Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՂԱԿԱՆ ՏՆԵՐԻ ԵՎ «ԶՈՆ ՆԱՅՈՂՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 04,2000 00:00
qaxbantarkyal

Կալանավայրում «օրենքով գողից» հետո, ըստ պատասխանատվության եւ կարգավիճակի՝ «զոն նայողն» է «պալաժենին»։ «Նայողի» պատասխանատու կարգավիճակը վստահվում է «հեղինակություններից» ամենահեղինակավորին։ «Զոն նայողը» իսկապես, բառի բուն իմաստով, նայում է «զոնը»՝ կալանավորների ընդհանուր կեցությանն ու նրանց բոլոր տեսակի խնդիրներին, բարաքներում կարգ ու կանոն պահպանելու, միմյանց կալանքը չխանգարելու եւ «մենթական» անօրինականություններից խուսափելու համար։

«Նայողի» ֆունկցիաների մեջ մտնում է նաեւ ընդհանուր ֆոնդի՝ «օբշյակի» հավաքման կազմակերպումը եւ ըստ նպատակին ծախսումը։ Այս գործում «զոն նայողին» օգնում են «ուգլավոյները»՝ անկյունային տղերքը։ Սրանք «գողի» եւ «նայողի» կողմից «հեղինակություններից» ընտրվածներն են, որոնք ոչ միայն պատասխանատու են իրենց անկյունների (անկյուն կարող է լինել մի ամբողջական շենքը, շենքի մեկ հարկը, կամ հարկի մի առանձին հատվածը) համար, այլ նաեւ իրենց պահվածքով զսպում են անհնազանդներին ու թափթփուկներին։ «Անկյունայինները» իրենց վարքի ու գործունեության համար պատասխանատու են «նայողի» առաջ։ Իսկ ընդհանրապես գողական զոնում, գողական տանը ամեն մի կալանավոր եւ ամեն ոք, իր յուրաքանչյուր քայլի ու արարքի համար պիտի կարողանա պատասխան տալ, «աչոտ տալ»։ «Աչոտը» դա սեփական քայլի կամ արարքի հիմնավորումն է։

Հեղինակությունները, անկյունայինները, լավ տղերքը կամ, այսպես ասած՝ «պալաժենիի» տղերքը արտաքինով ու շարժուձեւով տարբերվում են ընդհանուր կալանավորներից։ Սեւ, քաղաքացիական արտահագուստ՝ միշտ մաքուր ու արդուկած, միշտ փայլեցված քաղաքացիական սեւ կոշիկներ, միշտ սափրված, կարճ կտրած կամ խուզած մազերով եւ անուշ օծանելիքի բուրմունքով։ Նրանք ծխում են միջին եւ միջինից բարձր գների ծխախոտ, երբեմն ցուցադրաբար հյուրասիրում կողքիններին։ Սա, իրենց նորմերով, արժանապատիվ պահվածքը առանձնացնում է ընդհանուր «հարիֆությունից»։ Ընդհանուր «հարիֆությունը» արտաքուստ հարգանք է ցույց տալիս նրանց հանդեպ, բայց ներքուստ եւ նախանձում է, եւ, ինչ-որ տեղ, նաեւ զգուշանում։ Անհնազանդ երեւալու արժանապատվությունն ու հաճույքը նրանց տալիս է այնպիսի կեցվածք, որ ոչ միայն վերեւից են նայում ընդհանուր «հարիֆությանը», այլ նաեւ արհամարհանքով են վերաբերվում հսկիչներին ու սպայակազմին։ Սա միաժամանակ կալանավորների այն զանգվածն է, որն անհնազանդությամբ ու պահվածքով հակադրվում է սպայակազմին։ Ըստ նրանց հոգեբանության, այս երկրում ոչ մի պատիժ էլ արդարացի չէ եւ այս իսկ հոգեբանությամբ նրանք արժանավայել կրում են իրենց կալանքը, գտնելով, որ ազատության մեջ գտնվողներն ավելի արդար ու անմեղ չեն, քան իրենք։

Գաղութում մոլախաղերն ու տարբեր տեսակի գումար բերող միջոցառումները կազմակերպում են այս տղերքը։ Նրանք իրենք են հանդիսանում ամենաակտիվ խաղացողները՝ «օբշյակին» ամենաակտիվ եկամուտ բերողները եւ դա պահանջում են նաեւ ուրիշներից։ Գաղութ նոր եկած կալանավորների համար հատկապես դժվար է նրանց հետ լեզու գտնելը, որովհետեւ չափազանց ակտիվ ու ագրեսիվ են տրամադրված՝ գողական կյանքի համար շատ բան անելուն։ Ու եթե նոր եկածները խնդիրներ են ունենում, ապա հիմնականում լինում է այս խավի հետ, որն անպայման ուզում է իր առավելությունը ցույց տալ նորելուկի հանդեպ։ Իսկ եթե նոր եկած կալանավորը մի քիչ թույլ լինի եւ ընդունի նրանց կողմից պարտադրվող խաղի կանոնները, ապա ճարահատված կլինի շարունակ «քսիֆներով» ահազանգել մերձավորներին, թե՝ «թավանի տակ եմ» (թավանը «ղումարով կրված» գումարն է), բերեք հասցրեք, թե չէ ինձ համար վատ կլինի։ Չնայած, իհարկե, «զոն նայողն» ու Քերոփը եթե տեղեկանան, թույլ չեն տա, որ «հարիֆի» համար վատ լինի։

