Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 03,2000 00:00

«ՈՉ ՄԻ ԱՊԱԿԻ ԷԼ ՉԻ ԿՈՏՐՎԵԼ» Ասում է ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպիսին էր Ռ. Քոչարյանի արձագանքը Արկադի Վարդանյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ նրա հրաժարականը պահանջող կոչերին, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը ասաց. «Չեմ կասկածում, որ շատ լավ գիտեք, թե նմանատիպ գործիչների կամ այդ եղանակով արտահայտված եւ այդպես «հիմնավորված» կոչերին ինչպիսին կարող էր լինել Ռոբերտ Քոչարյանի արձագանքը»։ Ինչ-որ ճիշտ է, ճիշտ է, իրոք «շատ լավ» գիտեինք։ Եվ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, չափազանց համահունչ շարունակությունն է նրա, ինչ կատարվում էր երեկ։ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը Արկադի Վարդանյանի եւ նրա շուրջ ծագած այս ամբողջ աղմուկի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով ասաց. «Ովքեր կազմակերպել են այդ անօրինականությունները եւ ակտիվ մասնակցություն են ունեցել, օրենքի համաձայն նրանք պատասխանատվության են ենթարկվում»։ Մեր հարցին՝ ինչո՞ւ են ՆԳ աշխատակիցները այդ բանը ուժային մեթոդներով կատարում, չի՞ կարելի ավելի քաղաքակիրթ ձեւեր ընտրել աշխատանքի համար, այսինքն՝ ապակիներ չկոտրել եւ այլն, պատասխանեց. «Նման բան չի կատարվել, դա բամբասանք է։ Ոչ մի ապակի էլ չի կոտրվել։ Արկադի Վարդանյանին բերման ենթարկելու պահին նա փորձել է փախուստի դիմել, նա հավաքել է իր գլխին հարեւաններին եւ մի քանի երիտասարդների, որոնց մշտական պահում է իր մոտ որպես թիկնապահներ, այսպես կոչված, որոնք էլ փորձել են խոչընդոտել նրան բերման ենթարկել, արհեստական քաշքշուկ է առաջացել եւ միգուցե հենց այդ ընթացքում նաեւ նրանց կողմից են ապակիներ կոտրվել։ Այդ հարցերը պարզաբանվում են»։ Այսօր հրապարակի վրա է այն մտայնությունը, որ իշխանություններն այսպես վարվելով, ակնհայտորեն կարեւորելով Արկադի Վարդանյանի անձը եւ նրա գործողությունները, իրենց ձեռքով վերջինիս «հերոս» են դարձնում։ Թեպետ այսօր շատերն են այդպես կարծում, բայց ՆԳ նախարարն, օրինակ, այլ կարծիքի է. «Միայն տհասները կարող են նրան հերոս անվանել։ Դուք ինքներդ գիտակցեք՝ ի՞նչ էր նրան պետք։ Նա իրեն կոչում էր, այսպես ասած, ապագա նախագահ, նախընտրական արշավ էր սկսել։ Արդյո՞ք նրա նպատակը նախագահ դառնալն էր։ Իհարկե՝ ոչ։ Նա նախագահ չէր կարող դառնալ, ինքն էլ լավ գիտակցում էր, որ դա հակասում է Սահմանադրությանը։ Նրա նպատակը դա չէր, նրա նպատակը հանրապետությունում խառնաշփոթ իրավիճակի ստեղծումն էր։ Այդ երթն էլ ցույց տվեց, որ նրա նպատակը դա էր։ Ես ավելին եմ ուզում ասել՝ երթի ժամանակ, մի քանի ելույթներից հետո երկու անձնավորություն լիազորվում են ներկայանալ նախագահի նստավայր եւ նախագահին ուլտիմատում են դնում, որ՝ տեսեք, ժողովուրդը սպասում է ձեր հրաժարականին, մենք չենք գնում, փոխանցեք նախագահին, եւ սպասում ենք պատասխանին»։ ՆԳ նախարարի կարծիքով, սա ուլտիմատում է, եւ 65 հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցումը սարերի ետեւում չէ, թեպետ նախարարն ասաց, թե դա քննությունը կպարզի, բայց եւ նրա ասելով՝ «հանցակազմեր կան»։ Արկադի Վարդանյանի թիկնապահ Արսեն Ավետյանի ձերբակալությունը ՆԳ նախարարը բացատրեց հետեւյալ կերպ. «Նա երթի ակտիվ մասնակից է եղել եւ իրեն լավ չի դրսեւորել, նաեւ նրա մոտ, թեւի տակին զենք է ֆիքսվել։ Երեկ պարզվել է, որ դա զենքի նմանվող օդամղիչ ատրճանակ է»։ Այսպես թե այնպես, Արկադի Վարդանյանի նկատմամբ նույն միջոցառումները կկիրառվեին նաեւ այն դեպքում, եթե վերջինս նախագահի հրաժարականի մասին ոչ մի պահանջ չներկայացներ։ Ինչո՞ւ. «Քանի որ նա զգուշացվել էր մի քանի անգամ եւ ինքն էլ խոստացել էր, որ երթ չի լինելու եւ, անսպասելի, ամբողջ Երեւան քաղաքի երթեւեկությունը խանգարվեց, քանի որ երթի սպասելիքներ չկային։ Եթե դա նախապես լիներ, պետավտոտեսչությունն իր պարտականությունները կատարելու համար կծրագրավորեր դա»։ Ասում են, թե Արկադի Վարդանյանի թիկունքին Բորիս Բերեզովսկին է։ ՆԳ նախարարն այս մասին ոչինչ չգիտեր։ Իսկ Հայաստանում ՌԴ դեսպանատունը որեւէ կերպ արձագանքե՞լ է իր քաղաքացու նկատմամբ կիրառվող ուժային մեթոդներին։ Ոչ մի արձագանք, ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը հարկ համարեց նշել նաեւ, որ «ՌԴ դեսպանի խոսքերի համաձայն, իրենք էլ էին ժամանակին Արկադի Վարդանյանին մի քանի անգամ զգուշացրել, որ նա չթույլատրվող արարքներ է թույլ տալիս»։ Պրն Հարությունյանի խոսքից հասկացանք, որ Արկադի Վարդանյանը վաղուց է իշխանություններին նյարդայնացնում. «Նա երկու ամսվա ընթացքում այցելում էր տարբեր շրջաններ, առանց նախազգուշացման, կարելի է ասել՝ գաղտնի հանդիպումներ էր կազմակերպում»։ Նախարարի ասելով՝ Արկադի Վարդանյանին զգուշացրել են այս ամենի մասին։ Իսկ հոկտեմբերի 30-ի հանրահավաքի օրը՝ լինելով ՆԳ քաղաքային վարչությունում «խոստացել է, որ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակներում։ Բայց նա չկատարեց իր խոստումը»։ Նախախնամության, թե պատահականության բերումով, ՆԳ նախարարի հետ հարցազրույցը ձայնագրվել է նույն ժապավենի վրա, որի վրա ձայնագրվել էր հոկտեմբերի 30-ին Արկադի Վարդանյանի ելույթի հետեւյալ մասը. «Նա մեզ հավասարեցնում էր մոսկաների եւ այլ խայտառակ անուններ էր շպրտում ժողովրդի մեջ։ Այսօր մենք նրան բոլոր պատասխանները տվեցինք հստակ ձայնով եւ վճռականությամբ։ Մենք իրեն ապացուցեցինք, որ չենք վախենում իրենից եւ ապացուցեինք իրեն, որ ինքն է մեզանից վախենում։ Այլապես դուրս կգար եւ կպատասխաներ իր կուսակցությանը (չակերտավոր), իր ժողովրդին»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել