Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Նոյեմբեր 03,2000 00:00
Ashot Navasardyan

Աշոտ Նավասարդյանի սիրտը ուղիղ 3 տարի առաջ՝ նոյեմբերի 3-ի առավոտյան ժամը 2-ին դադարեց բաբախել։ Հավանաբար չդիմացավ այդ ջղաձիգ օրերի ներքին լարվածությանը։ Չէր դիմանա եւ այսօր (որքան ծանոթ եմ նրա խառնվածքին), երբ այնքան երազած անկախ պետության ներսում այս օրերում կամաց-կամաց անհետանում են ազգային զգացողությունները, երբ ժամանակը Չհերոսինն է… «Հանրապետական կուսակցություն գալիս են տալու՝ առողջությունը, ընդունակությունները, կյանքը եւ ամենակարեւորը՝ ոգին, այստեղ վերցնելու, ստանալու ոչինչ չկա, ով որեւէ բան ստանալու ակնկալիք ունի, կարող է հենց հիմա հեռանալ»։

Երբ 1991թ. հուլիսի 15-ին արդարադատության նախարարության կողմից գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությանը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությանը հանձնվեց թիվ 1 վկայականը, այդպես ասաց կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Աշոտ Նավասարդյանը։ Սակայն երեւի ոչ նորօրյա եկվոր հանրապետականների համար, որոնց գերակշիռ մեծամասնությունը չի մասնակցել կուսակցության ծրագրի, կանոնադրության, խորհրդանիշերի ստեղծմանը։ Նրանցից շատերը, ի ցավ Աշոտ Նավասարդյանի գործը գնահատողների եւ իրական զինակիցների (որոնք գիտեն ինչը ինչպես, ինչ պայմաններում ստեղծվեց), չգիտեին նույնիսկ, որ այս տարվա ապրիլի 2-ին լրացավ Հանրապետական կուսակցության 10-ամյակը, ինչը, բնականաբար, չնշվեց։ Որեւէ նորելուկ հանրապետականի (կուստոմսը կամ բազմակուսակցականի տոմսերը գրպանում խցկած) դե արի հիշեցրու ՀԿ-ի հռչակագրի մասին, որով այնքա՜ն խանդավառված էր ինքը՝ Աշոտը։ «Հանրապետականները առյուծներ են, իսկ առյուծը սոված կսատկի, բայց հոտած միս չի ուտի…». մի քիչ գուցե բանաստեղծական, մի քիչ գուցե պատկերավոր պիտի շարունակեր ՀԿ առաջնորդը, որի ոգեշունչ խոսքին անսալով, Հանրապետականի շատ մարտիկներ առաջին զենք վերցնողները եղան. Տիգրան, Մարտին, Գագիկ, Վարդան… առաջին հերոսները, որոնց մասին, ուզում եմ հավատալ, որ ՀԿ պատմությունը վերծանողները հավանաբար կանդրադառնան։

«Մենք մեր ազգի մատաղացուն ենք՝ ուրեմն լավագույն մասը, ապրենք մեր կոչմանը համապատասխան». ինքը քչերից մեկն էր, որ ապրեց իր կոչմանը համապատասխան։ 1987-ին վերադարձավ իր վերջին կալանքից։ 1981թ. սեպտեմբերի 18-ին ճանաչվել էր «հանցավոր» ՀՍՍՀ քրօրենսգրքի 65 հոդվածի 2-րդ մասով, 67 հոդվածով եւ ենթարկվել ազատազրկման 8 տարի ժամանակով եւ աքսորով՝ 3 տարի ժամանակով։ «Նրան միաժամանակ ճանաչելով առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ, սահմանված պատժի առաջին 3 տարին թողնվել էր կրելու բանտային ռեժիմով, իսկ մնացած մասը՝ հատուկ ռեժիմի ուղղիչ-աշխատանքային գաղութներում»։ Վերադարձավ եւ ՀՀ ԳԴ նախագահության 1990թ. օգոստոսի 13-ի որոշմամբ ԳԴ քրեական գործերի դատական կոլեգիայի 1970թ. փետրվարի 23-ի, 1974թ. օգոստոսի 30-ի եւ 1981թ. սեպտեմբերի 18-ի դատավճիռները բեկանվեցին եւ գործերը կարճվեցին հանցակազմի բացակայության պատճառով։ Ա. Նավասարդյանն արդարացվել էր այլեւս եւ սակայն նախկին (ինչպես ընդունված է ասել) քաղբանտարկյալը (որը 12 եւ ավելի տարի եղել է ազատազրկման վայրերում) նվիրվեց Անկախության բանակի ստեղծմանը, որի շտաբը գտնվում էր Ճարտարապետի տանը։ Աշոտի կողքին էր շտաբի պետ Լեոնիդ Ազգալդյանը, ջոկատի հրամանատար Արթուր Մալխասյանը։

«Անկախության բանակի մարտիկը պետք է ասպետ լինի ամենուր՝ կենցաղում, կյանքում եւ անգամ մարտում…»։ Անկախության բանակի ամենամեծ փորձությունը Երասխն էր։ Աշոտն ասում էր. «Մենք ուզում ենք, որ զինվորը պայքարի ոչ թե վրիժառությունից դրդված, այլ հանուն պետության, որ նա լինի գիտակից զինվոր, քաղաքացի զինվոր»։ Երբ դարձյալ իմ առջեւ Աշոտն է պատկերանում, չեմ կարող կասկածանքով չհարցնել այսօրվա հանրապետականներին, որոնց ձեռքերը հայրենիքի վտանգի պահին չեն շոշափել անգամ զենք ու զինամթերք, ի զորո՞ւ են հասկանալու իրենց հիմնադիրի դասերը… «Հիշում եմ՝ Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ ինչպես էին հանրապետականները նշում ազգային տոները։ Ոչ մի տոն նրա մահվանից հետո չի նշվել»,- մեր զրույցներից մեկի ժամանակ ցավով նշեց նրա կինը՝ Հասմիկ Նավասարդյանը (թեեւ ես մի տոնի մասնակցել եմ նրա մահվանից հետո՝ ուխտագնացություն դեպի Արշակունյաց դամբարաններ- Ռ. Մ.)։ Սակայն ցավալին միայն դա չէ. այսօր Նավասարդյանների շառավղից եւ ոչ մեկը չկա Հանրապետական կուսակցությունում։ Իսկ անցյալ դեկտեմբերի 20-ի ՀԿ 4-րդ համագումարի խոստումները ընդամենը… խոստումներ մնացին. չանվանակոչվեց Ա. Նավասարդյանի անունով որեւէ փողոց, չհրատարակվեց որեւէ գիրք, չօժանդակվեց բացելու… թանգարան։ «Իմ թերություններից մեկն էլ այն է, որ չեմ խաբում։ Խաբելն ինձ հակացուցված է»,- ի պատասխան վերոթվարկյալի, կասեր Աշոտը։

Թե ինչու այսօրվա խոսքս ինչ-որ ուրիշ ստացվեց, կարծում եմ, ինձ Աշոտը կհասկանա…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930