Ընդհանրապես զոնում խաղերից ստացվող գումարների 30 տոկոսը գնում է «օբշյակին»։ Այսինքն, եթե երկու կալանավոր ղումար են խաղում, ապա այդ մասին տեղյակ են պահում իրենց «ուգլավոյին»։ «Ուգլավոյը» ապահովում է խաղի պայմանները, արդարացիությունը, անվտանգությունը եւ հաղթողից 30 տոկոս մուտք անում ընդհանուր ֆոնդ։ Իսկ «օբշյակից» ծախսերը կատարվում են անպայման «զոն նայողի» անմիջական նախաձեռնությամբ։ Գումարները եւ հավաքված սննդամթերքը մեծամասամբ ծախսվում են «բուր» «կարցեր»-ում փակված տղերքին ու այն կալանավորներին օգնելու նպատակով, որոնց տեսակցության չեն գալիս մերձավորները։ «Ուգլավոյը» երկու խաղացողների համար նախ ապահովում է խաղի վայրը։ Իսկ դա կարող է լինել ցանկացած անկյուն, ուր եռուզեռը համեմատաբար քիչ է։ Այնուհետեւ երկու կողմերը պիտի ունենան իրենց վկաները, որոնք ներկա են լինում խաղի արդարացիությունը ապահովելու համար։ Անհրաժեշտության դեպքում, եթե վիճարկելու խնդիր է լինում, սրանք իրենց խոսքն են ասում։

Խաղի ժամանակ «ուգլավոյը» նաեւ ապահովում է խաղի անվտանգությունը։ Այսինքն, ամբողջ խաղի ժամանակ «ուգլավոյի» հանձնարարությամբ «հարիֆներից» մեկը կանգնում է բարաքի մուտքի մոտ, հսկում հսկիչների եւ սպայակազմի անցուդարձը, վտանգի դեպքում նախազգուշացնում է խաղացողներին։ Այս քայլը կոչվում է «շախին կանգնել»։ Նկատելով հեռվից մոտեցող հսկիչներին, «շախին կանգնածը» տեղյակ է պահում, տալով «շախ» ազդանշանը, կամ տեղեկացնում, որ «շախոտ» է, այսինքն մոտերքում հսկիչ կա։ Այս ընթացքում խաղը դադարեցվում է մինչեւ վտանգն անցնելը։ Երբեմն խաղից առաջ «ուգլավոյը» կարողանում է լեզու գտնել օրվա հսկիչների հետ, խաղի համար վճարելով 2000 դրամ, որ չխանգարվի խաղը։ «Ուգլավոյից» գումար ստացած հսկիչը պարտավորվում է հսկել, եւ եթե գաղութի ղեկավարությունը անսպասելի երեւա, տեղյակ է պահում «ուգլավոյին»։ Հսկիչը հետեւում է, որ իր բռնած գործը «պալիտ» չլինի, այսինքն՝ չբացահայտվի։ Խաղի մասին նաեւ տեղյակ է պահվում «զոն նայողին»։ Սա էլ իր հերթին է հետեւում, որ ապահովվի խաղի արդարացիությունն ու անվտանգությունը։ Սովորաբար խաղը սկսելուց առաջ երկու կողմերը պայմանավորվում են, թե ինչ գումարի սահմաններում են խաղալու եւ երբ են «փակվելու»։

Այս պայմանավորվածությունները երբեք չեն խախտվում։ Իսկ եթե խախտվում են, ապա խախտողը կանչվում է «զոն նայողի» մոտ՝ պատասխան տալու։ «Զոն նայողը» կարող է պարտվողի խնդրանքով ժամկետը երկարացնել կամ գումարի մեջ փոփոխություն անել հոգուտ նրան։ Սակայն խաղացողներից ոչ ոք իրեն թույլ չի տա «զոն նայողի» խոսքը գետնով տալ։ Իսկ եթե խաղացողները փորձեն թաքուն խաղալ, սա նշանակում է, որ նրանք համաձայնության են եկել, որ խաղից «օբշյակի» 30 տոկոսը չմուծեն։ Սա աններելի քայլ է, որի համար խստորեն պատժվում են։ Պատիժը լինում է եւ բարոյական, եւ նյութական։ Խաղացողները երբեմն նաեւ խաղում են «դրսի վրա»։ Այսինքն, պարտվողը իրավունք է ունենում ազատվելուց հետո գումարը դրսում վճարել։ Խաղի այսպիսի պայմանավորվածությունը կայանում է մեծամասամբ առաջիկայում ազատվողների միջեւ։ Սակայն դրսում վճարվելիք գումարի 30 տոկոսը դարձյալ պիտի հասցվի գաղութի «պալաժենիին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930