Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավարության ընթացքում հանցանքի մեծ բաժին վերցրեց

Նոյեմբեր 04,2000 00:00
bac namak

Բաց նամակ

ԷԼԻԶԱԲԵԹ ԳԻԳՈՒԻՆ

Տիկին արդարադատության նախարար: Ես տեղեկացա, որ պայմանական ազատություններ որոշող հանձնաժողովը սույն թվականի փետրվարի 15-ին բացասական պատասխան է տվել Վարուժան Կարապետյանի ազատ արձակմանը, այն դեպքում, երբ անցած տարվա նոյեմբերի 2-ին պատժամիջոցներ վճռող հատուկ հանձնաժողովը միաձայն դրական պատասխան էր տվել նրա ազատման վերաբերյալ։ Նման պատասխանը հիմնավորվել է այն փաստով, որ Վարուժանը դատապարտված է եղել «ահաբեկչական ակտի» շրջանակում (ոճրափորձ «թուրքական ավիաուղիների» դեմ Օռլիում, 1983 թ. հուլիսի 15-ին)։ Դա ճիշտ է, սակայն ունի սահմանափակ բնույթ։

Վարուժանը դատապարտված է եղել նաեւ անպատիժ մնացած Հայոց ցեղասպանության շրջանակում, մի հանգամանք, որ համառորեն ժխտվում է թուրքական պետության եւ անտեսվում որոշ եվրոպական երկրների կողմից։ Արդարեւ, հարկ եղավ սպասել մինչեւ 1985 թ. որպեսզի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովը ճանաչի այդ ցեղասպանությունը, եւ որպեսզի 1987 թ. Եվրոպական պառլամենտն իր հերթին քվեարկությամբ ընդունի այն։ Հարկ եղավ նույնպես սպասել 1998 թ. մայիսի 29-ին, որպեսզի Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունի մի օրենք, ըստ որի «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը»։ Իսկ այդ ողբերգության ժառանգորդները, ինչպես նաեւ արդարության եւ ճշմարտության ծարավի ուժերը դեռեւս սպասում են, որ այդ օրենքը կմտնի ֆրանսիական Սենատի օրակարգ՝ վավերացվելու համար։

Չենք կարող զանց առնել, անշուշտ, Վարուժան Կարապետյանի՝ ԱՍԱԼԱ կազմակերպության մեջ ներգրավված լինելու փաստը այս սարսափելի համատեքստից. եթե չլիներ Ցեղասպանությունը՝ Օսմանյան Թուրքիայում ապրող գրեթե ամբողջ հայության բնաջնջումը (1500000 հայերի ջարդը), չլիներ Թուրքիայի հերքումը, որն ուրիշ բան չէ, եթե ոչ «զոհվածների երկրորդ մահը»՝ ըստ Էլի Վիզելի արտահայտության, չլիներ հայերի պապենական հողերից հայկական մշակույթի հետքերի սիստեմատիկ ոչնչացման նրա քաղաքականությունը, եթե քար լռություն չլիներ այս ամոթալի խայտառակության շուրջը, չէր լինի ԱՍԱԼԱ, չէր լինի «Կարապետյան», չէր լինի Օռլի։ Պատմությունը փոխել կամ վերաձեւել հնարավոր չէ, բայց փաստորեն, Ցեղասպանության համար պատասխանատու թուրքերից եւ ոչ մեկն այս ոճրի եւ նրա հերքման համար չի դատապարտվել միջազգային դատարանով, եւ այսօր զոհերի երեխաներն են, որ գտնվում են բանտաճաղերի հետեւում։

