Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 04,2000 00:00

ՍԱՍՈՒՆԸ ՉԻ ՔԱՅԼՈՒՄ, ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ «Վարչական» պատիժ Սովորականի պես ԼՂՀ Գերագույն դատարանի մուտքը հսկող ոստիկանները դատարանի դահլիճ մտնել թույլատրում էին ամբաստանյալների հարազատներին՝ երկուական անձ, ապա՝ լրատվամիջոցների, ուսանողների, որոնցից շատերը չգիտեին, թե իրենք որ կուրսում են սովորում, ապա քաղաքացիական համազգեստ հագած «հայտնի ուժերի»։ Երեկ ինձ թույլ չտվեցին անգամ դատարանի տարածք մտնել՝ պատճառաբանելով, թե դատավոր Սուրեն Ալեքսանյանի կարգադրությունն է։ Փաստորեն ինձ թույլ չտրվեց լուսաբանել երեկվա դատական առավոտյան նիստը։ Այդ ընթացքում ոչ ոք չէր համարձակվում անգամ մոտենալ «Առավոտի» թղթակցին։ Ուսադիրավորներն արդարանում էին, թե հրաման են կատարում եւ հորդորում էին իրենցից չնեղանալ։ Իսկ ես առանց նեղանալու սպասում էի, թե երբ է Սուրեն Ալեքսանյանն ընդմիջում հայտարարելու, որպեսզի պատճառաբանի ինձ դատարանի դահլիճ չթողնելու իր կարգադրությունը։ Այս ընթացքում, ամբաստանյալների փաստաբանները՝ տեղեկանալով, որ ինձ արգելվել է դատարանի դահլիճ մտնել, բողոք են ներկայացրել դատավորի ապօրինի գործողությունների դեմ։ Դատական կարճատեւ ընդմիջման ժամանակ, վերջապես «չնեղացածին» թույլ տրվեց մտնել նորին գերազանցություն Սուրեն Ալեքսանյանի առանձնասենյակ։ Նա պատճառաբանեց, թե ինձ ներս չի թողել, քանի որ ես «Առավոտում» վարկաբեկել ու խայտառակել եմ իրեն։ Իմ այն հարցին, թե կա՞ն կոնկրետ օրինակներ, Ս.Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ կարդում, ինձ ասել են»։ Պահանջեցի ցույց տալ այն հոդվածները, ուր ես դատավորին, իբր, վարկաբեկել եմ։ Ս.Ալեքսանյանն այժմ էլ հարցրեց, թե լիազորագիր ունե՞մ։ Պատրաստ էի նաեւ այս հարցադրմանը՝ ցույց տվեցի։ Համաձայնեց դատարանի դահլիճ թողնել։ «Բաց թողեցի՞ն քեզ»,- արդեն անհանգստացած հարցնում էին բոլորը։ «Ամոթից» հոգեկան հիվանդ չեն ձեւանում Դատական նիստը շարունակվեց, եւ հինգ հոգուց բաղկացած բուժհանձնաժողովի անդամները հրապարակեցին Սասուն Աղաջանյանի առողջական վիճակի հետ կապված իրենց եզրակացությունը։ Հասկանալի էր նաեւ, թե ինչու ինձ հնարավորություն չէր տրվել մասնակցել առաջին նիստին։ Չէ՞ որ, ես կտեսնեի, թե ինչպես են Սասուն Աղաջանյանին «քռքաշ» դատարանի դահլիճ բերում։ Դատախազ Մավրիկ Ղուկասյանը հայտարարեց՝ «Հետազոտված անձի համար բոլոր մասնագետները պնդեցին, թե նա չի տառապում որեւէ հիվանդությամբ», ու ապա եզրակացրեց. «Սասունն ամոթից չի խոսում»։ Մ.Ղուկասյանի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այս վիճակն առաջանա ամոթից, հոգեբան Անահիտ Լալայանն առանց աչքը ճպպացնելու պատասխանեց. «Հնարավոր է»։ Պատասխանելով Սասուն Աղաջանյանի առողջական վիճակին վերաբերող նրա փաստաբան Է.