացիների սրտացավությունը, «սա ի՛մ քաղաքն է» մոտեցումը։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930