Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 03,2000 00:00

«Պարո՛ն պրեզիդենտ, դու պատերազմում ես քո ազգի դեմ» Դերասան Կարեն Ջանիբեկյանը Սպանդարյանի ՆԳ քննչական բաժանմունքում մոտավորապես 2 օր մնալուց հետո տանը քնած էր, երբ «Առավոտը» այցելեց նրան։ Մեր առաջին իսկ հիշեցումը նրա՝ Ռ. Քոչարյանի նախընտրական հոլովակում նկարահանվելու մասին, պրն Ջանիբեկյանին ստիպեց վառել ծխախոտը. «Այո՜, ափսոս, հազա՛ր ափսոս։ Բայց ախր ես չէի սպասում, որ աղվեսն իր պոչը կբերի։ Կարծում էի, որ Ռ. Քոչարյանով պիտի գա ՀՀՇ-ի վերջը։ Ես հավատում էի նրա խոսքերին, թե՝ ժողովուրդ, քեզ սիրում եմ։ Տղամարդու հոտ էր գալիս էդ տղայից։ Պարզվեց՝ հակառակը։ Ես նույնիսկ Դեմիրճյանին դեմ գնացի, անգամ կնոջս խնդրեցի, որ ընտրի Քոչարյանին։ Եվ ես հիմա օրենքի շրջանակներում ամեն ինչ պիտի անեմ, որ ուղղեմ սխալս»։ – Կարծում եք՝ սխալն ուղղելու ամենակարճ ճանապարհն Արկադի Վարդանյանին միանա՞լն է։ – Ա՛յ մարդ, կուզի Վարդանյանը լինի, կուզի Գեղամյանը լինի, կուզի Պողոսը լինի, ինձ համար միեւնույն է։ Միայն թե այդ մարդը չլինի։ Եթե իշխանությունը չի կարող ժողովրդին կառավարել, իսկ ժողովուրդն էլ չի ուզում կառավարվել, իշխանությունը պետք է հեռանա։ – Եթե չեմ սխալվում, Ձեզ միտինգից հետո կալանավորման ժամանակ ՆԳ աշխատակիցները ձերբակալման սանկցիա, որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ – Երեկոյան 8 անց էր 30, լավ էր գոնե մի կտոր հաց էի կերել։ Եկան մոտ 5 հոգով։ Շունս ամեն ինչ արդեն զգացել էր, եւ եթե ես շանս բաց թողնեի, հինգին էլ կուտեր։ Շատ բարեհամբույր ինձ ասացին, որ Սպանդարյանի ՆԳ բաժնի պետն ուզում է ինձ հետ 20 րոպեով զրուցել։ Ասացի, որ չեմ հավատում, եթե ուզում եք ինձ ձերբակալել, սանկցիան ներկայացրեք՝ գամ։ Սանկցիա, հասկանալի է, չունեին։ Սա խախտում էր, բայց խախտումը սկսվել էր այն ժամանակ, որ դեռեւս ամսի 25-ին եկան Արկադիի մոտ ու ասացին, թե վարչապետը հրավիրում է զրույցի։ Ամեն ինչ անում էին, որ արտոնված միտինգը տեղի չունենա։ Մի խոսքով, ինձ տարան միլիցիա, սկսեցին երեսիս ժպտալ եւ սպասել, թե ինչ կկարգադրի պարոն պրեզիդենտը։ Ինձ համոզում էին, որ Ա. Վարդանյանն ո՞վ է՝ երկու անգամ դատված մեկն է։ – Պրն Ջանիբեկյան, ի դեպ, ի՞նչն է Ձեզ կապում Ա. Վարդանյանի հետ։ Արդյո՞ք նրա կողքին լինելու համար Ձեզ վճարում են։ – Արկադի Վարդանյանից ես մինչ օրս մեկ լումա չեմ ստացել։ Ինչեւէ։ Բաժանմունքում Կ. Ջանիբեկյանի դեմ գործ են հարուցել զազրախոսության համար։ «Ասացի՝ հո՛պ, ես պահանջել եմ միայն նախագահի հրաժարականը։ Տեսնել էր պետք, թե միտինգի օրը ինչպես էր նախագահի նստավայրը պաշտպանված եռաշարք ոստիկաններով, ջուր լցնող մեքենաներով։ Ապշում էի, եթե քո ժողովրդին ուզում ես դուբինկաներով ծեծել, ապա թքել եմ քո նախընտրական խոսքերի վրա, որոնց ես հավատացել եմ։ Գիտեք, պատերազմի ժամանակ խորամանկել կարելի է, բայց չէ՞ որ դու քո ազգի հետ ես պատերազմում, պարոն պրեզիդենտ։ Հետո գիտե՞ք ինչ, նա խոսել չգիտի։ Նրա վրա չեն աշխատել։ Թող գա, թատերական ինստիտուտում բեմական խոսք անցնի, Սոս Սարգսյանը նրան կարող է շատ լավ դասավանդել, որ նա կարողանա խոսել, ոչ թե ինչ-որ գողական ձեւով բաներ ասել։ Շա՜տ տգեղ է»։ Կարեն Ջանիբեկյանի հետ բաժանմունք էին տարվել նաեւ վարորդները, Ա. Վարդանյանի թիկնապահը. «Հիմա ես ո՞նց չասեմ, որ մենք բռնատիրական երկրում ենք ապրում»։ – Պարոն Ջանիբեկյան, Ձեզ բաց թողեցին Ձեր անձի հանդեպ ունեցած հարգանքը հաշվի առնելո՞վ։ – Չէ՜, Վիգեն Չալդրանյանն ահազանգեց ամեն տեղ։ Իմ արվեստագետ ընկերները նամակ պատրաստեցին մամուլի համար, պարզապես դա չեղավ, քանի որ ինձ արդեն բաց թողեցին։ Պատրաստեց ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ Հ. Գ. Կարեն Ջանիբեկյանին անչափ զայրացրել էր կառավարության աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Մանուկյանի հեռուստաելույթը՝ ընդդեմ Ա. Վարդանյանի. «Երբ այդ մարդն Արկադի Վարդանյանի մասին ասում է «դուրսպրծուկ»։ Տո գորտնո՛ւկ, ինչո՞ւ ես ասում «դուրսպրծուկ», ո՞վ է քեզ իրավունք տվել։ Ասում է՝ ես էլ շատ փող ունեմ։ Բայց դուք փողերը ցույց չեք տալիս, դուք միայն լափում եք, ո՞նց եք դուք էդ հարամ փողն ուտում։ Առանց սկզբունքի մարդիկ են, դրանց բոլորին կարելի է առնել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել