Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՍԻ՞ ԳՆԱԼ, ԹԵ՞ ՀԱՐՍԱՆԻՔ

Նոյեմբեր 04,2000 00:00
dproc

ՀՀ կրթության եւ գիտության նախարարը խիստ մտահոգված է դպրոցականների առողջական վիճակով եւ համոզված է, որ նրանց վրա բացասաբար է ազդում դպրոցում շաբաթական ընդամենը 5 օր կրթվելու հետեւանքով խիստ ծանրաբեռնված լինելը։

Ու որպեսզի երեխաների կրթական բեռը թեթեւանա, նախարարը մտադիր է կառավարության հաստատմանը ներկայացնել դպրոցների աշխատանքները «վեցօրյակի» ռեժիմին վերադարձնելու որոշման նախագիծը։ Առայժմ ընտրությունը՝ վեցօրյա՞կ, թե՞ հնգօրյակ, թողնված է դպրոցների հայեցողությանը։ Սակայն բացառված չէ, որ նախարարի փաստարկներն այնքա՜ն ծանրակշիռ թվան, որ կառավարությունը սիրահոժար հաստատի այդ նախագիծը, եւ եկող տարվանից «վեցօրյակի» անցած մի քանի փորձարարական դպրոցների միանան հանրապետության մյուս դպրոցները եւս։

Սակայն ինչպե՞ս են վերաբերվում այս նորամուծությանը դպրոցի տնօրենները։ Ցանկություն ունե՞ն երեխաների ձեռքը հինգ օրվա փոխարեն վեց օր տառապել։ Թիվ 94 դպրոցի տնօրեն Գալստյանը կարծում էր, որ «երեխաներին չափազանց չծանրաբեռնելու առումով նպատակահարմար է վեցօրյակը, բայց ելնելով սոցիալական վիճակից, ավելի լավ է մնա հնգօրյակը»։ Երբ խնդրեցի պարզաբանել՝ ի՞նչ կապ ունի սոցիալական վիճակը դասապրոցեսի օրերի քանակի հետ, տիկին Գալստյանն ասաց, որ իր դպրոցը գտնվում է «Անաստասավան գյուղ» կոչվող թաղամասում եւ իր աշակերտները շաբաթ-կիրակի օրերին զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով, օգնում են ծնողներին։ Նույն կարծիքին էր նաեւ թիվ 102 դպրոցի տնօրեն Ադամյանը. «Կարծում եմ, ճիշտը հնգօրյակն է։ Շաբաթ օրերին այսպես թե այնպես բացակայությունները շատ կլինեն՝ հարսանիք է, հողամաս է, ամառանոց են գնում մարդիկ։ Ծնողները, բնականաբար, երեխաներին մենակ չեն թողնի Երեւանում, ինչ է թե՝ դպրոց գնան շաբաթ օրերը»։

Իսկ այ, թիվ 55 դպրոցի տնօրեն Սարուխանյանը վստահ էր, որ վեցօրյա աշխատանքային ռեժիմն ավելի նպատակահարմար է. «Նախ, ծանրաբեռնվածությունը կպակասի։ Եվ երկրորդ՝ երկհերթ դպրոցներում (մեր դպրոցը երկհերթ է) հնգօրյա սիստեմով՝ օրական 6-7 ժամ պարապելու դեպքում, երկրորդ հերթի երեխաները երեկոյան 6-ին, 7-ին են ավարտում դասերը, երբ արդեն մութն ընկած է լինում, հատկապես ձմռանը։ Իսկ ի՞նչ խղճով դպրոցահասակ երեխաներին այդ մթին, ուշ ժամին թողնենք դուրս»։

Թիվ 12 դպրոցի տնօրեն Ստեփանյանն ասաց, որ իրենց դպրոցը դեռ պատրաստ չէ 6-օրյա ռեժիմի անցնելուն. «Ճիշտ է, ելնելով ուսումնական պլանի ծանրաբեռնվածությունից, ավելի կհեշտանա երեխաների ընկալումը 5-6 ժամ պարապելու դեպքում, եւ ոչ թե 6-7 ժամ։ Եվ ուսուցիչն էլ 6-րդ, 7-րդ ժամերին արդեն ի վիճակի չի լինում նորմալ, տեղը-տեղին մատուցել առարկան։ Եվ ոչ թե այն պատճառով, որ ուսուցիչը լավը չէ, այլ, որ հոգնում են։ Ուսուցիչները արդեն դժվարանում են մատուցել առարկան, իսկ աշակերտները՝ ընկալել։ Բայց, ելնելով սոցիալական վիճակից, երբ ուսուցիչը ստանում է չնչին աշխատավարձ, շաբաթվա ընթացքում եւս մի օր տրանսպորտի, նախաճաշի համար գումար ծախսելը նպատակահարմար չէ։ Բացի այդ, չմոռանանք, որ շաբաթ օրերին հայերս ուրիշ հոգս ենք ունենում՝ հարսանիք, նշանդրեք, ծնունդ։ Իսկ գարնանը, աշնանը բոլորը գնում են հողամաս։ Այս առումով, ճիշտը 5-օրյակն է առայժմ»։

Թիվ 7 դպրոցի տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց կարճ. «Ճիշտ եմ համարում հնգօրյակը։ Շատ նորմալ տեղավորվում ենք գրաֆիկում, հասցնում ենք ու չենք հոգնում»։

Հակառակ կարծիքին էր թիվ 188 դպրոցի տնօրեն Սարգսյանը. «Նպատակահարմար եմ համարում վեցօրյակը։ Բնականաբար, շատ ավելի վատ է, երբ տարրական դասարանի երեխան սոված նստում է 6 ժամ, քան 5։ Էլ չեմ խոսում 7-րդ ժամերի մասին, որը բացարձակ չի ծառայում իր նպատակին։ Ընդարմացած ուղեղներով ոչ երեխաներն էին դաս սովորում, ոչ ուսուցիչներն էին դաս անում։ Իսկ ինչ վերաբերում է «երեխաները չեն գա դպրոց շաբաթ օրերին» դրվածքին՝ խիստ անկայուն է։ Ինչպես կարգը դրվեց, այնպես էլ կգնա»։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ, մեր պատահականորեն ընտրված հեռախոսահամարներից մեկը 6-օրյակի անցած դպրոցներից մեկինն է։

Ավելի կոնկրետ՝ թիվ 112 դպրոցինը, որի տնօրեն Քարամյանն ասաց. «Վաղուց աշխատում ենք 6-օրյակի ռեժիմով։ Վեցօրյակը շատ ճիշտ եղանակ է, քանի որ զամբյուղում եղած 36,37 ժամերը հնարավորություն չեն տալիս օրվա ընթացքում 7,6 ժամից պակաս պարապել։ Իսկ ես ձեզ վստահեցնում եմ, որ պարզապես չկա ուսուցիչ, որը 6-րդ, 7-րդ ժամերը նորմալ դասավանդի, ֆիզիկապես ուղղակի անհնար է։ Վերջին ժամերը, անկախ իրենցից, «մատների արանքով» են պարապում»։ Երբ փոխանցեցի մյուս տնօրենների մտավախությունը, թե՝ շաբաթ օրերին երեխաները, ուսուցիչները շատ են բացակայում, պրն Քարամյանն ասաց. «Դա այդ տնօրենների պրոբլեմն է։ Մեր դպրոցում նման խնդիր չկա։ Ոչ մի միտում չկա, որ շաբաթ օրերին բացակայությունները շատ լինեն՝ ոչ աշակերտների, ոչ էլ՝ առավել եւս, ուսուցիչների»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930