Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՄ ՈՒ ԽՈՊԱՆ՝ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 04,2000 00:00
Robert Qocharyan

Հասարակության թշնամանքը այս իշխանությունների հանդեպ արդեն այնպիսի վտանգավոր չափերի է հասնում, որ ՀՀ «զորահանդեսի հրամանատար» Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում իր գործունեությունը շարունակելու մեն միակ ուղի է մնում՝ բանտախցեր «հրավիրել» բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ասել, որ նույն ինքը՝ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, որ օրը ցերեկով քանդվում է մեր տունը: Եւ իզուր են ոմանք զարմանում, թե ոստիկանները ինչպես համարձակվեցին բողոքի ցույցին մասնակցելու համար ձերբակալել տաղանդավոր դերասան Կարեն Ջանիբեկյանին: Իսկ ինչու՞ պիտի չհամարձակվեին: Վաղը, առանց աչքները թարթելու, նրանք, Քոչարյանի հրահանգով, կարող են ձերբակալել նաեւ Հրանտ Մաթեւոսյանին, Աղասի Այվազյանին, Օհան Դուրյանին, Տիգրան Մանսուրյանին… (շարունակեք՝ ըստ ձեր ճաշակի):Կարող են ձերբակալել կամավոր ու ակամա հացադուլավորներին, մետրոներում մուրացկանությամբ զբաղվողներին, դպրոցականներին, ուսանողներին, զոհված զինվորների մայրերին… Կարճ ասած, բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ասել, որ Ռոբերտ Քոչարյանը ոնց որ թե մտքին դրել է կացին դառնալ ու վերջնականապես կտրել այս երկրի առանց այն էլ ճլորած ու ծռված վիզը:

Ի դեպ, շատ-շատերի համար վաղուց արդեն գաղտնիք չէ (ով էլ որ մոռացել էր կամ չգիտեր՝ Ազգային հեռուստատեսությանը տված այս վերջին, իրոք որ «բացառիկ» հարցազրույցից հետո լիովին համոզվեց), որ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հլու ծառա զանազան քննիչների (դե, սրանց անզուգական ինտելեկտի մասին «մեր մեջ խոսելն էլ ամոթ է») իմացությունը հազիվ այնքան է, որ նրանք, մեծ ցանկության դեպքում անգամ, չեն կարող Կարեն Ջանիբեկյանի մակարդակի դերասանին զատել զանազան էժանագին կասետների շուլուխչի տղերքի մակարդակից: Նրանք, Քոչարյանի անմիջական գլխավորությամբ, ակնհայտորեն կդժվարանան տարբերակել, օրինակ, Հրանտ Մաթեւոսյանին՝ Աբգար Ափինյանից:

Այնուհանդերձ, եթե Ռոբերտ Քոչարյանը մկրատ բանեցնելը մի պահ մոռանա ու թողնի, որ գեներալական աստղերն ու շքանշաններն առժամանակ ննջեն նախագահական դարակներում (ո՞վ ունի այսքան առատաձեռն նախագահ…) ու որոշի հետաքրքրվել Հրանտ Մաթեւոսյանով ու Աբգարով եւ իմանա, որ, ըստ Աբգարի, Հրանտ Մաթեւոսյանը, օրինակ, նախանձից թուլացրել է Աբգարի ավտոմեքենայի անվադողը, որ Աբգարը աշխարհի երեսից վերանա, այստեղից էլ, բնականաբար, իմաստնաբար եզրակացություն կանի, որ եթե Հրանտ Մաթեւոսյանը Աբգարին նախանձում է, ուրեմն՝ էս Աբգարը ավելի լավ գրող է, ու ձերբակալելիս, բնականաբար, նրա ընտրությունը կանգ կառնի առաջինի՝ շա՜տ թույլ գրող Հրանտ Մաթեւոսյանի վրա (ուրիշ ի՞նչ չափանիշով պիտի առաջնորդվի):

Եթե դրան էլ գումարենք, որ, Աբգարի ձերբակալության դեպքում, մի խումբ հավերժ երիտասարդ ու հավերժ զառամյալ գրողներ բաց նամակներով կողողեն մամուլը՝ ի պաշտպանություն մեծ, շատ մեծ, անտանելի մեծ գրող Աբգարի (թե իր որ արժանիքի համար է էս Աբգարը անսպասելիորեն Հրանտ Մաթեւոսյանից այդքան մեծ գրող դարձել, իրենք, իհարկե, առանձնապես չեն էլ զլանում «խոստովանել»՝ գրողներն էլ են հաց ուտում…), ուրեմն՝ պարզից պարզ է, թե այդ երկուսից ով կհայտնվի բանտախցում:

Եվ վերջապես, ջրիկ կասետների հանաքչի տղերքին մեր իշխանությունները, ատամների արանքներից խորովածի մնացորդները քչփորելիս, տեսած կլինեն, իսկ Կարեն Ջանիբեկյանի դերասանական արվեստին ծանոթանալու համար, նախ, թատրոնի շենքը, ստամոքսը բերնեբերան լցնելուց հետո, զկռտալու համար, մեղմ ասած, այնքան էլ հարմար վայր չէ, երկրորդը՝ դրա համար էլ է բավարար գիտելիքներ ու ճաշակ պահանջվում, որից վերին էշելոններում չի ճարվում: Հայաստանը մի «գողտրիկ» բանտ դարձնելու Ռոբերտ Քոչարյանի անհագուրդ ցանկության պատճառը եթե նրա մտահորիզոնի աղետալի նեղության պատճառով է, ապա այն իրականություն դարձնելու նույնքան աղետալի դյուրինության մեղավորները մենք ենք՝ Հայաստանի հասարակության նույնքան նեղմիտ ու կարճատես անդամներս: Ինչպես բռնակալության հայտ ներկայացրած ցանկացած ղեկավար, Ռոբերտ Քոչարյանը նույնպես հիանալի «պարել» գիտի հասարակության արատների վրա:

Այդ հաշվարկների արդյունքում, բոլորս ականատես եղանք՝ նրան հաջողվեց ԱԺ-ում նահատակվածների արյան գետերի վրա ամրապնդել իր իշխանությունը: Սրա մասին այնքան է գրվել, որ որեւէ նորություն ինձ չի հաջողվի ասել: Բայց այ, «Հայկական ժամանակ» («Օրագիր») օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի մասին արժե, որ բանտի զգլխիչ համուհոտն զգացածներն ու մոտ ապագայում «զգալ պատրաստվողները» վերհիշեն: Երբ դատարանը ազատազրկեց Նիկոլ Փաշինյանին, թերթասեր հայ հասարակությունը երկու խմբի բաժանվեց, լրագրողները՝ նույնպես: Նրանք, ովքեր, այսպես ասած, հավան չէին Նիկոլ Փաշինյանին ու համամիտ չէին նրա հրատարակած թերթի որդեգրած կեցվածքին՝ ձեռքները շփեցին. «Շատ էլ լավ են անում, տեղն է իրեն»: Դե, Ռոբերտ Քոչարյանն էլ մտածեց՝ սրանք քանի իրար ուտում են, էդ ջահելի ողնաշարին քրեական հոդվածով մի հատ շրխկացնենք, թող խելքը գլուխը գա: Ու որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանի «խելքը գլուխը չեկավ», դա իր պինդ ողնաշարի ու իր արժանիքն էր, ոչ թե՝ հասարակության աջակցության արդյունքը: Իսկ երբ Աշոտ Բլեյանին ձերբակալեցին, տեսնել ու լսել էր պետք, թե «վաստակաշատ» դասատուների մի հոծ բանակ ոնց սկսեց հրճվանքով «բայաթի քաշել». «Բա չէ, ուրեմն՝ դու դասագիրք տպես, որտեղ դդումն էլ է հարբած լինում, ու ազատության մեջ ման գա՜ս…»:

