Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԵՅԹԻՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

Նոյեմբեր 04,2000 00:00

ՌԵՅԹԻՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ Օրերս «Սեդ Մարսեդ» խորհրդատվական ընկերության «SM-Rating» ռեյթինգային ծառայությունը հրապարակեց Հայաստանի առեւտրային բանկերի ռեյթինգը։ Նման փորձ Հայաստանում դեռեւ չի արվել։ Իհարկե, բանկերի ռեյթինգավորմամբ զբաղվում է Կենտրոնական բանկը, որի արդյունքները հրապարակելի չեն։ Սակայն ոչ մի դեպքում չի կարելի Կենտրոնական բանկի ռեյթինգավորումը համեմատել «Սեդ Մարսեդի» փորձի հետ. հենց թեկուզ այն պատճառով, որ ԿԲ-ն տիրապետում է բանկերի մասին ողջ տեղեկատվությանը։ Ռեյթինգավորման փորձ մինչ օրս կատարել են նաեւ «Առկա» եւ «Սնարք» լրատվական գործակալությունները, որոնց մեթոդիկան եւս խիստ տարբերվում է «Սեդ Մարսեդի» փորձից։ «Սեդ Մարսեդը» բանկերի համալիր դասակարգումն իրականացրել է բանկերի կողմից զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված աղբյուրների հիման վրա, ըստ մի շարք գործոնային խմբերի. այդ թվում՝ հուսալիության պաշար եւ ֆինանսական հավասարակշռություն, ակտիվություն եւ իրական հատվածում ներդրումների բաժին, շահութաբերություն եւ արդյունավետություն։ Անցկացված ռեյթինգի համաձայն, Հայաստանի առեւտրային բանկերը (ընդ որում, ոչ բոլոր բանկերն են ներկայացված) բաժանվել են երկու խմբի՝ յուրաքանչյուրը ներառելով երեքական ենթախումբ։ Ձեռնպահ մնալով սեփական վերլուծությունը ներկայացնելուց, փորձեցինք անցկացված ռեյթինգի վերաբերյալ տեսակետներ ստանալ հենց բանկերի նախագահներից եւ կառավարիչներից։ Միանգամից ասեմ, որ նրանցից շատերն իմիջայլոց էին վերաբերվել այդ ռեյթինգին՝ չկարեւորելով այն։ Մի քանիսն էլ պարզապես չցանկացան հրապարակային խոսել դրա մասին։ Առաջին խմբի «A-2» ենթախմբում հայտնված Կոնվերս բանկի նախագահ Սմբատ Նասիբյանի համար անհասկանալի էր, թե մասնագիտական ինչ չափանիշներով է արվել այդ ռեյթինգը։ Նրա կարծիքով, ռեյթինգավորման գործում մեծ դեր է խաղացել սուբյեկտիվիզմը, քանի որ հայտնի չէ անցկացման մեթոդիկան։ «Պետք է հիմնվեն աուդիտորական եզրակացությունների եւ ոչ թե հրապարակված բալանսների վրա»,- նշեց պրն Նասիբյանը եւ ավելացրեց, որ չի կարելի թույլ տալ ռեյթինգավորում իրականացնել մի կազմակերպության, որը չունի այն իրականացնելու լիցենզիա։ Սմբատ Նասիբյանն անգամ տեղեկացրեց, որ այդ հարցը կբարձրացնեն բանկերի ասոցիացիայում, որպեսզի վերջինս դիմի կառավարությանն ու ԱԺ-ին՝ չլիցենզավորված ընկերություններին արգելելու զբաղվել ռեյթինգավորմամբ։ Պրն Նասիբյանի տեսակետին գրեթե հակառակ տեսակետը հայտնեց նույն ենթախմբում հայտնված Հայագրոբանկի նախագահ Էդվարդ Սանդոյանը։ Նա «Սեդ Մարսեդի» վարկանիշի մեթոդիկան իբրեւ գիտական լուրջ փորձ շատ բարձր գնահատեց, սակայն վերջնական արդյունքները հաջողված չհամարեց։ Պրն Սանդոյանի կարծիքով, քանի որ ռեյթինգավորելիս օգտվել են մամուլում հրապարակված տվյալներից, ուստի այն անարժանահավատության հիմքեր կարող է պարունակել։ Ըստ Էդվարդ Սանդոյանի, բանկերի հաշվետվություններում կան տողեր, որոնք ստանդարտ չեն (մի բանկի մոտ այդ տողում մի թիվ կարող է արտահայտվել, մեկ այլ բանկի մոտ՝ լրիվ ուրիշ), ուստիեւ համեմատելի չեն։ Պրն Սանդոյանը գտնում է, որ պետք է ստանդարտացվեն եւ ունիֆիկացվեն այդ հաշվետվությունների ձեւերը, որն, ի դեպ, Կենտրոնական բանկի խնդիրն է։ Ավելի մանրամասնելով, Էդվարդ Սանդոյանը նշեց, որ շուկայում, մրցակցության առումով, բանկի կապիտալը չի կարող դեր խաղալ. մի բանկը կարող է 100% կապիտալ ունենալ, սակայն սպասարկում չունենալ, իսկ բանկի խնդիրը ներգրավելն ու տեղաբաշխելն է։ Չնայած այն հանգամանքին, որ այս ռեյթինգը, ըստ պրն Սանդոյանի, անարժանահավատության հիմքեր է պարունակում, եւ հաշվետվությունները համեմատելի չեն, այդուհանդերձ, նրա կարծիքով, հաջողված փորձ է մասնագիտական բանավեճ սկսելու համար։ Հայաստանի առեւտրային բանկերի «հիթ-շքերթը» գլխավորող «Պրոմեթեւս» բանկի նախագահ Էմիլ Սողոմոնյանը շտապեց տեղեկացնել, որ այդ «Սեդ Մարսեդի» հետ ինքն անգամ ծանոթ չէ։ Նա կասկած չհայտնեց վարկանիշի օբյեկտիվության առումով ու նշեց, որ թվերը վերցվել են մամուլից (իսկի բանկ էլ չեն մտել), ուրեմն՝ ճիշտ են։ Երկրորդ խմբի «B-2» հորիզոնականում հայտնված Հայխնայբանկի նախագահ Հարություն Ղազարյանն այն կարծիքին է, որ «Սեդ Մարսեդն» այսօր չի կարող Հայաստանի բանկերի վարկանիշը տալ, քանի որ չի տիրապետում ողջ տեղեկատվությանը։ Պրն Ղազարյանը նշեց, քանի որ ինքը չգիտի, թե «Սեդ Մարսեդը» ինչ տեղեկատվություն է օգտագործել, ուստի չի կարող հրապարակած վարկանիշի մասին կարծիք հայտնել։ Առաջին խմբի «A-3» ենթախմբում հայտնված Գյուղացիական փոխօգնության բանկի նախագահ Ստեփան Գիշյանի համար եւս անհասկանալի էր ռեյթինգավորման մեթոդիկան ու գնահատման չափանիշները։ Նա նշեց, որ իրենց այդ ռեյթինգը չի անհանգստացնում, քանի որ գիտեն իրենց իրական տեղը Հայաստանի բանկային շուկայում։ Սակայն պրն Գիշյանն էլ այն կարծիքին է, որ ռեյթինգավորումը լուրջ գործ է եւ չի կարելի վերահսկողությունից դուրս թողնել։ Մենք փորձեցինք վարկանիշի մասին, բանկիրներից բացի, տեսակետ ստանալ անկախ փորձագետից։ Մեր անկախ փորձագետը, որը ցանկացավ գաղտնի մնալ, եւս կիսեց վերը նշված այն տեսակետը, թե ռեյթինգավորումը շատ պատասխանատու գործ է։ Եվ այս ռեյթինգը նաեւ վտանգավոր համարեց, քանի որ, նրա կարծիքով, բավական բարձր հեղինակություն ունեցող բանկեր հայտնվել են սանդղակի ներքեւում, իսկ ճիշտ հակառակը՝ ոչ այնքան հեղինակավոր բանկեր՝ սանդղակի վերին օղակում։ Մեր անկախ փորձագետի համար եւս անհասկանալի էին անցկացված ռեյթինգի մեթոդիկան եւ գնահատման չափանիշները։ Նրա կարծիքով, հաշվետվությունների բաց թվերը բավարար չեն ռեյթինգ անցկացնելու համար։ Ի վերջո, մեր անկախ փորձագետի համոզմամբ, Հայաստանում այսօր հնարավոր չէ բանկերի ոչ սուբյեկտիվ ռեյթինգ կատարել, ինչը եւ առկա է «Սեդ Մարսեդում»։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել