Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 02,2000 00:00

ԽՃԱՆԿԱՐ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՎԻՇՏԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ Է Շուրջ երկու ամիս առաջ կառավարությունը երաշտից տուժած գյուղացիների համար միջազգային օժանդակություն խնդրեց, որին մի շարք երկրներ անմիջապես արձագանքեցին եւ որոնց ներկայացուցիչները ԱԺ-ի կազմակերպած լսումներին անձամբ ներկա գտնվեցին։ Այս երկրների թվում, անշուշտ, իր ուրույն դերն ուներ ԱՄՆ-ը, որը հանձն առավ մեր երկրին տրամադրել շուրջ 60.000 տոննա ցորեն՝ ճի՛շտ է, դեռ շատ վաղուց պայմանավորված դրամաշնորհի կարգով։ Որպեսզի բոլորը կարողանան օգտվել տրամադրվող օգնությունից, կառավարությունը որոշել էր գյուղատնտեսության նախարարությունում ստեղծել մրցութային հանձնաժողով, որը զբաղվեր եղած ապրանքը աճուրդի հանող ընկերության որոշմամբ։ Ըստ պետական գնումների մասին օրենքի՝ այդպիսի մրցույթների կարող է մասնակցել միայն համապատասխան լիցենզիա ունեցող եւ որեւէ բյուջետային պարտքուպահանջ չունեցող ընկերություն։ Ուստի, երբ բավականին ուշացումով մրցույթը վերջապես տեղի ունեցավ, ընտրվեց վերը նշված պահանջներին համապատասխանող «Ադամանդ» ապրանքային բորսան։ Սա, ակնհայտորեն, դուր չի եկել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Լեւոն Բարխուդարյանին, որը, խախտելով պետական գնումների մասին օրենքը, նամակ է ուղարկել գյուղատնտեսության նախարարություն՝ խնդրելով չեղյալ համարել մրցույթի արդյունքները, նոր մրցույթ անցկացնել եւ անպայման ընդգրկել «Հայհացահատիկ» ընկերությանը, որը բավականին պարտքեր ունի։ Ի դեպ, «Ադամանդ» ապրանքային բորսայի նախագահ Գրիշա Վարդիկյանը նշեց, թե նախարարը իր քայլը բացատրել է այն հանգամանքով, թե ընկերությունը կարող է պարտք ունենա, բայց ազատ միջոցներ ունենա, բացի այդ՝ իրենք իբր առաջնորդվել են ցածր գնանշմամբ աճուրդ անցկացնելու՝ օրենքի ընձեռած հնարավորությունից։ Նկատենք, որ օրենքն իսկապես թույլատրում է ցածր գնանշման դեպքում հաղթող ճանաչել, սակայն այդ դեպքում նա պիտի նախ լիցենզիա ունենա, որը «Հայհացահատիկը» չունի, պիտի կանխավ մրցույթ անցկացված չլինի եւ, վերջապես, հատկապես բյուջեի ճեղքվածքի պարագայում, տրամաբանակա՞ն է արդյոք, որ որեւէ մեկը ազատ միջոցներ ունենա եւ իր պարտքերը փակելու փոխարեն անօրինակ կերպով մրցույթին մասնակցի։ Հենց այս նկատառումից ելնելով էլ բորսայի նախագահը եւ մեկ այլ՝ «ՖԷՆ» պետական գործակալության տնօրեն Ս. Կռոյանը բաց նամակ են հղում մրցութային հանձնաժողովին՝ հրաժարվելով անօրինական մրցույթին մասնակցելուց։ Այս մասին, ի դեպ, ոչ միայն մրցույթի մասնակիցներն են նշում, այլեւ հարցին բավականին քաջատեղյակ ԱԺ պատգամավորներ Գագիկ Խաչատրյանն ու Գագիկ Ոսկանյանը՝ «Միասնություն» դաշինքից։ Ըստ նրանց, դեսպանի խորհրդականը նաեւ սպառնացել է, թե եթե «Հայհացահատիկին» կառավարությունը հաղթող չճանաչի, այլեւս որեւէ օգնություն ԱՄՆ-ը մեզ չի տրամադրի։ Իսկ սա բացատրվել է այն հանգամանքով, որ իբր «Հայհացահատիկի» մասնագետները վերապատրաստվել են ԱՄՆ-ում, հրաշալիորեն տիրապետում են աճուրդ անցկացնելու արվեստին եւ իրենք միայն նրանց են վստահում իրենց տրամադրած օգնության վերաբաշխման առաքելությունը։ ԳՈՀԱՐ ՍԻՄՈՆՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՒՍԵԼՈՒՄ Մինչ այլ ամբաստանյալներ իրենց վերջին խոսքում դատավորների գութն են հայցում կամ ուղղվելու խոստումներ տալիս, Աշոտ Բլեյանը վերջին դատական նիստը նվիրեց իր մեկուկեսամյա դիտարկումների ամփոփմանը: Արդարադատության համակարգի պերճանքն