Մի կողմ թողնենք, որ հարբածները սովորաբար, ըստ դատարկած բաժակների քանակի, ընդհուպ մոտենում են դդումի կարգավիճակին, եւ անձամբ ինձ անչափ դուր է գալիս, որ տվյալ դեպքում հարբածը դդումն է, ոչ թե խնձորը, բայց քանի՞ «դդումապաշտպանի» հետաքրքրեց, որ բացարձակ անմեղ մտավորական մարդը արդեն տարիուկես բանտում է: Հետաքրքրեց՝ ինչու չէ. մեր խայտառակ չափի հայրենասեր մտավորականները անմիջապես հասկացան, որ վերացավ ծովից ծով էրգրի ու մեր մի բուռ երկրի միջեւ ընկած ամենամեծ արգելքը. «Բա ուրեմն՝ դու համարձակվես կարծիք հայտնել, որ մեր երեխաները դեռեւս մսուրից չպիտի իմանան, որ դարասկզբին շուն թուրքերը մեզ մորթել ու բռնաբարե՞լ են, ուրեմն՝ մտքովդ անցնի մեր սիրասուն զավակներին զրկե՞լ վաղ մանկությունից գիշերները մղձավանջներից սարսափահար վեր թռչելու եւ «ջինջ ու անբիծ արցունքներով» ողբալու իր բազմաչարչար ժողովրդի արնաթաթախ անցյալի վրա՞… Դե, հիմա գնա ու փտի բանտում»:

Չափազանցնու՞մ եմ: Ամենեւին: Իսկ քանի որ չեմ չափազանցնում, ու ամեն ինչ հենց այսպես է որ կա, դե Ռոբերտ Քոչարյանն էլ առիթից օգտվում է, ու ով իր «արդար» քունը խանգարում է՝ տանում ու բանտ է խցկում՝ հրաշալի հասկանալով, որ ցանկացած ձերբակալության դեպքում հասարակությունը մի քանի խմբի է բաժանվելու, որովհետեւ այդ հասարակությանը չի հետաքրքրում՝ իրո՞ք, հանցագործություն կատարելու համար ես դու բանտում, թե՞ բացարձակ անմեղ ես: Հասարակությանը հետաքրքրում է՝ քո գոյությունը առհասարակ հաճելի՞ է իրեն, թե՞ ոչ: Եվ ահա այսօր այս նույն հասարակության մի մասն արդեն բանտում ու բանտի ճամփին է, մնացածներն էլ պոտենցիալ կալանավորներ են: Որովհետեւ այս նույն հասարակության մեծագույն մասը, չնայած սարսափելի դժգոհ է Ռոբերտ Քոչարյանից, բայցեւ տարրական պատկերացում չունի, թե ինչ է ժողովրդավարությունը (իսկ ժողովրդավարությունը, ամոթ էլ է հիշեցնելը, նախեւառաջ հանդուրժողականությունն է քեզ պես չմտածողի նկատմամբ):

Եվ ուրեմն, այս հասարակությունը մի քանի խմբի է բաժանվել, եւ մի խումբը ուրախությունից տրտինգ է տալիս, որ իր չսիրած խմբին են բանտ խցկում, մյուսն էլ՝ փոխադարձաբար տրտինգ է տալիս, որ հերթը իր «դուշմանին» էլ հասավ: Դեհ, պարոն Քոչարյանն էլ տանե՛լ չի կարողանում դժգոհ տարրերին ու իր «տղամարդկային» կեցվածքով «մխիթարում է». «Բոլորիդ էլ կտեղավորեմ բանտախցերում: Պողոսը կուրախանա, որ Պետրոսի քիթումռութն են արյունլվիկ անում, Պետրոսն էլ կմխիթարվի, որ Պողոսի կողերն են քացահարում: Դեհ, ես էլ թեթեւացած շունչ կքաշեմ, որ բոլորդ էլ վանդակներում փակված եք՝ ապահով ու հոգատար ձեռքերում, ու էսպես՝ ուրախ-զվարթ, տռճիկ տալով կգնանք-կհասնենք այնտեղ, որտեղ արժանի ենք»:

Տո՛, լավ էլ անում է:

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930