Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԼԱՎ ՏՂԵՐՔ ԵՆՔ, ԱՓՍՈՍ ՁԻ ՉՈՒՆԵՆՔ»

Նոյեմբեր 04,2000 00:00
petros makeyan

ՀՀ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանին չտեսնելու ակնկալիքով՝ երեկ դարձյալ սեմինարի շուրջ էին համախմբվել նախկին հանցագործ ռեժիմի ներկայացուցիչները։ Հայաստանի 1999- 2000 թթ. քաղաքական զարգացումներն էին «Հայրենիք» դաշինքի հրավիրած սեմինարի նյութը, թեեւ հրավիրյալներն ու հռետորները փորձեցին դրան տալ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հիմնադիր Էդվարդ Եգորյանի հիշատակին նվիրված արարողության որակ։

Էդվարդ Եգորյանի իրավահաջորդ Պետրոս Մակեյանը հանդես եկավ ծավալուն ելույթով։ Ըստ նրա՝ 99-ի խորհրդարանական ընտրություններին ոչ միայն իշխանական երկու թեւերն էին նախապատրաստվում, այլեւ՝ Սամվել Բաբայանը. «Նա եւս փորձում էր Հայաստանում ունենալ իր փայաբաժինը»։ ԱԺ ընտրությունների արդյունքներից էլ պարզ կդառնա, թե ով է իշխանության իրական տերը։ Ընտրությունների արդյունքում իշխանության լիարժեք տերեր դարձան Վազգեն Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը։ Պրն Մակեյանը անդրադարձավ ոչ միայն 99-ի խորհրդարանական, այլեւ 98-ի նախագահական ընտրություններում կատարված խախտումներին։ 96-ի նախագահական ընտրություններին անդրադառնալ նրան թույլ չտվեց միայն սեմինարի խորագիրը. «Քաղաքական զարգացումները Հայաստանում 1999-2000 թթ.», այլապես, չենք կասկածում, նա նաեւ կմեղադրեր Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմին, ապա կխոսեր Սահմանադրության ընդունման հանրաքվեի եւ դրա մեղավորների մասին։ Սակայն դա 99-ից առաջ էր։

Ըստ պրն Մակեյանի՝ խորհրդարանական ընտրություններից հետո մարդիկ որոշ չափով հուսադրվեցին Կարեն Դեմիճրյանի անձով եւ Վազգեն Սարգսյանի վճռականությամբ. «Արդեն հունիսի վերջին Քոչարյանի իշխանությունը սիմվոլիկ էր։ Այդ ընթացքում տարանջատվեցին ՆԳ եւ ԱԱ նախարարությունները, որով փոքրացավ Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Վազգեն Սարգսյանը որոշեց վերաձեւել մոնոպոլիաները, հատկապես՝ բենզինի, որն ամբողջովին վերահսկում էր Սերժ Սարգսյանը»։ Իշխանության նախագահական թեւն առաջին հայացքից համակերպվել էր իրավիճակին։

Հոկտեմբերի 27-ից, սակայն, սկսվեց քաղաքական զարգացումների նոր փուլ, որով կազմալուծվեց ողջ պետական կառավարման համակարգը. «Վ. Սարգսյանի կողմնակիցների թշնամական կեցվածքը՝ նախագահական թեւի նկատմամբ եւ հակառակը, հասավ գագաթնակետին, վտանգ կար հասարակական ընդհարումների, որի մեջ, ինչպես պարզվեց Ս. Բաբայանի դատավարությունից, ներքաշվելու էր նաեւ Ղարաբաղը»։ Նախագահը, սակայն, ճիշտ կողմնորոշվեց եւ արագ ամրապնդեց իր դիրքերը։ Իհարկե, սեմինարի կարմիր թելերից մեկն էլ 10 օրով ազատազրկված Արկադի Վարդանյան էր։ Քանի որ վերոնշյալ թեմայով մեր երեկվա համարում պրն Մակեյանը հարցազրույց է տվել, հետեւաբար նրա այդ մտքերը բաց ենք թողնում։ Մանրամասն շարադրելով իր այլեւայլ մտորումները Հայաստանի քաղաքական կյանքի զարգացումների շուրջ, պրն Մակեյանը արեց իր միակ եզրակացությունը՝ Քոչարյանին չեն սիրում, նա պետք է հեռանա։ Եվ դրանում մեծ է իրենց՝ քաղաքական գործիչների դերը։ Վաղուց չէր խոսել, սակայն սեմինարին իր խոսքն ասաց Վիգեն Խաչատրյանը։

Ըստ նրա՝ ե՛ւ Վազգեն Սարգսյանը, ե՛ւ Կարեն Դեմիրճյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը՝ «ունենալով տարբեր մոտեցումներ՝ կրում են նույն գաղափարախոսությունը։ Եվ դա է պատճառը, որ Կ. Դեմիրճյանի եւ Սարգսյանի սպանությունից հետո նրանց աջակցող գեներալները չառճակատվեցին Ռ. Քոչարյանի հետ»։ Պրն Խաչատրյանի կարծիքով՝ 98-ի հեղաշրջումից հետո Հայաստանում արգելվել է ընտրությունը, մարդկանց մնում է միայն քվեարկել, իսկ այդ դեպքում նրանք առանց վատանալու վաճառում են իրենց ձայները։ Իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանը համաձայն չէր քննարկվող ժամանակաշրջանի՝ 99-2000թթ. ընտրության հետ՝ գտնելով, որ իրենք մեծ մարդիկ են եւ հարցը պետք է քննարկեն ոչ թե անձերի մակարդակով, այլ ավելի գլոբալ իրադարձությունների եւ հեռանկարների ֆոնի վրա։ Խոստովանում եմ, որ մյուս ելույթ ունեցողներին լսելու հնարավորություն չունեի, քանի որ սեմինարիստները ծխախոտ ծխախոտի հետեւից վառում էին եւ շնչելն այլեւս անհնար էր։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930