ու թշվառությունը սեփական մաշկի վրա զգացած ամբաստանյալը, սակայն, առաջնորդվում է ոչ միայն սեփական օրինակով, այլեւ ուսումնասիրել է բազում քրեական գործեր: «Օրգանը դատարկում է Հայաստանը: Քրեական դատավարություն կոչվող միջոցառումներով քննիչների, դատախազների, մեղադրողների, դատավորների, սրանց սպասարկող փորձագետների, ստուգողների, մասնագետների ու ծառայություններում ընդգրկված անձանց մեծ խումբ գիշեր ու զօր գործում են քաղաքացու ու պետության շահերին հակառակ՝ անտեսելով քրեական դատավարության օրենսդրության խնդիրները: Հայաստանում դատարանները արդարադատություն չեն իրականացնում-արտակարգ են: Սրանք մինչդատական վարույթում կատարում են քննիչ- դատախազների հանձնարարությունները՝ բարեխիղճ ձեւակերպում են խուզարկությունը, կալանքը, մեղադրյալին բժշկական հաստատությունում տեղավորումը, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքի սահմանափակումը: Դատախազությունները գործում են որպես արտակարգ դատարաններ, ընդդեմ Հայաստանի Հանրապետության, գտնվելով դատական հսկողությունից դուրս, անօրինական գործելակերպի համար չվախենալով գլխավոր դատախազից: Դատախազությունները ցանկացած առիթով ու հիմքով առանց քրեական հետապնդման օրենքով որոշված հիմքերի, անտեսելով դատավարական վարույթի միասնական կարգը, յուրաքանչյուրն ըստ իր իմացության եւ սովորույթի, անժամկետ-անսահման քրեական հետապնդում են իրականացնում, դատավարական վարույթով ձեւակերպում իրենց իրականացրած ու որոշած պատիժները: Մինչդատական ու դատական վարույթները հեռավոր ու պատահական աղերսներ ունեն քրեական օրենսդրության սկզբունքների հետ, չեն խարսխվում օրինականության, օրենքի առջեւ հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքների վրա: Դատախազ- մեղադրողները բացահայտ ու համատարած կարդում ու պահանջում են պատժի ժամկետներ ու եղանակներ, որոնք համարյա նույնությամբ դրվում են դատավճռի հիմքում, դատական քննության ընթացքում արարքների վերաորակումով փրկում կամ անիմաստ դարձնում մինչդատական վարույթները: Անմեղության կանխավարկածի սկզբունքը քրեական դատավարությունում չի հարգվում ու չի պահպանվում: Նախաքննության մարմինները, դատախազները օրինականության թշնամիներն են, իրենց կամայական ու անպատասխանատու գործելակերպով թույլ չեն տալիս, որ կայանա փաստաբանի ինստիտուտը, խոչընդոտում են դատավարության մասնակից անձանց օրինապահությունը եւ իրավական գրագիտությունը: Մասսայաբար ճիշտ չի կիրառվում ՀՀ քրեական օրենքը, քննիչ- դատախազները դատավարական օրենսգրքով որոշած իմաստով ու իրենց տառացի նշանակությամբ չեն օգտագործում քրեական օրենսգրքում տեղ գտած հիմնական հասկացությունները (դեպք,կողմ, մեղադրանք, վնաս, հանցագործություն, տուժող): Հանցագործության քրեական օրենսգրքով նախատեսված հատկանիշները ոչ միայն հաճախ մնում են անապացույց, այլեւ մեղադրյալին մեղսագրված արարքում բացակայում են քր.օրենսդրությամբ որոշված հատկանիշները: Քաղաքացիա-իրավական հարաբերությունները համատարած քրեականացվում են: Քաղաքացին շատ հեշտ, առանց օրենքով որոշված հիմքի ու իրավական ընթացակարգի հայտնվում է քրեական դատավարություն կոչվող կարուսելում, որից դուրս է նետվում օտարված հասարակությունից, ընտանիքից ու չարացած հասարակության ու պետության դեմ, ոչնչացված որպես քաղաքացի: ՀՀ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարն ու վճռաբեկ դատարանի նախագահը (դատարանների նախագահների խորհրդի նախագահը) անձնական պատասխանատվություն են կրում այս վիճակի համար»: Ռ. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել