Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մշակութային Երեւան

Նոյեմբեր 02,2000 00:00
kamerayin

Կամերային երաժշտության տանը շարունակվում է Կամերային երաժշտության երեւանյան միջազգային փառատոնը, որը երաժշտասեր հասարակայնությանը ներկայացնում է ինչպես մեր հայրենակից առաջնակարգ երաժշտախմբերի եւ մենակատարների անզուգական կատարումները, այնպես էլ փառատոնի արտասահմանյան հյուրերի կատարողական արվեստը։

Բարի ավանդույթ է դարձել օտարերկրյա մեր բարեկամների օգնությունը հայ մշակույթին։ Օրերս Հայաստանում Գերմանիայի դեսպանատան երրորդ քարտուղար Սաբիլա Շմիդտը հանդիսավոր պայմաններում Սայաթ-Նովայի անվան դպրոցին հանձնեց Հեսսենի մշակութային ընկերության նվերը հայ պատանի երաժիշտներին՝ մեկ գալարափող։

Նվերը ընդունեց դպրոցի տնօրեն, ՀՀ վասատակավոր ուսուցիչ Պետրոս Հայկազյանը։ Իր շնորհակալական խոսքում նա նշեց, որ ավելի քան 10 տարի է, ինչ շարունակվում է երկու երկրների մշակութային օջախների միջեւ այս բարեկամությունը։ Այդ ընթացքում Հեսսենի ընկերությունը պարբերաբար դպրոցին տրամադրում է երաժշտական գործիքներ, պատյաններ, աղեղներ եւ այլն։

***

Փառատոնի աշնանային հատվածի բացումը կատարեց կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը, որը ունկնդրին ներկայացրեց Աստոր Պիացոլայի եւ Ագուստին Բարիոս Մանգորեի երաժշտական աշխարհը՝ իր կատարումներին բնորոշ ջերմությամբ, զգացողականությամբ ու կրքով։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Նարեկ» արական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ խմբավար՝ Մկրտիչ Մկրտչյան), որ նույնպես հանդես եկավ Երեւանյան միջազգային փառատոնի շրջանակներում, հանդիսատեսին հրամցրեց 5-12-րդ դարերի հայ հեղինակների երկերը, հատվածներ Մակար Եկմալյանի եւ Կոմիտասի պատարագներից։ Հատկապես հատկանշական էին «Նարեկ» երգչախմբի կոմիտասյան մեկնաբանությունները, որոնք վարդապետի ստեղծագործությունների ժողովածուի 8-րդ հատորի հրատարակությունից հետո հնչում էին առաջին անգամ։

Փառատոնի հյուրերն էին նաեւ ֆրանսիացի երաժիշտներ Կարին Կլեմանը (երգեհոն) եւ Իվլիզ Ժիրարը (տրոմբոն), որոնք հանդես եկան «Սերենադ» կամերային նվագախմբի ընկերակցությամբ՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։

Մենք ականատես եղանք միանգամից երկու անակնկալի՝ նախ կին տրոմբոնահարի ամեն օր չես հանդիպի հայրենական բեմում, եւ հաջորդն էլ՝ բավականին հետաքրքրական եւ անսովոր էր հնչում տրոմբոնի եւ երգեհոնի ինքնատիպ անսամբլը՝ իրենց գործի հմուտ գիտակներ Կարին Կլեմանի եւ Իվլիզ Ժիրարի անթերի կատարումներով, որոնց բնորոշ էր անսամբլի բացարձակ զգացողությունը, վարպետությունը եւ յուրաքանչյուր հնչյունի իմաստավորված մեկնաբանումը։

Հաջորդ երկու համերգները, որ կկայանան փառատոնի շրջանակներում՝ հայ հանդիսատեսին կներկայացնեն ջազի առաջնակարգ վարպետներ, կիթառահար Էնվեր Իզմայլովին եւ դաշնակահար Դանիիլ Կրամերին։

Եզակի այս երաժիշտների արվեստը լայն ճանաչում եւ համբավ է ձեռք բերել ողջ աշխարհում եւ շուտով շնորհիվ Նուշիկյան ասոցիացիայի, «Muse-Art» պրոդյուսերական կենտրոնի, «JAZZ-ART» ընկերության եւ N.A.B. Artists Managment Ltd-ի ջանքերի, մենք բացառիկ հնարավորություն կունենանք Երեւանում ունկնդրել այս մեծանուն երաժիշտներին։ Արվեստը, որը կներկայացնեն այս երկու երաժիշտները, կարելի է անվանել անսահման, համընդհանուր, մեդիտատիվ: Երաժշտություն, որը չի կարելի դասակարգել որեւէ ուղղության կամ ոճի, պարզապես սա ջազի ինքնատիպ աշխարհ է։ Վստահությամբ կարելի է ասել, որ Կամերային երաժշտության տանը կայանալիք այս համերգները (Էնվեր Իզմայլովի համերգը՝ նոյեմբերի 10-ին, իսկ Դանիիլ Կրամերի համերգը՝ նոյեմբերի 12-ին) մեզ կպարգեւեն բազմաթիվ հաճելի եւ անմոռանալի պահեր։

***

Կոմպոզիտոր Արեգ Լուսինյանի 1975թ. ստեղծած «Երաժշտական այբուբենը» բոլորին է հայտնի։ Այն հրատարակվեց 1985թ., բեմադրվեց եւ լայն կիրառում գտավ թե Հայաստանի եւ թե ողջ Սփյուռքի կրթական օջախներում, ընտանիքներում եւ այլուր։ 1986թ. Ա. Լուսինյանը ստեղծեց ռուսական «Поющая азбука»-ն։

Եվ ահա 2000 թվական եւ նոր հրաշք ձեռնարկ. «FIBEL IN LIEDER UND BILDER»՝ նկարազարդ երաժշտական այբուբեն գերմաներեն լեզվով։ Այս եզակի նախագիծը կոմպոզիտորն իրականացրել է լեզվաբան Արմինե Հովհաննիսյանի հետ միասին, որի գրչին էլ հենց պատկանում են գերմաներենի այբուբենի յուրաքանչյուր տառը ներկայացնող երգերը (բնականաբար՝ գերմաներեն լեզվով)։ «Անչափ պատասխանատու եւ միեւնույն ժամանակ անսահման հետաքրքիր աշխատանք էր սա ինձ համար,-պատմում է Արմինե Հովհաննիսյանը,-տառերն արդեն ինձ համար դարձել են կենդանի էակներ, եւ յուրաքանչյուր տառ ներկայացնելիս ես մի նոր կերպարի մեջ եմ մտնում, վերապրում եմ այդ զգացմունքները եւ արտահայտում դրանք թղթի վրա։ Չէ՞ որ այբուբենը նախատեսված է հիմնականում մանուկների համար եւ շատ կարեւոր է՝ հասկանալով երեխայի աշխարհընկալումը, բեւեռել նրա ուշադրությունը իր համար նոր եւ անծանոթ աշխարհին»։

Գերմանական կողմը անչափ հետաքրքրված է այս ձեռնարկով եւ, ամենայն հավանականությամբ, շուտով հայ մասնագետների հեղինակած գերմաներեն այս այբուբենը կտպագրվի Գերմանիայում։

ՆԱՐԵԿ Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930