Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՉԻՐ ԲԱՐԴՈՒՅԹԴ

Նոյեմբեր 03,2000 00:00
Hrant Matevosyan

Հայաստանի Գրողների միության նախագահ Հրանտ Մաթեւոսյանը «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ում կազմակերպելիք մարաթոնի հարցերով հանրապետությունից բացակայում է։ Ու չգիտի, թե իր բացակայությամբ Գրողների միությունում ինչ դավեր են նյութվում իր դեմ։ Ջարդում են Հ. Մաթեւոսյանի կարգադրությամբ փակված կլոր սրահի դռան ապակիներից մեկը. արձանագրենք, որ գրողները նույն ոտնձգություններն են կատարում Հ. Մաթեւոսյանի եւ ԳՄ դեմ, ինչ ՆԳ աշխատակիցները՝ «XXI դար ասոցիացիայի» նախագահի եւ մյուսների՝ բռնություն կիրառելով ու ջարդուփշուր անելով դռների ու պատուհանների ապակիները։

Օրերս ԳՄ-ում իբրեւ թե քննարկվում էր Հովիկ Հովեյանի գիրքը։ Քննարկմանը ներկա էին ԳՄ քարտուղար Աբգար Ափինյանը, իր կերտած նորդարականները, Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը… Սիլվա Բարունակովնան Հովեյանի մեծարման այդ օրը հիշել է, որ ինքն է կնքել վերջինիս բանաստեղծական ազգանունը։ Ինչպես միշտ հայերենում եղած բոլոր դրական իմաստ արտահայտող բառերն են հորդել, որից հետո նորդարականների սիրած մասն է սկսվել՝ գինեձոնը։

Արարողության երկրորդ սերիան շարունակվել է Աբգար Ափինյանի կաբինետում։ Ներկա էին Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը, Ռոմիկ Սարդարյանը, Վահան Թամարյանը, Գուրգեն Խանջյանը եւ «Նոր Դարի» մի քանի այլ աշխատակիցներ։ Հովեյանի գրքից կտրուկ անցում կատարեցին Հրանտ Մաթեւոսյանի դեմ ակցիային։ Թերեւս վերոնշյալ գրողներին ստեղծագործելիս այդպես մուսան չի այցելում, որքան Հ. Մաթեւոսյանի դեմ ակցիա ձեռնարկելիս։ Ակցիան այսպես էր ընթանում Ա. Ափինյանը նշում է, որ ԳՄ-ն ուզում է ղեկավարել Ռուբիկ Հովսեփյանը։ Ներկա կանանցից մեկը բղավում է. «Կուսակցություններից պետք է զերծ լինի Գրողների միության ղեկավարությունը, չի՛ կարելի…»։ «Դաշնակցությունը ի՞նչ գործ ունի՝ խառնվի Գրողների միության գործերին կամ դաշնակցականը պաշտոնավարել ուզենա»,- շարունակում է Ափինյանը։ Ափինյանն առաջարկում է արտահերթ համագումար նախաձեռնող խումբ ստեղծել։ Նորդարականներից մեկը, թե՝ «Աբգա՛ր, իրենք կարող են քեզ դեմ կանգնել, ասելով, որ դու մեծամասնության ստորագրությունները չունես, որովհետեւ դա սխալ է, մեծամասնությունը պիտի ստորագրի»։ Գուրգեն Խանջյանը, թե՝ «բայց Աբգարը չի անում դա, դա անում է նախաձեռնող խումբը…»։

