Լրահոս
Օրվա լրահոսը

Նրա բացակայությունը որեւէ տրամաբանությունից դուրս է

Նոյեմբեր 03,2000 00:00
Ashot Navasardyan

Արդեն երեք տարի է, ինչ չկա Աշոտ Նավասարդյանը, երեք տարի է, ինչ նա մեզ հետ չէ։ Այս տարի լրացավ նաեւ նրա 50-ամյակը։ Զարմանալի եւ ցավալի է, որ նրա 50-ամյակը նշվեց առանց նրա։ Անհավատալի է, որովհետեւ Նավասարդյան Աշոտն այնքան կենսախինդ, այնքան ապրելու ծարավ եւ այնքան ապրելու պատրաստ մարդ էր, որ նրա բացակայությունը որեւէ տրամաբանությունից դուրս է, անհասկանալի եւ անընդունելի է։ Հնարավոր չէ հաշտվել այս մտքի հետ։ Ես այսօր էլ չեմ կարողանում ընդունել այն փաստը, որ Աշոտը չկա, չեմ կարողանում մինչեւ վերջ հավատալ, որ այդքան հախուռն ապրողը, այդքան կյանքի մարդն այլեւս չկա, որ չի քայլելու մեզ հետ, որ չի լինելու, որ ուրախացած չի բացականչելու՝ ընդամենը երեկ բաժանված ընկերոջն այսօր հանդիպելիս։ Ինձ այսօր էլ թվում է, որ բավական է հավաքեմ նրա հեռախոսահամարը եւ լսափողի մեջ կլսեմ նրա հեգնախառն ու մի քիչ էլ մանկական ծիծաղը։

Աշոտ Նավասարդյանն ապրեց մի կյանք, իրադարձություններով հարուստ, իրադարձություններով լի մի այնպիսի կյանք, որի համար ոչ թե մի, այլ մի քանի հիսնամյակ էր հարկավոր։ Բայց այդ ամբողջը նա կարողացավ տեղավորել 47 տարվա մեջ։ Այս փոքրիկ ժամանակահատվածի մեջ նա կարողացավ տեղավորել պատանի ռոմանտիկի կերպար, նվիրյալ զինվորի եւ ըմբոստ կալանավորի, հալածված քաղաքական գործչի եւ փոքրիկ, բայց բանակի հրամանատարի կերպար, պատգամավորի եւ պետական գործչի կերպար։

Աշոտ Նավասարդյանն ապրեց այնպիսի 30 տարիներ, որոնց յուրաքանչյուր օրը կարելի է դիտարկել որպես մի ավարտուն կյանք, որոնց յուրաքանչյուր օրը կարող էր վերջինը լինել եւ որոնց յուրաքանչյուր օրը հենց այնպես ապրող անտարբեր եւ անիմաստ ամբողջ կյանքեր կարող էր իմաստավորել։ Աշոտ Նավասարդյանն ապրեց մաքառելով, գնաց մի ճանապարհով, որով նրանից առաջ ոչ ոք չէր գնացել, ճանապարհ հարթեց, ունեցավ վերելքներ եւ անկումներ, քարացավ «անկումների սարսափից», հրճվեց իր հաղթանակներով, իր մենակությամբ, իր ունեցածով։

Գեներալ դարձած զինվորին վայել ինքնավստահությամբ ապրեց Աշոտ Նավասարդյանը, ապրեց անընդհատ ողջակիզվելով, անընդհատ զոհաբերվելով, անընդհատ կռվի մեջ, կռիվ՝ տիրող կարգերի դեմ, կռիվ՝ թշնամիների եւ հակառակորդների դեմ, կռիվ՝ ինքն իր դեմ, հանուն մի մեծ գաղափարի, որի անունը Ազատություն, արժանապատիվ կյանք է։ Եվ հոգ չէ, որ նրան դեռ չեն հասկացել, հոգ չէ, որ չեն գնահատել ու գնահատում, դա չարությունից չէ, չհասկանալուց է…

Բայց այսօր, երբ նա արդեն չկա, նրա բացակայության այս ընթացքում փորձում ենք նրան հասկանալ, փորձում ենք նրան ճանաչել, փորձում ենք ընկալել եւ ըմբռնել նրան եւ վերջապես փորձում ենք սիրել նրան, քանի որ նա այլեւս չկա եւ եկել է նրան սիրելու ժամանակը։ Իսկ մինչ այդ, գարնանը նշեցինք այդպես էլ 50 տարեկան չդարձած Աշոտ Նավասարդյանի 50-ամյակը եւ ես զարմանում եմ, որ արդեն հիսունն անց է իմ այդքան երիտասարդ ու կենսախինդ ընկերը, որին չեմ տեսել արդեն երեք տարի։

ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախկին քաղբանտարկյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930