Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԵՐԸ ՓՈԽԵԼԻՍ ԵՎ ԳՈԴՈՅԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Նոյեմբեր 07,2000 00:00
Gagik poghosyan

Եթե պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանին թվում է, որ իր հրաժարականը գեղեցիկ հեռանալու եւ ձեռքը նրբագեղորեն թափահարելու էֆեկտ թողեց, ակնհայտորեն սխալվում է։ Նրա գործունեության ընթացքում հարկահավաքությունն իրականացվում էր նույնքան վատ, որքան առաջ էր եւ դարձյալ շեշտը դրված էր ձեռներեցներից բռնի կանխավճարներ կորզելու սկզբունքի վրա։ Նրա օրոք դարձյալ կային արտոնյալ եւ «աչքի գրող» հարկատուներ, որոնցից հարկը գանձվում էր համապատասխանաբար։ Նրա ամպագոռգոռ ելույթները եւս եղան. նախագահը դժգոհ էր, բյուջեն՝ դատարկ։ Եվ շաբաթ օրն արդեն, ըստ մեր աղբյուրների, նրա հրաժարականի դիմումը պատրաստ էր։ Դիմումն անմիջապես ստորագրվել է։ Եվ կատարվեց այն, ինչ պիտի լիներ եւ ինչի մասին խոսվում էր դեռեւս հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո. պետեկամուտների նախարարի աթոռը զբաղեցրեց մինչ այդ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Անդրանիկ Մանուկյանը։ Ավելորդ չենք համարում նորից հիշեցնել «Առավոտին» տված իր հարցազրույցում պրն Մանուկյանի այն միտքը, որ եթե մեր նախարարները կաշառք չվերցնելու գայթակղությանը դիմանան գոնե երեք ամիս, պետության սոցիալական վիճակն ակնհայտորեն կլավանա։ Չենք թաքցնում, որ պրն Մանուկյանից նման ակնկալիք գոնե մեր թերթը՝ հավատալով նրա անկեղծությանը, ունի։

Մինչ այդ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի կարգավիճակին է արժանացել արդարադատության նախկին փոխնախարար, կառավարության իրավաբանական վարչության պետ Մանուկ Թոփուզյանը։ Գագիկ Պողոսյանը՝ որպես «տաշած քար», գետնին չմնաց. նրա գործունեության համար, երախտապարտ վարչապետը իր հրամանագրով պրն Պողոսյանին նշանակել է իր գլխավոր խորհրդական։ Թեեւ կառավարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին, սակայն, ըստ մեր տվյալների՝ կառավարության կազմին նոր թարմացում է սպասվում։ Մասնավորապես, տրանսպորտի նախարար Էդուարդ Մադաթյանն իր տեղը կզիջի իր նախորդին՝ Երվանդ Զախարյանին։

Ըստ չճշտված, սակայն տեղյակ աղբյուրի՝ իրենց աթոռներին (քավության նոխազի կարգավիճակով) հրաժեշտ կտան ֆինանսների եւ քաղաքաշինության նախարարները։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

ԱՊՏԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

zerbakalel

Հոկտեմբերի 30-ի հանրահավաքի մասնակիցների ձերբակալությունները ոչ այլ ինչ էին, քան Ռ. Քոչարյանի, փաստորեն, հրաժարականը։ Ստեղծվում է վտանգավոր նախադեպ՝ ձերբակալվում են խաղաղ հանրահավաքի մասնակիցները։ Ոչ թե կազմակերպիչները ու անցկացնողները, այլ մասնակիցները, որոնց մասին օրենքում ոչինչ ասված չէ։ Եվ եթե մենք այսօր հանդուրժենք, ապա այսուհետ Քոչարյանի պաշտոնանկության պահանջով ցանկացած հանրահավաքի ցանկացած մասնակից կարող է ձերբակալվել։ Այս ձերբակալություններն ապտակ էին ժողովրդավարությանը եւ մարտահրավեր ազատություն ու արդարություն պահանջող ժողովրդին։ Կոչ ենք անում ժողովրդին զսպվածություն։ Չի կարելի տրվել իշխանությունների սադրանքին, քանզի մեր պայքարը սահմանադրական է եւ իրականացվում է Օրենքի սահմաններում, նպատակ ունի վերականգնել սահմանադրական կարգը եւ հաստատել Օրենքի գերակայունությունը։

ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Հայոց տուն» Ազգային հայրենասիրական միության նախագահ Քննչական մեկուսարանից

06.11.2000 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930