Հայ ժողովրդի դեմ գործված այս ծայրահեղ անարդարությունն էր, որ սկզբնաղբյուր դարձավ երբեմն ծայրահեղ չափի հասնող ըմբոստության։ Սա իհարկե չի արդարացնում Օռլիում «Թուրքական ավիաուղիների» դեմ կատարված հարձակումը, ոչ ավելի, քան Պաղեստինում Պ. Բեգինի կողմից կատարված ոճրափորձը «Քինգ Դեյվիդ» հյուրանոցում, ոչ էլ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Պ. Արաֆաթի կողմից պատվիրված Սեւ սեպտեմբերի անիմաստ ոճրափորձը Եվրոպայում։ Թեեւ Ֆրանսիայի հայկական բոլոր կազմակերպությունները դատապարտեցին այս հանցագործությունը, որը պատճառ դարձավ 7 անմեղ մարդկանց մահվան, նրանք, հիշյալ իրադարձություններից 85 տարի անց, դեռ սպասում են, որ Ֆրանսիան պաշտոնապես դատապարտի այն ցեղասպանությունը, որը պատճառ դարձավ 1,5 միլիոն անմեղ հայերի մահվան։ Ես, ինչպես նաեւ հայկական ծագում ունեցող եւ ոչ մի ֆրանսիացի, երբեք չենք պահանջել Վարուժանի ազատ արձակումը, ոչ էլ վիճարկել ենք մեր երկրի անկախ եւ արդար դատական համակարգը։ Բայց ինձ թվում է, որ Վարուժանը 17 տարվա ազատազրկումից հետո լիովին հատուցել է իր հանցանքը։ Նա դուրս է եկել իր կազմակերպությունից եւ նույնիսկ պահանջել նրա լուծարումը՝ համարելով, որ 1991 թ. անդամահատված, բայց անկախ Հայաստանի ստեղծումից հետո այլեւս Հայկական պետությանն է պատկանում Հայկական Դատի պաշտպանությունը միջազգային ասպարեզում։

Ինչո՞ւ եւ ո՞ւմ համար պետք է տեւականացվեն այս տանջանքները։ Արդյո՞ք հայերը բավականաչափ չեն «վճարել» այս հարցում։ Բանտաճաղերի հետեւում 17 տարի ապրած ՎԱՐՈՒԺԱՆՆ այսօր հաշմված, հիվանդ, անդունդի եզրին հասած մարդ է։ Նա բազմիցս պառկել է Ֆռենի բանտային հիվանդանոցում։ Նրա տեսողությունը վտանգավոր կերպով վատանում է։ Նրա պատժի երկարաձգումը ինչո՞վ կծառայի արդարադատության գործին, զոհված անձանց կամ հասարակական կարգ ու կանոնի պահպանմանը։ Ընդհակառակը, դա կօգնի միայն քողարկված մի ծայրահեղության վերապրուքներին, ծայրահեղություն, որն այստեղ կամ այնտեղ եւ հակառակ գլխավոր շահագրգռված անձի հավանության՝ կարող է նոր զոհեր խլել։ Ես Ձեզ չեմ խնդրում ներել նրան կամ վերսկսել նրա դատավարությունը, ոչ էլ արդարացնում եմ նրա արարքը, այլ խնդրում եմ հաշվի առնել այն խիստ առանձնահատուկ համատեքստը, որը փորձեցի ուրվագծել այս մի քանի տողով։ Ես վստահ եմ, որ Դուք սխալ չեք հասկանա Վարուժանի պայմանական ազատաշնորհմանը վերաբերող իմ այս կոչի իմաստը։ Ֆրանսիայի բարեկամ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամություն է հայտնել ընդունելու նրան եւ ապահովելու աշխատանքով։

Գրեթե 17 տարվա ազատազրկումից հետո խնդիրը ոչ թե ներում հայցելու, այլ ավելի շուտ մարդկային իրավունքի գործադրման մասին է, որն ուղղված կլինի մեղմացնելու ցավերն ու լարվածությունը եւ որը կհամապատասխանի երրորդ հազարամյակի հետ կապված հույսերին։ Խնդրում եմ, ընդունեք, տիկին նախարարուհի, իմ խորին հարգանքների հավաստիքը։

ԱՐԱ ԹՈՐԱՆՅԱՆ

«Նուվել դ Արմենի» հանդեսի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930