Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 03,2000 00:00

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է՝ ԱԳՐԵՍԻՎ ԵՎ ՀԱՅՀՈՅԱԽԱՌՆ Բաց նամակ օլիգարխ Հրանտ Վարդանյանին Մեծարգո պրն Վարդանյան: Հանձնվում եմ. «Առավոտի» խմբագրականը, որը ձեզ այնքան զայրացրել է (ինչպես նաեւ գրեթե բոլոր մնացած խմբագրականները), գրել եմ ես: Հուսով եմ, դուք կհասկանաք, թե ինչու եմ դիմել կյանքիս համար վտանգ ներկայացնող այդ քայլին: Ես հույս ունեմ հաղթելու քաղաքական պաստառի ձեր հայտարարած մրցույթում՝ «դեղին մամուլ» բաժնով: Որպես, ձեր բնութագրմամբ, «ծախու լրագրող», չէի կարող շրջանցել այդ համով պատառը: Անհամեստությանս համար ինձ կներեք, բայց կարծում եմ, որ արժանի եմ այդ մրցանակին, քանի որ հենց իմ դեմքը պետք է երեւա «դեղին մամուլը» մարմնավորող պաստառում՝ տես լուսանկարը: Հավանաբար, դուք չեք վիճարկի, որ իմ խմբագրականին ձեր սիրալիր պատասխանով տվեցիք լավագույն երաշխավորագիրը՝ կոչելով ինձ թուրք, որը վայրահաչում է այն պատճառով, որ դուք վերջապես փրկեցիք Հայաստանը պարսկական, թուրքական, ռուսական եւ գերմանական անորակ կոնֆետներից: Ավելին, դուք խոստացել եք, որ կգա այն օրը, երբ դուք ինձ եւ իմ նմաններին դուրս կշպրտեք Հայրենիքից, որի տերը, չեմ կասկածում, դուք եք եւ ձեր նմանները: Մեծապատիվ տեր իմ: Եթե ձեզ բավարար չէ այն, ինչ ես գրել եմ ձեր կոնֆետների մասին, որոնց որոշ տեսակներ (շարունակում եմ պնդել) նույն համն ունեն, ապա ավելացնեմ, որ ձեր մակարոնն ու վերմիշելը զգալիորեն զիջում են իտալականներին, քանի որ եփվելուց կպնում են իրար եւ ընդհանրապես բանի պետք չեն: Ուզո՞ւմ եք, ասեմ նաեւ ձեր սիգարետի մասին. վերջին ժամանակներս դրանց որակն ահավոր ընկել է, իսկ գինն ամենեւին չի համապատասխանում այդ ցածր որակին, եւ արտասահմանյան այդ կարգի սիգարետների հետ ձեր արտադրած ծխախոտը չի կարող մրցակցել: Եթե դա էլ է քիչ «դեղին մամուլ» մարմնավորելու համար, ապա ասեմ, որ «Լույս» միավորումը, որը երկրի իրական տերերը նվիրել են ձեզ, դուք չեք կարողանա աշխատեցնել, եւ նույնիսկ աշխատեցնելու դեպքում, դուք ճիշտ նույն ձեւով խաբելու եք սպառողին, ինչպես դա անում եք այլ արտադրատեսակների դեպքում: Հուսով եմ, որ այսքանից հետո մրցույթի հաղթողի մասին հարցեր չեն ծագի: Ես գիտեմ, թե ինչ ճակատագիր է ինձ սպասում ապագայում: Ինքներդ եք ձեր պատասխանում խոստացել, որ ես իմ սեւ գործը չեմ հասցնի ավարտին: Դուք չեք թողնի, որովհետեւ դուք այս երկրի տերն եք եւ կարող եք անել այն, ինչ կամենաք: Հետեւաբար, ճիշտը միշտ դուք եք, ոչ թե նրանք, ովքեր պետք է սպառեն ձեր արտադրանքը: Իսկ ում ինչ-որ բան դուր չի գալիս ձեր արտադրանքում, նրանք, ըստ ձեր նամակի, թուրք են, ստոր են եւ տականք: Միայն թե խնդրում եմ պահպանել կյանքս եւ, ինչպես դուք խոստացել եք, սահմանափակվել ինձ Հայրենիքից դուրս շպրտելով: Ձեր տված մրցանակով ես պատրաստվում եմ ծխել բացառապես «Մարլբորո» եւ երեխաներիս համար առնել միայն «Մարս» ու «Սնիկերս»: ԳԵՆՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել