Նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված համընդհանուր դժգոհությունը՝ հատկապես վերջին շրջանում ամփոփվում է մե՛կ ՀԴՄ-ների ներդրման, մե՛կ ուսանողների կրթաթոշակների ուշացման դեմ, մե՛կ փախստականների կամ մարզկենտրոններում կազմակերպվող հանրահավաքներում ու ցույցերում։ Այս ամենը, ինչպես երեւում է, սկսում է լրջորեն նյարդայնացնել իշխանություններին։ Հասարակության դժգոհ խավի ըմբոստությունն, ի վերջո, առարկայացավ մասնավորապես Արկադի Վարդանյանի հրավիրած հանրահավաքում։ Ավելի քան տասնյակ հազար մարդ, որ հավաքվել էր Ազատության հրապարակում, խաղաղ երթով ուղղվել էր դեպի նախագահի նստավայր՝ ներկայացնելու նախագահի հրաժարականի իր պահանջը։
Այս ամենն, անշուշտ, հիշեցնում է մեր ոչ վաղ անցյալը։ Այսպիսի հանրահավաքներ ու երթեր կազմակերպվում էին դեռ առաջին նախագահի օրոք, երբ անգամ նախագահի խրտվիլակն էր այրվում կամ սեւ դրոշներով երթ էր կազմակերպվում: Լինում էին դեպքեր, երբ մի քանի նախկին ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքներում հավաքվածների «դաբրոյով» դիմում կամ պահանջ էին գրում ու երթով հասնում նախագահական շենք։
Այդպես եղավ նաեւ 96-ի սեպտեմբերի մի քանի օրերի ընթացքում։ Դա մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքն է։ Այլ օրենքներով ու Սահմանադրությամբ է առաջնորդվում այսօրվա նախագահը: Ասենք, նրա համար Սահմանադրություն ոտնահարելն այլեւս դժվարություն չի ներկայացնում. դժվարն առաջին անգամն էր։ Վերջինիս համար Սահմանադրությամբ նախատեսված 26 հոդվածը՝ «Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք», հավանաբար, հնացած ու ժողովրդավարության հետ ամենեւին կապ չունեցող կատեգորիա է։
Երկրի հիմնական օրենքի այս հոդվածի մեկնաբանության մեջ նշված է. «Հոդվածը վերարտադրում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի 21 հոդվածների համառոտ բովանդակությունը»։ Հատկանշականն այն է, որ ի տարբերություն այլ դեպքերի, Սահմանադրության այս հոդվածում նշված չէ, որ քաղաքացիների հիշյալ իրավունքը սահմանվում կամ կանոնակարգվում է որեւէ այլ օրենքով։ Թեեւ ցանկացած դեպքում, ինչպես միշտ, Սահմանադրությունը որեւէ օրենքի նկատմամբ գերակայող է։ Ասել է թե, մեր համաքաղաքացիները հանրահավաքին եւ երթին մասնակցելով որեւէ օրինախախտում թույլ չեն տվել։ Բոլոր այն մեծ ու փոքր պաշտոնյաներն, ովքեր հանդգնում են խոսել օրենքի անունից եւ ապացուցել, թե պետք է հարգվեն երկրի օրենքները, կոնկրետ դեպքում, պարզապես դեմագոգիայով են զբաղված եւ ասում են այն, ինչ տվյալ պահին հարմար է իրենց քիմքին։ Ավելին, սկզբունքորեն ՀՀ քաղաքացիներն անգամ իրավունք ունեն չարտոնված, բայց խաղաղ հանրահավաքներ ու երթեր կազմակերպել, իսկ քաղաքապետարանի արտոնությունը ստանալու միակ առավելությունն այն է, որ զանգվածային միջոցառման կազմակերպիչները, ի դեմս իրավապահ մարմինների, կարող են օժանդակություն ստանալ՝ միջոցառումն առանց հասարակական կարգի խախտման ու միջադեպերի անցկացնելու իմաստով։
Կարդացեք նաև
Այն, ինչ տեղի ունեցավ Արկադի Վարդանյանի հրավիրած հանրահավաքի արդյունքում՝ արդարացիորեն վրդովմունք առաջացրեց։ Այս մասշտաբի ձերբակալություններ վերջին անգամ եղել էին, թերեւս, միայն 96-ի սեպտեմբերի 26-ին եւ դրան հաջորդած մեկ-երկու օրերի ընթացքում, երբ հնարավոր էր Երեւանի փողոցներում կանգնած տանկերի ու զինվորականների ճնշման տակ մարդաորս իրականացնել։ Այսօր լռում կամ նախագահի անօրինական որոշումներին կանաչ ճանապարհ են տալիս նախկին եւ ժողովրդավար հորջորջվող այն կուսակցություններն ու նրանց առաջնորդները, որոնց ժամանակին փորձում էին ճիշտ այս մեթոդներով լռեցնել։
Ցավոք, հնարավոր չեղավ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ պարոն Հայրիկյանին հարցնել, թե արդյոք այն ժամանակ, երբ ԱԻՄ-ի կազմակերպած հանրահավաքների ժամանակ կամ դրանից հետո ՆԳՆ 6-րդ վարչությունը ձերբակալում էր իր կուսակիցներին ու առգրավում էր ԱԻՄ-ի շարժական գույքը, նույնը չէ՞ր արդյոք օրենքը ցիտող իշխանությունների պարզաբանումը։ Այլ կլիներ, եթե խուճապահար ու դյուրագրգիռ իշխանությունները զանգվածային ձերբակալությունները ու իրավապահների խուլիգանական արարքները (օրինակը Արկադի Վարդանյանի բնակարանի ու «21-րդ դար միջազգային անկախ ասոցիացիայի» գրասենյակի ջարդուփշուր արած ապակիները) թաքցնելու կամ կատարվածի անհեթեթ պատճառաբանություններ փնտրելու փոխարեն պարզապես հայտարարեին, որ Արկադի Վարդանյանն ու միայն նա պարզապես իրավունք չունի օգտվել ՀՀ Սահմանադրության 26 հոդվածով վերապահված իրավունքից այն պատճառով, որ վերջինս վերապահված է միայն ՀՀ եւ ոչ թե այլ պետության քաղաքացիներին։
Ոմանք կես կատակ-կես լուրջ ասում են, թե նախագահ Քոչարյանի ու նրա թիմակիցների վախը չափել է պետք։ Ու եթե վերջիններս, իրոք, վախեցել են ու հուսահատությունից սկսել նույնիսկ հանրահավաքում ելույթ ունեցողներին ձերբակալել՝ նշանակում է նրանց վիճակն իսկապես լուրջ է։ Այլ բան, որ ձերբակալություններով ժողովրդին կարելի է ոչ թե զսպել կամ վախեցնել, այլ էլ ավելի զայրացնել։ Իսկ ինչպես հայտնի է՝ ամենավտանգավորը զայրացած միտինգավորն է. նա միտինգ է անում ամեն օր։
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