Սիլվա Բարունակովնան ասում է, որ ինքը եւ Ա. Սահինյանը չեն կարող նախաձեռնող խումբ լինել եւ, որ այդ խումբը չեզոք մարդկանցից պետք է լինի՝ Արմեն Մարտիրոսյանը, Գուրգեն Խանջյանը… «Մենք՝ ինչ, էդ սերունդը պետք է լինի, ձերն է, մենք էսօր կանք, վաղը՝ չկանք, ամոթ է, դուք պիտի անեք։ Ես իմ կյանքում շատ եմ պայքարել Հրանտ Մաթեւոսյանի դեմ, հիմա դուք գործեք…»։ Նորդարականներից մեկը՝ այս ժողով-շուկային անհարիր մի եզրակացության հանգեց Սիլվա Բարունակովնայի խոսքից. «Տիկի՛ն Սիլվա, Գրողների միությունն, իմ կարծիքով, ստեղծագործական կաճառ է, սա հիմնարկ չէ, էստեղ սերնդի մտածողությունն է, Աբգարի հարցը չէ…»։ «Ես չեմ ուզում լինել մի միության անդամ, որի նախագահը հայկական ֆաշիզմի, ՀՀՇ-ի կողմնակիցն է, մինչեւ հիմա էլ պահպանում է»,- Սիլվա Բարունակովնայի մայրական հորդորն է ջահել գրողներին։ – Այո՛, այո՛, համարվում է մեծ գրող, բայց դե արդեն…,- լսվեցին։ – Համսունից էլ հո մեծ չի, բռնեցին չէ՞ Համսունին, որ անցավ ֆաշիզմի կողմը՝ պատժեցին,- շարունակեց տիկին Կապուտիկյանը։ Ափինյանը, այնուհետեւ, կարգադրության ոճով շեշտում է. «Մենք պետք է մեր պայքարում շեշտը դնենք ոչ թե Հրանտ Մաթեւոսյանի անձի, այլ միության նախագահի դեմ… Պետք է վարչության նիստ գումարենք, ստորագրություններ հավաքենք՝ մինչեւ հունվար…»։ Հավաքվածներից մեկը շարունակում է. «Պետք չէ կենտրոնանալ մի մարդու վրա, մեր դժգոհությունը պիտի լինի վարչության աշխատանքից…»։ Ջահել նորդարականները ավագների խոսքը լսելով նույն մտքին մեկ «այո», մեկ՝ «ոչ» էին արձագանքում. իրենք էլ չեն կարողանում հասկանալ՝ Հրանտ Մաթեւոսյան գրողի՞, միության նախագահի՞, մարդո՞ւ դեմ են դավեր նյութում, ակցիա նախապատրաստում, թե՞…

Ս. Կապուտիկյանը փորձում էր իր մտքի եղածն ավելի հստակ տեղ հասցնել, ի վերջո այդ բարդույթն իրեն տարիներ շարունակ հանգիստ չի տալիս.

– Մենք ընդամենը ուզում ենք փոխել Թումանյանի տուն-թանգարանի դիրեկտորին, ասում են, որ դա կամպանիա է Հրանտի դեմ։ Ի՜նչ էլ ուզում ես ասել՝ Հրանտի դեմ է։

Ափինյանն անմիջապես համաձայնեց ասվածի հետ. «Այո՛, այո՛…»։ Մի «ջահել» գրող էլ, թե՝ «Մաթեւոսյանի բարդույթից դուրս գանք…»։ Հավաքվածներից սակայն որեւէ մեկը չի էլ գիտակցում, որ ա՛յ Հրանտ Մաթեւոսյան գրողի հանդեպ ունեցած բարդույթից իրենք չեն կարող ազատվել։ Չեն էլ նկատում հենց Սիլվա Բարունակովնայի օրինակը. նա իրեն ե՛ւ ազգի, ե՛ւ գրողների մայր էլ կոչեց, բայց այս տարիքում նույնիսկ մեծ գրողի հանդեպ կոչեր-ժողովներ-ակցիաներ է հրահրում։ Դրանից հոն ինքն ավելի լավ գրող չդարձա՞վ, քան՝ կար կամ կա։ Եվ ծիծաղելի է, երբ Ափինյանը սկսում է կոկետություն, չեմուչում անել, երբ նորդարականները ԳՄ «ապագա նախագահի» տեղում նրան են պատկերացնում. «Անձամբ ես ոչինչ չեմ ուզում, ես չեմ ուզում միության նախագահ դառնալ, ես ուզում եմ Գրողների միության բանվորն ու մշակը լինել, գործ անել, բայց ամեն ինչում միության նախագահը խանգարում է»։ Զարմանալի է՝ մինչափինյանական շրջանում ոնց է գրականություն ստեղծվել…

Սա է մեր «ջահել» գրողների ստեղծագործական կյանքի պատկերը եւ բուն բովանդակությունը։ Ավելին չեն կարող եւ նրանցից ավելին հնարավոր էլ չէ սպասել։ Գրականության մասին՝ առավել եւս՝ ոչ մի խոսք։ Ու սրանում երբեք մեղավոր չէ Հրանտ Մաթեւոսյան միության նախագահը, անձնավորությունը։ «Մեղավոր» է Հրանտ Մաթեւոսյան գրողը, որի ստվերում շատերը չեն երեւում եւ իրենց երեւալը կյանքի նպատակ են դարձնում։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930