Վերջերս Իտալիայի Կալտանիսետա քաղաքից հաղթանակով վերադարձավ Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո), որը մասնակցելով Բելինիի անվան վոկալիստների միջազգային մրցույթին, արժանացավ 2-րդ մրցանակի։
Մրցույթի նախագահն էր իտալացի հայտնի տենոր մաեստրո Ջուզեպպե Պաստորելլոն, իսկ ժյուրիի նախագահը՝ ավստրալացի հանրահայտ սոպրանո Ջոան Սազերլենդը։ Վարդուհու համար մեծ պատիվ էր հատկապես այն, որ միայն իրեն էր պատվոգիր հանձնել հենց աշխարհահռչակ երգչուհին։ Ջոան Սազերլենդը նշելով Վարդուհու ձայնի յուրահատուկ տեմբրը, հիացմունքի խոսքեր է ասել հայկական գեղեցիկ ձայների մասին ընդհանրապես, բարձր գնահատելով նաեւ Անահիտ Մխիթարյանի եւ Գայանե Գրիգորյանի ձայները։ Մրցույթն ընթացել էր երեք փուլով, որին մասնակցեցին մոտ քսան երկրներից ժամանած երգիչներ։
Այս տարի առաջին մրցանակ ոչ մեկին չշնորհվեց։ Երրորդ փուլը տեղի է ունեցել Բելինիի անվան օպերային թատրոնում, որտեղ հայաստանցի երգչուհին կատարել է Վերդիի «Տրուբադուր» օպերայից Ազուչենայի արիան։ Մրցույթից հետո կայացավ դափնեկիրների համերգը՝ Կատանիայի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբով։ Ներկայումս Ազգային օպերային թատրոնի առաջնակարգ մեներգչուհի, 29-ամյա Վ. Խաչատրյանը արդեն հասցրել է ճանաչում գտնել աշխարհի տարբեր երկրներում՝ Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Ամերիկա, Ռուսաստան։ Երգչուհին իր ուսումը ստացել է Երեւանի պետական կոնսերվատորիայում՝ Մարինա Հարությունյանի եւ Գոհար Գասպարյանի դասարաններում։ Կալտանիսետայի մրցույթներից մոտ տասը օր առաջ նա հաղթող է ճանաչվել Իսպանիայի Պանպլոնա քաղաքում կայացած Ջուլիան Գայառի անվան միջազգային մրցույթում։ Իսկ մինչ այդ Բելգիայի Լիեժ քաղաքում կայացած Վեռվիեռ օպերային երգիչների միջազգային մրցույթում Վարդուհին դարձյալ փայլուն հաղթանակ էր տարել։
Ի դեպ, Լիեժի մրցույթը տարբերվում էր նրանով, որ երկրորդ փուլում երգիչները հանդես էին գալիս ոչ միայն առանձին ստեղծագործություններով, այլեւ կատարում էին օպերային ներկայացումից բեմականացված մի հատված։ «Շատ ուրախալի էր ինձ համար,- պատմում է Վարդուհին,- որ ես ելույթ էի ունենալու բեմական հարդարանքով եւ հագուստով, եւ ես ակնկալում էի հանդես գալ որեւէ գեղեցիկ կանացի դերով, ինչպիսիք են Ռոզինան, Մոխրոտը, Էբոլին կամ Սանտուցան։ Բայց, ցավոք, ներկայացված տասը օպերային հատվածներից ժյուրին ընտրեց Գունոյի «Ռոմեո եւ Ջուլիետ» օպերայից՝ Ռոմեոյի դերը, որը տղայի դերերգ է՝ գրված մեցցո-սոպրանոյի համար»։
Կարդացեք նաև
Բոլոր այդ հաղթանակներից հետո Վարդուհին մեծ հաջողությամբ համերգներով հանդես եկավ Իտալիայում, իսկ այժմ Հայաստանում է եւ պատրաստվում է մենահամերգի, որը տեղի կունենա նոյեմբերի 13-ին, Կամերային երաժշտության տանը։ Նա իր հանդիսատեսին կներկայացնի միայն իսպանական երաժշտություն, որի մեծ մասը Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։ Վարդուհուն կնվագակցի դաշնակահարուհի Աննա Մանդալյանը, որի հետ նա աշխատում է եւ բեմ է դուրս գալիս արդեն չորս տարի։
2001-ի սեպտեմբերին Վարդուհին Իսպանիայում հանդես է գալու Ազուչենայի դերերգով՝ (Վերդի, «Տրուբադուր»), որը նա արդեն կատարել է Հայաստանի Ազգային օպերայում, մաեստրո Օհան Դուրյանի նվագակցությամբ։ Նույն 2001-ին, Կատանիայի օպերային թատրոնում կանցկացվի Բելինիի շաբաթ՝ նվիրված կոմպոզիտորի 200-ամյակին, որտեղ Վարդուհին բեմ կբարձրանա Ադալջիզայի դերերգով՝ Բելինիի «Նորմա» օպերայում։
ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