Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԲԵՐԱՆՔԻ ՉԻԲՈՒԽ

Նոյեմբեր 04,2000 00:00
toto

Հերթական անգամ ափսոսանքով արձանագրենք, որ մեր գլխին մի սրտացավ, «պոպուլիստ» նախագահ չի գալիս։ Եվ առաջինը, եւ երկրորդը ժողովրդի համար (կամ ժողովրդի առաջ) խոսելիս անթափանցելիության կաղապարից դուրս չեն գալիս եւ մի կարգին, ժողովուրդը կասեր՝ «ջիգյարով» խոսք չեն ասում (կամ՝ չեն ասել)։ «Հասկանում եմ, որ երկրում կա դժգոհություն. եթե աշխատավարձերը, նպաստները, կենսաթոշակները ժամանակին չենք վճարում, եթե չկան աշխատատեղեր, ապա կա նաեւ բնակչության մի զգալի դժգոհ մաս, որին կարելի է նաեւ նման կարգի կոչերով, փրկիչի գաղափարներով հանել հրապարակ եւ կարելի է նաեւ այդ մարդկանց դրդել անօրինական գործողությունների։ Հասկանում եմ, բայց մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել, որ բավական լավատես եմ երկրի զարգացումների նկատմամբ եւ ուղղակի մեր ժողովրդին մի քիչ համբերություն կցանկանայի։ Մի քիչ էլ համբերեք, եւ ամեն ինչ լավ կլինի»։

ՀԱՀ-ին տված բացառիկ հարցազրույցում նախագահ Քոչարյանը նաեւ այսպիսի խոսքեր ասաց։ Եթե նախագահ Տեր-Պետրոսյանը ժողովրդի համար ծանր տարիներին խիստ մտավորական կեցվածքով խորհուրդ էր տալիս հարեւաններից պարտք վերցնել եւ մի քիչ էլ համբերել, ապա նախագահ Քոչարյանը իր ոչ մտավորական կեցվածքով է նույն բանն անում եւ կրկին համոզում է համբերել։ Ժողովուրդն էլ խիստ ժողովրդավար կեցվածքով ձեւ է անում, թե համբերում է։ Երեւի մտքում մի երկու խոսք էլ է ասում՝ հայրենի հանրամատչելի բառարանից օգտվելով, եւ ձեռքը թափ է տալիս։ Բայց երբ հայտնվում է մեկը, որն իր սրտից է խոսում, ժողովուրդը հավաքվում է նրան լսելու։ Պարզապես լսելու։ Եթե մեկ-երկու տասնյակը կարող են նաեւ, լսելուց բացի, հրմշտոց գցել, դա ամենեւին չի նշանակում, թե ժողովուրդը քաղաքականապես հասունացել է։ Ժողովուրդը եթե մի ժամանակ երշիկային հիշողությամբ էր ապրում, այսօր դա էլ չունի։ Այսօր կենսաթոշակառուն փոստատարին է սպասում կամ ինքն է գնում փոստ։ Հերթական անգամ ձեռնունայն վերադարձողները պարզապես խոսքեր չունեն իշխանություններին «նախշելու»։

Ամիսներ աշխատավարձ չստացածները ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի՝ հեռուստաէկրանին հայտնվելուն այլեւս հումորով են վերաբերվում. մարդ է, իր գործն է անում, թող խոսի։ Դրա համար, եթե ինքը վարձատրվում է, Աստված իր հետ։ Բայց մարդիկ արդեն մի պարզ ճշմարտություն անգիր են արել՝ որքան շատ է հեռուստաէկրանին հայտնվում ֆինանսների նախարարը, այնքան ուրեմն մարում է ուշացած աշխատավարձերը ստանալու հույսը։ Իսկ նախագահը կոնկրետ հարցին, թե ներդրումները «դրանց բաշխումն ինչպե՞ս է ապահովվելու, որ մարդիկ զգան», պատասխանում է, թե մարդիկ «էական փոփոխություն» են զգալու։ Մի կողմից՝ ասվում է, թե սպասվող ներդրումները «զարգացման ծրագրեր» են ֆինանսավորելու եւ դա ամենեւին չի նշանակում, թե դրանք գալիս են «ուղղակի բյուջեի դեֆիցիտի փակման», մյուս կողմից՝ «Գիտեմ, որ հիմա կան մեծ դժվարություններ, բյուջեն պարտքեր է կուտակել, կառավարությունը պարտքեր է կուտակել ե՛ւ կենսաթոշակների, ե՛ւ նպաստների ու աշխատավարձերի գծով։ Կարող եմ միանշանակ ասել, որ այս ամեն ինչը հնարավորություն է տալու մարել այդ պարտքերն ամբողջությամբ»։

Հիմա ամիսներ շարունակ աշխատավարձի, թոշակի եւ նպաստի երես չտեսած մարդիկ ինչպե՞ս հասկանան այս ամենը։ Սա նշանակո՞ւմ է, որ իրենց վերջապես փող կտան, թե՞ նշանակում է, որ ընդհանրապես չեն տա։ նախագահի եզրակացությունը շատ «քաղաքական» է. «կրկնում եմ, այդ առումով ուղղակի պահանջվելու է քաղաքական կամքի դրսեւորում։ Հայաստանում ոչ մեկը չպետք է հարկային դաշտից դուրս մնա»։ Պարզվում է, սա ոչ թե նախագահի, այլ կառավարության թույլ կողմն է։ Այդ դեպքում, ո՞ւր մնացին նախագահի կողմից հովանավորվող խոշոր բիզնեսմենները։ Նախընտրական խոստումների «Սոցիալական ոլորտ» շարքում Ռոբերտ Քոչարյանը խոստացել էր «Առաջնահերթ սոցիալական խնդիրը իրական աշխատավարձերի կտրուկ աճն է, կենսաթոշակային եւ սոցիալական ապահովության համակարգի արմատական վերակառուցում, կենսաթոշակների եւ նպաստների ժամանակին վճարում, դրանց չափի բազմակի բարձրացում» եւ այլն։ Անզեն աչքով էլ պարզ է, որ ոչինչ այս խոստումներից չի կատարվել, մի բան էլ ավելին՝ ուշացումների շղթան երկարում է։

Հոկտեմբերի 30-ի աղմուկ հանած հանրահավաքից հետո բոլորը միաձայն պնդեցին, թե շատ վտանգավոր է, երբ ծրագիր չունեցող, մինչ այդ անհայտ մեկի հետեւից այդքան մեծ թվով մարդիկ են գնում։ Իրոք վտանգավոր է։ Բայց մյուս կողմից՝ ծրագիր ունեցողներն ի՞նչ են արել։ Ակնհայտորեն՝ ոչինչ, քանի որ նրանց հետեւից գնացող չկա։ Դրա համար էլ ժողովրդի հետ խոսելիս, ոչ մի սրտացավ հայացք, սրտացավ խոսք չասվեց ու չզգացվեց։ Հիմա ժողովուրդն ինչպե՞ս հավատա, թե ինքը կուսակցություն է։

ՍՈՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930