Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական ռեկետ

Նոյեմբեր 04,2000 00:00
pek

ՀՀ պետեկամուտների նախարարությունը ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների անմիջական մասնակցությամբ կանխավճարներ է կորզում ձեռներեցներից։ Կանխավճարները հավաքելու դեպքերից մեկին պատահաբար ներկա էր «Առավոտի» թղթակիցը։

Արաբկիր թաղամասի ձեռներեցներից մեկի գրասենյակ այցելեցին վերոնշյալ երկու նախարարությունների աշխատակիցներ եւ պահանջեցին վճարել այսքան հազար դոլար կանխավճար՝ դատարկ պետբյուջեն լցնելու նպատակով։ Բնականաբար, չենք նշում ձեռներեցի տվյալներն ու նրա օֆիսի անվանումը՝ հաշվի առնելով հատկապես ԱԱ մարմինների հիշաչարությունն ու հարկային տեսուչների՝ կաշառակերության հանդեպ անթաքույց սերը։ Այն, որ նման «օպերացիաներին» մասնակցում են նաեւ ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները, թղթակցին ստիպել է հետաքրքրվել՝ բավական չե՞ն միայն պետեկամուտների նախարարության տեսուչները։ «Ոչ, սա ազգային ծրագիր է»,- պատասխանեց ԱԱ աշխատակիցը։

«Առավոտը» ամեն դեպքում որոշեց՝ թե պետեկամուտների նախարարության եւ թե ԱԱՆ-ի լրատվական ծառայություններից ճշտել՝ նախարարների՞ հրահանգով են գործարարներին ստիպում կանխավճարներ տալ։ Ազգային անվտանգության նախարարության լրատվական ծառայությունն այս մասին ոչինչ չգիտեր։ Իսկ պետեկամուտների նախարարության լրատվական ծառայության ղեկավարը, թեեւ խոստացավ ինֆորմացիան ճշտել եւ պատասխանել, սակայն իր խոսքի տերը չեղավ եւ ոչ մի կերպ չարձագանքեց մեր հարցերին։ Իհարակե, սույն լրատվականներին դիմելը զուտ ֆորմալ բնույթ էր կրում. լիարժեք եւ ստույգ պատասխաններ նրանցից ի սկզբանե չէինք էլ ակնկալում։ Իսկ այն, որ պետական մասշտաբով ռեկետ է սկսվել, որ գործարարները պակաս կանխավճարներ մուծելու համար (իսկ դա օրենքով ամենեւին էլ սահմանված չէ) անգամ կաշառում են ԱԱՆ եւ պետեկամուտների նախարարությունների աշխատակիցներին, ճշմարտություն է։

Պետեկամուտների նախարար Գագիկ Պողոսյանը չքմեղանալով հպարտանում է, թե՝ այսքան ու այսքան հարկ է գանձել հարկատուներից, միայն մոռանում է ասել, որ դա անում է օրենքը խախտելով։

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930