Աղաջանյանի այն հարցին, թե Սասունն արդյոք կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, ԼՂՀ հանրապետական հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Էդուարդ Ղուկասյանն ասաց. «Բնակչության առնվազն 30 տոկոսը տառապում է միզաքարային հիվանդությամբ։ Ընդ որում, նրանցից շատերը խուլ քարեր ունեն ամբողջ կյանքի ընթացքում։ Կան քարեր, որոնք շարժվում են. անհրաժեշտ է բժշկական օգնություն։ Նման դեպքերում ես թույլ չէի տա, որ նրան կանչեն դատական նիստի»։ Բժիշկը հաստատեց, որ Սասունը երիկամներում քար ունի, բայց դա չի կարող պատճառ հանդիսանալ, որ նրան դատական նիստին չկանչեն։ Նա պնդեց, որ բացի սրանից Սասունի մոտ, որին, ի դեպ, մեկ օր առաջ էր հետազոտել, որեւէ այլ «բարդություն» չի հայտնաբերել։ Բժիշկը հավելեց նաեւ, որ Ս.Աղաջանյանն այդ ընթացքում շփման մեջ չի եղել եւ իրեն որեւէ գանգատ չի հայտնել։ Նա նաեւ դիմեց փաստաբաններին՝ «Ձեր իրավունքն է պաշտպանել մարդու իրավունքները, բայց անտեղի, կներեք, չէի ուզում այսքան բժիշկների կանչել՝ դատը ձգձգելու համար»։ Փաստաբան Էդիկ Չինարյանը փորձեց հակահարված հասցնել՝ «Կարող եք գնալ»։ Սրան հետեւեց դատավորի «մի խանգարեք»-ը։ Բժիշկն առաջարկեց Ս.Աղաջանյանի առողջական վիճակի մասին եզրակացություն անելու համար նաեւ հատուկ մասնագետների կողմից բժշկական փորձաքննություն նշանակել։ Բանավեճին միջամտեց նաեւ Սամվել Բաբայանը, որն ասաց. «Ես բոլորին լսեցի, բոլորն ասացին, որ ամեն ինչ նորմալ է։ Իրո՞ք նորմալ է»։ Ի պատասխան՝ բժիշկ Ղուկասյանն ասաց, թե միգուցե սա պաթոլոգիկ երեւույթ է, բայց բժիշկները ժխտում են։ «Ես, իրոք, ապշած եմ, որ Ս.Աղաջանյանն այնպիսի կամքի ուժ ունի, որ կարողանում է իրեն այսպիսին ներկայացնել։ Պարզապես իմ պարտքն եմ համարում բոլորին զգուշացնել, որ կյանքում եղել են դեպքեր, երբ, այս կամ այն վիճակից ելնելով, մարդը փորձել է երկար ժամանակ իրեն այսպես պահել, եւ դժվար է եղել նրան այդ վիճակից հանել»։ Սամվել Բաբայանն առարկեց, թե ինքը լավ է ճանաչում Սասուն Աղաջանյանին, ուստի չի կարող չասել, որ Սասունն ի վիճակի չէ իրեն այս կերպ պահել եւ դա փաստ է։ Նա նաեւ հավելեց, թե անհրաժեշտ է վերջինիս ավելի լավ հետազոտել, առավել եւս, որ նա չի կարողանում անգամ նորմալ քայլել։ Հոգեբան Անահիտ Լալայանն ասաց, թե ինքը մեկ անգամ է քննել Ս.Աղաջանյանին, բայց չի կարող ասել, թե նրա հոգեվիճակն ինչպիսին է, քանի որ Սասունն ի վիճակի չէ խոսել կամ զրուցել՝ կոնտակտ չկա։ Ուստի հոգեբանը դժվարացավ ասել, թե ամբաստանյալի (հետաքրքիր է, որ բոլորն օգտագործում էին «ամբաստանյալ» բառը, այն դեպքում, երբ Ս.Աղաջանյանն այս պահին ընդամենը մեղադրյալ է) այս վիճակը վախի՞, սպառնալիքի՞, թե՞ ծեծի արդյունք է։ «Հարցը հանման ենթակա է»,- եզրակացրեց մեղադրող Ավագյանը։ Իսկ Մավրիկ Ղուկասյանը շարունակեց. «Ի տարբերություն որոշների՝ Սասուն Աղաջանյանը, Ղարաբաղի լեզվով ասած, նամուս ունի։ Ավելին, պետք է պարզվի, թե ո՞վ է Սասուն Աղաջանյանին այդ վիճակին հասցրել, որ նա չի խոսում»։ Սամվել Բաբայանը նկատեց. «Ես գիտեմ, որ Սասունն իմ դեմ է ցուցմունք տալու։ Ապահովեք՝ թող խոսի, չգիտեմ ինչպես։ Այն ժամանակ, երբ դուք Սասունին ձերբակալել եք, նա դեռ խոսում էր։ Խոսում եք նամուսի կամ թասիբի մասին։ Թասիբով մարդը տակը չի թրջում, եղա՞վ, Մավրիկ»։ Այնուամենայնիվ Մ.Ղուկասյանն ընթերցեց Նուբարաշենի հոգեբուժարանի ներկայացրած եզրակացության այն հատվածը, ուր նշված էր, թե վերոգրյալից ելնելով Սասուն Աղաջանյանը որեւէ խրոնիկական հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում, եւ, որ իրավախախտումների կատարումից բավական ժամանակ անց նա դրսեւորում է շինծու վարքագիծ։ Ի վերջո, Սասուն Աղաջանյանը որակվեց իբրեւ հոգեպես առողջ անձնավորություն։ Վերջինիս փաստաբանը հանդես եկավ երեք կետից բաղկացած միջնորդությամբ։ Նա պահանջեց, որ Սասուն Աղաջանյանին տեղափոխեն համապատասխան բուժհիմնարկ՝ հետազոտվելու եւ ստացիոնար բուժում անցնելու համար, Սասունի նկատմամբ մշտական խնամք եւ բժշկական հսկողություն իրականացնեն եւ միջոցներ ձեռնարկեն վերջինիս առողջական վիճակը պարզելու եւ վերականգնելու ուղղությամբ։ Որոշվեց Ս.Աղաջանյանի նկատմամբ քրգործը կասեցնել՝ մինչեւ նրա ապաքինումը։ Ավելին, դատապաշտպանն ասաց, որ Ս.Աղաջանյանը գտնվում է ծայրաստիճան հյուծված եւ տկար վիճակում եւ ի վիճակի չէ անգամ ինքնուրույն տեղաշարժվել, սնունդ ընդունել եւ հոգալ իր բժշկական կարիքները։ Նա նշեց նաեւ, որ մի քանի ամիս է, ինչ Սասունը չի խոսում, ոչ մեկի հետ չի շփվում եւ ոչ մեկին, անգամ իր մերձավոր հարազատներին չի ճանաչում։ Նա ի վիճակի չէ անգամ ստորագրել կամ ստանալ իր մեղադրական եզրակացությունը։ Վերջում նշենք, որ նախկինում ամբաստանյալները դատարանի դահլիճ բերվում եւ դուրս էին տարվում ցուցադրաբար եւ այն ժամանակ, երբ դահլիճը լիքն էր։ Այսօր նրանց ուղեկիցների մոտ անգամ շփոթ կա։ Քանի որ ակնհայտ է, որ Սասունն ինքն ի վիճակի չէ ինքնուրույն քայլել, ստիպված դահլիճում ներկա գտնվողներին դուրս են հրավիրում ու հետո միայն բերում Ս.Աղաջանյանին։ Նույն պատկերն է կրկնվում նաեւ դատարանի դահլիճից նրան դուրս բերելիս։ Թերեւս, արժե մեջբերել նաեւ Ս.Բաբայանի այն միտքը, որ, եթե փորձագետները Ս.Աղաջանյանին մեղսունակ են ճանաչում, ապա պետք է քրեական գործ հարուցվի եւ պարզվի, թե ո՞վ է նրան այդ վիճակին հասցրել։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել