Երեւանում աշունն արդեն ոտով-գլխով մտել է իր իրավունքների մեջ՝ դեղնած տերեւնե՜ր, չվող թռչուննե՜ր ու, ամենակարեւորը՝ անձրեւ ու ցեխ։ Չորացած ծառերով ու դեղնած տերեւներով գոնե հիանում ենք, հապա՝ անձրեւները, որոնք «թակում են մեր կտուրները»։ Ուր էր թե՝ մենակ թակեին, բա որ ծակում են ու լցվում տուն։ Նախորդ շաբաթ օրերով տեղացած անձրեւների ժամանակ վերջին հարկերում բնակվելու դժբախտություն ունեցող ծանոթներիս խոսակցության միակ թեման դա էր. «Տանս ջրհեղեղ է, ի՞նչ անեմ»։ «Ի՞նչ անեմ»-ի պրոբլեմը, եթե տանտերն իր միջոցներով (ֆինանսական եւ այլ) չի կարողանում լուծել, պետք է դիմի թաղապետարան, որտեղ պարտավոր են գրանցել բողոքը եւ միջոցներ ձեռնարկել՝ տանիքի անսարքությունը վերացնելու։ Սակայն վերջին ժամանակաշրջանում կարծես լուրջ տեղաշարժ չի նկատվում։
«Առավոտը» փորձեց ընդհանուր իրավիճակը պարզելու համար հարցում կատարել թաղապետարանների համապատասխան ծառայություններին, որոնք ստեղծվել են հատուկ բնակելի շենքերի նմանատիպ խնդիրները լուծելու նպատակով։ Նորք-Մարաշ թաղապետարանից մեզ պատասխանեցին, որ իրենց համայնքում գրեթե բոլորը սեփական առանձնատներ են եւ «մեր հաշվեկշռում բնակելի շենքեր չկան»։ Բնականաբար, այսպիսով նրանք ազատվել են բազմաբնակարան շենքերի տանիքների խնդրով զբաղվելու տաժանակրությունից։
Կենտրոն համայնքի «Կենտրոն» ՓԲԸ-ից (որը նախկին բնակվարչությունն է), տեղեկացրին, որ թաղամասի գրեթե բոլոր 170 հարթ տանիքավոր շենքերի տանիքները նորոգման կարիք ունեն։ Այդ նպատակով 2000 թ. նախատեսվել է կատարել 40 մլն դրամի աշխատանք, սակայն այսօրվա դրությամբ կատարվել է ընդամենը 8-10 մլն դրամի աշխատանք կամ, այլ կերպ ասած, նորոգվել է 2000 քմ ընդհանուր տարածքով տանիք։ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի խոսքերով. «Եթե մինչեւ տարեվերջ գոնե 25 մլն դրամի աշխատանք կատարենք, շատ լավ կլինի»։ Բնականաբար, աշխատանքների թերացման միակ պատճառը ֆինանսների բացակայությունն է։ Թաղապետարանները 2000 թ. պետական դոտացիայից դեռեւս ոչ մի լումա չեն ստացել։ Տանիքների նորոգումը եւս, ինչպես մյուս սպասարկման աշխատանքները, կատարվում են (կամ ավելի հաճախ՝ չեն կատարվում) միայն տեղական բյուջեի հաշվին։ Իսկ տեղական բյուջեով հնարավոր չի լինում լուծել հազար ու մի բաց մնացած հարցեր։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ տեղական բյուջեն կազմում է համայնքի ընդհանուր մուտքերի միայն 23%-ը։ Նման խնդրի առջեւ կանգնած են գրեթե բոլոր համայնքները։
Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Շենքերի եւ շինությունների» ՓԲԸ-ից հայտնեցին, որ թաղամասի 405 հարթ տանիքավոր շենքերից 130-ի տանիքները նախորդ 3 տարիների ընթացքում նորոգվել են։ Սակայն նույն՝ ֆինանսների սղության (կամ՝ բացակայության) պատճառով 2000 թ. ոչ մի կապիտալ նորոգում չի եղել, եղել են մասնակի նորոգումներ՝ չնչին քանակներով։ Ավան համայնքում այս տարի կապիտալ նորոգվել է 9 տանիք, մասնակի՝ 7։ Մինչեւ 1997 թ. մոտ 10-13 տարի ոչ մի տանիք թաղամասում չի նորոգվել, իսկ վերջին 3 տարիների ընթացքում հասցրել են կապիտալ նորոգել 30 տանիք։ Սակայն դեռեւս 160-170 շենքերի տանիքներ դեռ նորոգման կարիք ունեն, որոնցից 30-ը՝ անհապաղ։ Սակայն ֆինանսների բացակայությունը դրանց նորոգումը հարցականի տակ է դնում։ Նոր Նորք համայնքի 660 շենքերից 144-ի տանիքները նորոգման կարիք ունեն։ Նախորդ 2 տարվա ընթացքում կապիտալ նորոգվել է 23 շենք, իսկ 2000-ին՝ եւ ոչ մեկը։
Նուբարաշեն համայնքի բախտը բերել է այնքանով, որ այդտեղ գրեթե չկան հարթ տանիքավոր շենքեր, 24 բազմաբնակարան շենքերն ունեն մասնակի վերանորոգման կարիք։ Այս տարի ոչ մի շենք չի նորոգվել, սակայն նախորդ տարիներին թիթեղներ են տրամադրվել մի քանի հրատապ նորոգման կարիք ունեցող շենքերի։ Մայրաքաղաքի մնացած համայնքների համապատասխան բաժինների հետ թեեւ երեկ չկարողացանք կապվել, սակայն դրա կարիքը թերեւս չկա էլ։ Ամեն դեպքում, պատկերն արդեն ուրվագծվում է։ Երեւանի գրեթե բոլոր շենքերն էլ ունեն «կաթացող տանիքների» խնդիր, սակայն ֆինանսական սղության պատճառով այդ խնդիրը այդպես էլ հիմնովին չի լուծվում։ Եվ պատճառը ոչ միայն պետական դոտացիաների ուշացման մեջ է, այլեւ բնակիչների՝ սպասարկման վարձերը չմուծելու։
Գրեթե բոլոր համայնքների «Շենքերի եւ շինությունների» ՓԲԸ-ների կամ այլ կառույցների ղեկավարները, որոնք պատասխանատու են կտուրների սարքին վիճակի համար, միանշանակ պնդում էին, որ եթե բնակչությունը կանոնավոր վճարի սպասարկման համար նախատեսված վարձավճարները, այդ գումարով ամսական 2-3 շենքի տանիք (ամենաքիչը) հնարավոր կլինի կապիտալ նորոգել։ Իսկ առայժմ, քանի բնակչությունն անվճարունակ է կամ սկզբունքորեն չի ուզում վճարել ոչ ջրի, ոչ սպասարկման համար (իսկ երբեմն էլ՝ ուղղակի, առանց որեւէ սկզբունքի կամ պատճառի, «չեմ ուզում՝ չեմ վճարում» համառությամբ չի վճարում), քանի կառավարությունից հատկացվող դոտացիաները ոչ թե ամիսներով, այլ տարիներով են ուշանում, մեր համաքաղաքացիներն աշնանային կամ գարնանային հորդառատ անձրեւների ժամանակ մի ելք ունեն միայն. տանը շարել որքան հնարավոր է շատ տաշտեր ու թասեր, զինվել գլխարկներով ու անձրեւանոցներով եւ ամենուր տրտնջալ. «Մեր տանը ջրհեղեղ է, փրկեք»։
ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